Իսրայելում ավելացել է թուրքական դրոշների պահանջարկը՝ դրանք այրելու համար, իսկ հայկական դրոշների պահանջարկն ավելացել է՝ իսրայելական դրոշների կողքին կախելու համար: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Իսրայելում դրոշներ արտադրող ձեռնարկությունը հրաժարվում է ընդունել այն դրոշների պատվերները, որոնք այրվելու են հակաթուրքական ցույցերի ժամանակ: Գործարանի տնօրեն Ավի Մարոմի խոսքով, վերջին օրերին՝ թուրքական նավատորմի գրավումից հետո, կտրուկ աճել են թուրքական դրոշների պատվերները՝ դրանք հետագայում այրելու նպատակով:
«Մենք հստակ սահմանազատում ենք արել եւ, որպես դրոշ արտադրողներ, դեմ ենք նման խորհրդանշական գործողություններին: Որպես արհեստավարժ վեքսոլոգ (դրոշներ արտադրող) եւ մարդ, ում կինը ծագումով Թուրքիայից է, ես հրաշալի հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունի դրոշների այրումն իրենց երկրում: Դա բոլոր թույլատրելի սահմանների խախտում է»,- ասել է Ավի Մարոմը:
Նշենք, որ Իսրայելում մարդիկ իրենց տներից իսրայելական դրոշների կողքին կախում են նաեւ հայկական դրոշները, այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունքը Թուրքիային: Նախկինում, ի դեպ, Իսրայելում հայամետ տրամադրություններ չէին նկատվում, հաղորդում է zman.com-ը: