Ղրղըզստանի Օշ եւ Ջալալաբադ քաղաքում ծավալված ազգամիջյան բախումները երկուշաբթի օրը նոր թափ են հավաքել: Երկրի ժամանակավոր իշխանությունները խոստովանում են, որ ի վիճակի չեն իրավիճակը վերահսկողության տակ առնել: Ղրղզական Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած բախումների եւ հրդեհների արդյունքում մոտ 700 ուզբեկ է զոհվել: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է տեղի ուզբեկական համայնքի ղեկավարը: Մինչդեռ, պաշտոնական տվյալներով, երկրի հարավում՝ Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է 124 մարդ, եւս 1,5 հազարը վնասվածք է ստացել:
Երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության անդամ երկրների արտահերթ նիստ, որտեղ Ղրղըզստանի իշխանությունների խնդրանքով քննարկվել է այդ երկրում ստեղծված իրավիճակը: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Ղրղըզստանում ազգամիջյան բռնությունները դադարեցնելու նպատակով ձեռնարկվելիք որեւէ քայլ չի բացառել, թեեւ ՀԱՊԿ զորքերը այդ երկիր գործուղելու մասին որեւէ բառ չի ասել, չնայած այն բանին, որ Ղրղըզստանը արդեն դիմել է մասնավորապես Ռուսաստանին՝ օգնել ուժի դիրքերից՝ խաղաղեցնելու երկրի հարավում էթնիկ ուզբեկների եւ ղրղզների միջեւ շարունակվող բռնությունները: Մոսկվան առայժմ բավարարվել է միայն նրանով, որ դեսանտի մի ստորաբաժանում է գործուղել Ղրղըզստան՝ այդ երկրում ռուսական ռազմաբազաների պահպանությունն ուժեղացնելու նպատակով: Մոսկվայում, այդուհանդերձ, քննարկվում է այդ անհանգիստ երկիր զորքեր ուղարկելու տարբերակը, որը, վերլուծաբանների գնահատմամբ, կարող է սպառնալ դառնալու «երկրորդ Աֆղանստան»:
Իսկ մինչ այդ, news.am-ի մատուցմամբ, տարածաշրջան են մեկնելու ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: Միջազգային Կարմիր խաչի տվյալներով՝ Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանը հատել է մոտ 80 հազար փախստական: Ներկայումս Ուզբեկստանում գտնվող փախստականների ճամբարում գրանցված է 30 հազար մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ:
Ընդսմին, Ղրղըզստանում ծայր առած բռնությունների նոր ալիքը փորձագետները համարում են վերջին 10 տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ազգամիջյան ամենախոշոր հակամարտությունը: