Լրահոս
Օրվա լրահոսը

«Էքստեռնիկների» ոդիսականը

Հունիս 15,2010 00:00

Կամ՝ ինչ է սպասվում նրանց այդ վիճակում դնողներին

ՀՀ ԿԳ նախարարի 2009թ. նոյեմբերի 26-ի հրամանով 10-11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումներն արգելվեցին: 2010թ. պետական միասնական քննություններին մասնակցելու համար ԳԹԿ հայտ է ներկայացրել դպրոցը օրենքի խախտումով ավարտած 39 դիմորդ: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը եւ հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանը:
Խ. Մուրադյանի խոսքով, իրենք նախարարի հրամանով ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել. «Պարզվել է, որ շուրջ 3500 աշակերտ 2009-2010 ուստարում ուսումը չի շարունակել 10 եւ 11-րդ դասարաններում: Հենց այս ուսումնասիրությունների արդյունքում են բացահայտվել օրենսդրության խախտումով հայտագրված 39 դիմորդները: Վերջիններիս արգելվել է միասնական քննություն հանձնել, նրանք կշարունակեն սովորել դպրոցներում, թե ո՞րերորդ դասարանում՝ հետագայում պարզ կլինի»:
Կրթության տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանը հայտնեց. «Ուսումնասիրությունները շարունակվելու են մինչեւ միջնակարգ կրթության ատեստատների հանձնումը եւ չի բացառվում, որ այս երեխաների թիվը ավելի մեծանա»:
Խ. Մուրադյանն ասաց նաեւ, որ վերոնշյալ 39 աշակերտները իրենց ուսումնասիրության ժամանակ դպրոցներում չեն ուսանել, հետեւաբար աշակերտ չեն եղել. «Մենք փնտրում էինք նրանց ամենուր, որպեսզի գտնեինք, ոչ թե պարտադրեինք սովորել: Ուզում էինք հասկանալ՝ դուրս եկած աշակերտներն ո՞ւր են»: Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում դեռ չի իրականացվել, բայց այս պահի դրությամբ դատախազություն է ուղարկվել դպրոցներում խախտումներ արձանագրած դեպքերի վերաբերյալ 53 գործ:
Հարցին՝ ենթադրվո՞ւմ է կաշառք, Խ. Մուրադյանն ասաց, որ կաշառքի վարկածը կա, բայց հստակ ոչինչ ասել չի կարող: Իսկ «թռած» աշակերտների տնօրենների ճակատագիրն ինչպիսի՞ն է լինելու: Ըստ Խ. Մուրադյանի՝ «կհեռացվեն աշխատանքից, բայց այսօր եկեք անուններ չհնչեցնենք»: Ինչո՞ւ են տնօրեններն այդքան համարձակ եւ նախարարի հրամանի գոյության պարագայում նման քայլի դիմում՝ այս հարցին կրթության պետական տեսչության պետը պատասխանեց. «Դրա համար էլ կա Կրթության պետական տեսչություն: Ժամանակի ընթացքում նախարարների տարբեր հրամաններ շրջանցվել են, բայց երբ լինում ենք հետեւողական՝ դրանց կատարման հարցում, նրանք հասկանում են, որ չի կարելի դրանք շրջանցել: Առայժմ ամեն ինչ միայն տնօրենների վրա չբարդենք: Հարցը կարելի է մեկ այլ տեսանկյունից էլ դիտել. երեխան կամայական հեռացման դիմում է գրել տնօրենին: Այս պարագայում գուցե տնօրենը ոչ մի մեղք չունի, դա ծնողի ցանկությունն է եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել