Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Ջութակահարների մրցույթի ժյուրին՝ նախագահությամբ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի, երկրորդ մրցանակ չի շնորհել: Առաջին մրցանակը կիսվել է Լիա Յակուպովայի (Ռուսաստան) եւ Յարոսլավ Նադրգիցկու (Լեհաստան) միջեւ: Ֆիլիպ Բրետը (Ավստրալիա) եւ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) արժանացել են երրորդ մրցանակի:
Թավջութակահարների մրցույթի ժյուրին էլ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի նախագահությամբ, երրորդ մրցանակ չի շնորհել: Առաջին տեղը կիսել են Եվգենի Ռումյանցեւը (Ռուսաստան) եւ Լուկա Մագարիելոն (Իտալիա), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Սամուել Լուցկերը (Գերմանիա) եւ Հասմիկ Վարդանյանը (Հայաստան):