Ըստ ՏՀՏ լիդերների հանդիպման մասնակիցների, պետք է կոտրել այս կարծրատիպը:
Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, էկոնոմիկայի եւ ԿԳ նախարարությունների նախաձեռնությամբ կայացավ «ՏՀՏ լիդերների հանդիպում»:
Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանի՝ նպատակն է՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել մասնավորապես ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրները:
Ֆորումի բացմանը «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության ներկայացուցիչ Ավետիք Քալանթարյանը, նկատելով կրթական համակարգից հրավիրված մասնակիցների բացակայությունը, խայտառակություն համարեց կրթության խնդիրները քննարկելն առանց նրանց. «Դե բավական է, էլի… Սա թյուրիմացություն է»:
Քննարկվեցին կրթական պրոցեսի մասնակիցների մոտիվացիայի եւ հավակնությունների բարձրացման խնդիրները, կրթական ծառայությունների մատակարարների եւ պատվիրատուների՝ բուհ-ծնող, բուհ-բիզնես կապերի ձեւավորման հարցը եւ թե ինչպես վերականգնել բուհերը՝ որպես գիտահետազոտական կենտրոններ:
ՏՀՏ լիդերները անհանգստացած էին ուսանողների մոտիվացման հարցով:
«Մոտիվացում չկա ուսանողների միջեւ, քանի որ բուհերում համապատասխան մթնոլորտ չի ձեւավորվում: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել առաջատար բուհական, ինժեներական կենտրոն: Գաղտնիք չէ, որ ուսանողների մի մասը սովորում է զուտ դիպլոմ ստանալու համար: Դա նշանակում է՝ դիպլոմը գործատուի համար ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ ստուգումներից ու փորձից ակնհայտ երեւում է, որ ուսանողը չունի բավարար գիտելիք»,- ասաց Հ. Ավոյանը:
Ա. Քալանթարյանի բնութագրմամբ՝ «այսօր կրթական համակարգը պետությունից զատ համակարգ է: Բուհերը շահագրգիռ չեն արտադրությանը մասնագետներ տալու հարցում: Օրինակ՝ իմ տղան բողոքում է, որ իրեն լավ սովորելու, փողկապով ինստիտուտ գնալու, բոթասների փոխարեն կոշիկ հագնելու եւ կուրսային աշխատանքը համակարգչով շարելու ու ոչ թե ձեռագիր գրելու համար՝ ուսանողից մինչեւ դասախոս ծաղրում են: Խնդիրը մեր երեխաների մեջ չէ՝ այլ դասախոսական ծերակույտի կամ անիմաստ ջահել դասախոսների: Եթե լավ սովորելու համար երեխայիս պետք է «դոձիկ» անվանեն, էլ ինչ կրթական համակարգի մասին է խոսքը: Դեռ մի հատ էլ վայնասուն են դրել, թե մի՛ բացեք օտարալեզու դպրոցներ… Եթե հայկական դպրոցները չեն կարողանում կրթել մեր երեխաներին, գոնե թող օտարալեզուները կրթեն»:
Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանը, շարունակելով Ա. Քալանթարյանին, ասաց. «Որպես ծնող եմ խոսում՝ ես իմ տղային երկու տարի առաջ կորցրի: Այսօր նա ուսանողական ընկերների շուքի տակ փոխվել է: Իր լեզվով ասում է՝ մամ, ինձ ձեռ կառնի դասախոսը, եթե լավ սովորեմ: Դասախոսի համար գրագետ ուսանող տալը խնդիր չէ: Այսօրվա մեր դասախոսները նստում են դասին հետեւյալ սկզբունքով՝ ե՞րբ այս 45 կամ 90 րոպեն անցնի, որ թողնեմ-դուրս գամ»:
Հովհաննես Ավոյանը գտնում է, որ խնդիրները լուծելու համար պետք է կրճատել ուսանողների քանակը: «Գուցե բուհերի ֆինանսավորումը շատացնելով եւ ուսանողների քանակը կրճատելով հասնենք ինչ-որ արդյունքի: Պետք է խստացնել որակի վերահսկումը, դիպլոմ տալ իրականում արժանիներին»:
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշում է. «Երեխային պետք է սովորեցնել սովորել: Նրանց մոտ սխալ կողմնորոշում կա. սովորում են՝ չպատժվելու, գովասանք եւ ատեստատ ստանալու համար»:
X-Tech ընկերության տնօրեն Արման Աթոյանը դժգոհեց երեխայի առջեւ դրված սովորելու խնդրից. «Այսօր լավ սովորելն ամոթ է: Ծնողը պարտադրում է լավ սովորել, ուսանողական ընկերները՝ հակառակը: Մասնագետների պակաս է զգացվում: Չես կարողանում խելացի մի երեխայի գտնես՝ քեզ մոտ աշխատի: Պետք է գովազդել ուսանողների շրջանում լավ սովորելը»: