Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը՝ տեխնիկական

Հունիս 16,2010 00:00

Երեկ լույս չեն տեսել «Ժամանակ» եւ «Հայք» թերթերը

Այդ առիթով «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորաբար, ասված է. «Ա-Մարկոսյան» տպարանն արդեն որերորդ անգամ դիտավորությամբ չի կատարում պայմանագրով ամրագրված իր պարտականությունները եւ առանց լուրջ հիմնավորման չի տպագրում «Ժամանակ» օրաթերթը»: Արման Բաբաջանյանը նաեւ հավելում է. «Առավոտից տպարանի տնօրինության հետ կապվելու եւ բացատրություն ստանալու մեր բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Ակնառու է, որ այս ամենում առկա է իշխանությունների մասնակցությունն ու ներգրավվածությունը: Վստահ ենք, որ «Ա-Մարկոսյան» տպարանը կատարում է իշխանությունների քաղաքական հրահանգը: Մեր ընթերցողներին խոստանում ենք, որ «Ժամանակը» իր տրամադրության տակ առկա բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ պարզելու է տպարանի ղեկավարության այս անպատասխանատու գործելաոճի արմատները, բացահայտելու է կատարվածի իրական պատճառը եւ ողջ եղելությունը ներկայացնելու է հանրությանը»: Միեւնույն ժամանակ տեղեկացնում են, որ թերթի հաջորդ համարում կտպագրվեն այն բոլոր նյութերը, որոնք կարող էին թերթը չտպագրելու պատճառ լինել: «Առավոտից» առանձնակի ջանքեր չպահանջվեցին «Ա-Մարկոսյան» տպարանի տնօրենի հետ կապվելու եւ պարզաբանումներ ստանալու համար:

Մեզ հետ զրույցում Արայիկ Մարկոսյանն ասաց, որ խնդիրն ընդամենը տեխնիկական է. «Նոր տպագրական մեքենա ենք բերել, եւ այս տարի արդեն մի քանի անգամ նման խնդիրներ եղան, բայց հոգ չէ, նոր տպարան է, ամեն ինչ կկարգավորվի»:

Հարցի քաղաքական մանրամասների մեջ խորամուխ լինելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան. «Այս տպարանում քաղաքական խնդիրներ չեն կարող լինել: Քաղաքում երեւի մեզանից շատ ընդդիմադիր տպարան չկա: Ես էլ ընդդիմության նկատմամբ շատ ավելի լավ եմ տրամադրված, քան կարելի է պատկերացնել»: Թե ինչո՞ւ էր «Ժամանակ» թերթի խմբագիրն իր հայտարարությամբ հարցին քաղաքական աստառ տվել, Արայիկ Մարկոսյանը դժվարացավ բացատրել, հայտարարության տեքստին էլ ծանոթ չէր: Միայն հավելեց, որ բացի ընդդիմադիր թերթերից, նաեւ Հայ ազգային կոնգրեսի՝ տպագրության ենթակա բոլոր նյութերն իրենց տպարանում են տպագրվում, հետեւաբար՝ քաղաքական ենթատեքստ չէր էլ կարող լինել: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչպե՞ս է, որ իրենք իշխանության կողմից ոտնձգությունների, քաղաքական ճնշումների չեն ենթարկվում. «Մի անգամ փորձեցին, վաղուցվա բան է, չեմ ուզում անդրադառնալ, բայց, փառք Աստծո, չի եղել: Ազնվորեն, ես նման խնդիր չունեմ: Պարզապես թղթի որակը լավը չէ, ու խնդիր առաջացավ: Ես էլի կտպագրեի, բայց տպագրության ուշացման պատճառով խմբագրությունները ժամանակային առումով խնդիրներ ունեին արդեն տարածման հետ կապված: Ընդամենը»:

«Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանն էլ «Առավոտին» հավաստիացրեց, որ թերթերի չտպագրվելու պատճառը տեխնիկական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել