Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ»

Հունիս 16,2010 00:00

Իր «թաքուն» ցանկությունն է բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

– «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերի քննարկման ժամանակ բավականին ելույթ ունեցաք, հայտարարեցիք, թե դուք նույնպես վերջնական կողմնորոշված չեք եւ առաջարկեցիք սպասել քննարկումներին: Ի՞նչ է սա նշանակում, հնարավո՞ր է՝ այս օրինագծերը մինչ երկրորդ ընթերցմամբ ընդունելը փոփոխվեն այնպես, որ սկսեն դուր գալ նաեւ նրանց, ովքեր դեմ են:

– Պիտի աշխատենք, որ ազգային դպրոցի գաղափարախոսությունից այն կողմ չանցնենք, դա նշանակում է, որ առաջին հերթին պիտի ճիշտ հարթության մեջ դնել լեզվամտածողության խնդիրները: Երբ խոսքը գնում է լեզվամտածողության մասին, մեր ընկալումը հետեւյալն է, որ երեխան իր ծնողական դաստիարակությունից եւ մանկապարտեզից հետո երբ գնում է դպրոց եւ երբ կարողանում է հեքիաթը կամ որեւէ տեքստ կարդալ եւ ճիշտ պատմել, ուրեմն նրա լեզվամտածողությունը կայացել է: Հասարակության մեջ կա խնդիր, եւ լուծումը պետք է գտնել։ Առայժմ առաջարկելու ենք հետեւյալ մոդելը` մասնավոր երկու դպրոց (իհարկե, հավատալու չէ, որ կարճ ժամանակում կլինի երկու մասնավոր դպրոց, որովհետեւ ոչ ասողները ոչ են ասում եւ չեն թողնում հարցը մինչեւ վերջ քննարկելի դարձնել), դրանք կլինեն միջազգային չափորոշիչներով դպրոցներ: Ընդ որում, մեկ աշակերտի համար դրանցում պետք է ապահովվի 9 քառակուսի մետր տարածք, որից 4-ը` ուսումնական, մնացած 5-ը` օժանդակ: Սա բավականին լուրջ գումարներ է պահանջում, եւ այսօր չեմ տեսնում, որ որեւէ մեկը կկարողանա այդքան լուրջ գումարներ ներդնել եւ առաջիկա 10-15 տարիների արված ծախսերը ետ վերցնել: Այսինքն՝ մասնավոր այդ կարգի դպրոց բացելը, ինչու ոչ, նաեւ հայրենասիրական քայլ է: Մյուս հանգամանքը հետեւյալն է, որ այդ մասնավոր դպրոցները պիտի բացվեն բացառապես մարզերում: Պատճառն այն է, որ քաղաքային միջավայրում, հատկապես Երեւանում քաղքենիությունը բավականին լուրջ դրսեւորում ունի, եւ չի բացառվում, որ ինչ-որ մեծահարուստ ծնողներ իրենց ռեյտինգն ապահովելու համար իրենց երեխաներին պիտի տանեն այդ դպրոցներ: Կարծում եմ՝ պիտի որոշակի արգելք դրվի, որ այդ դպրոցները մասնաճյուղեր չունենան, թեպետ հնարավոր էլ չեմ համարում մասնաճյուղերի բացումը, որովհետեւ դա եւս շատ մեծ ծախսեր է ենթադրում, բայց օրենքով արգելքը պետք է գրվի: Պետք է կոնկրետ նշվի նաեւ աշակերտների քանակը, ասենք` 5-6 հարյուր: Նաեւ պիտի օրենքում արտահայտվի հետեւյալը, որ յուրաքանչյուր դպրոց իր հաշվին պիտի ապահովի սոցիալապես անապահով, բայց տաղանդավոր եւ խելացի երեխաների ուսուցման հարցերը: Այստեղ պիտի օգտագործել պետության եւ մասնավոր դպրոցի հնարավորությունները: Այս մասնավոր դպրոցները պիտի գործեն մեր օրենսդրության շրջանակներում: Այսօր էլ ունենք ոչ օրինական մասնավոր օտարալեզու դպրոցներ այլազգիների համար, բայց տեսեք, որ դպրոցներում հայագիտական առարկաներ չեն անցնում: Իսկ այս օրինագիծը կնպաստի, որ միջազգային ստանդարտներով դպրոցներում հայագիտությունը եւս ուսումնասիրվի: Առանձին դեպքերում նաեւ հումորով ասում եմ` ճիշտ կլինի, որ ամբողջ աշխարհը հայերեն խոսի, բայց պիտի մեր չափն ու կշիռը նաեւ կարողանանք զգալ ներքուստ: Եթե չզգանք, հախուռն հայրենասիրությամբ, զգացմունքներով ոչինչ չենք կարող անել: Խնդիրը դրված է, մենք պիտի ինտեգրվե՞նք աշխարհի կրթական համակարգին, թե՞ ոչ, պիտի փա՞կ պահենք մեր երկիրը: Իհարկե, ոչ:

– Այն, ինչ դուք նշեցիք որպես կարեւոր առաջարկներ, ձեր խմբակցությա՞ն առաջարկներն են, թե՞ անձամբ ձերը: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչ առաջարկություն ունեք ավագ դպրոցների համար, ո՞ր դասարաններից եք ճիշտ գտնում այլ առարկաների օտարալեզու ուսուցումը…

– Դրանք մեր խմբակցության եւ կուսակցության առաջարկներն են: Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցներին, ավագ դպրոցներ այսօր էլ ունենք, 1-9-րդ դասարանը պարտադիր ուսուցում է, դրանից հետո անհատն ինքն է որոշում` գնա՞ դպրոց, թե՞ ոչ: Այստեղ վտանգներ չեմ տեսնում, մանավանդ, դրանք լինելու են միջպետական պայմանագրերով, մանավանդ, չեմ կարծում, որ առաջիկա 10 տարիներին կկարողանանք ունենալ նման դպրոցներ: Տեսեք՝ ինչ է կատարվում հասարակության մեջ, դպրոցահասակ երեխաների ծնողները դեռ ցածր դասարաններից հնարավորություն են ստեղծում, որպեսզի երեխաները օտար լեզուներ սովորեն: Հետո սովորում են այդ օտար լեզուն եւ առավելություն են ստանում, որովհետեւ լեզու գիտեն: Այսինքն՝ քաղաքական միտքը կարող է թերի լինել, բայց առաջ են գնում միայն լեզու իմանալով: Հիմա մենք ասում ենք, որ մեր երեխաները պիտի սովորեն նաեւ մասնագիտական լեզու` մաթեմատիկա, քիմիա եւ այլն, որպեսզի հնարավորություն լինի առավել բարձր կարգի մասնագետներ ունենալ: Այսօր մենք պիտի կարողանանք ապահովել մեր լոբբին աշխարհում: Մենք պիտի աշխարհի մեր համայնքներն ավելի ուժեղացնենք, որպեսզի ի վերջո հաղթի հայկական լոբբին: Մենք պիտի կարողանանք ինտեգրվել աշխարհին, լեզվի մասին օրենքի խնդիրը հասարակության առջեւ նաեւ դրանով է ծառացել: Մենք պիտի կարողանանք աշխարհին ամեն օր տեսանելի լինել, իսկ դրան հասնելու համար պիտի աշխարհի լեզվով խոսող հասարակություն ստեղծել, որի լեզվամտածողությունը պիտի հայերեն լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել