«Ռեգնում» գործակալությունը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի՝ առաջիկայում դպրոցական նախաճաշերի առաքումը Հայաստան եւ ԱՊՀ այլ երկրներ՝ ստանձնել է ռուսաստանյան հզոր մի ագրոֆիրմա: Իսկ թե որ մեկը, աղբյուրը չի մանրամասնում: Նշվում է, որ այդ մասին գործակալությանը հաղորդել է ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը ավելի վաղ «Ռեգնումին» ասել էր, թե իրենք անցկացնում են «Դպրոցական նախաճաշ» պիլոտային ծրագիրը, որը սկզբում կգործարկվի ՀՀ-ում, ապա ԱՊՀ մյուս երկրներում: «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Հայաստանում չկա այնքան սնունդ, որ ստիպված են դպրոցների սնունդը «դրսից» ստանալ: Տիկին Սողոմոնյանը «իր մասով» հավաստիացրեց, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում եւ ինքն առաջին անգամ է այդ մասին լսում. «Չկա նման բան»: Նրա խոսքով, եթե իսկապես նման բան լիներ, քաղաքապետը գոնե իրեն ասած կլիներ: Տիկին Գայանեն վստահեցրեց նաեւ, որ իրենք ունեն այնպիսի մատակարարներ, որոնք ոչ միայն նորմալ սնունդ են մատակարարում դպրոցներ, այլեւ վերանորոգում բուֆետները: «Նման հարցերին քաղաքապետը կարեւորություն է տալիս եւ շատ խիստ է»,- փոխանցեց նա: Կրթության վարչության պետը խոստացավ նաեւ, որ հարցը կճշտի քաղաքապետարանի առեւտրի վարչությունից նույնպես եւ «Առավոտին» տեղյակ կպահի: