Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲՈՒՐՈՒՄ»

Հունիս 15,2010 00:00

Փառանձեմ Մեյթիխանյանի եւ Աշխեն Ջրբաշյանի կազմած հայերենի թեստերի մասին այս կարծիքին է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը նրանց նման կրկնուսուցմամբ չի զբաղվում:

\"\"
Ա. Ջրբաշյանը:

Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) կազմակերպվել էր քննարկում հայոց լեզվի եւ գրականության թեստերի վերաբերյալ, որ վարում էր ԳԹԿ խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա ստիպված էր անընդհատ նկատողություն անել տաքացած մասնակիցներին, որովհետեւ քննարկումը բուռն էր եւ քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Հրավիրված էին ինչպես մանկավարժներ, այնպես էլ գիտական աստիճաններ ունեցող լեզվաբաններ: Մ. Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերը որակյալ են, դրանք կազմելիս Փառանձեմ Մեյթիխանյան-Աշխեն Ջրբաշյան զույգը հաշվի է առել թեստաբանության բոլոր նրբությունները: Ըստ Մկրտչյանի, նրանց չպետք է համարել հայ ժողովրդի թշնամիներ, որովհետեւ նման թեստեր կազմվել են ԳԹԿ-ի հանձնարարությամբ: Պրոֆեսոր Ֆրիդրիխ Խլղաթյանը զարմացած էր Մ. Մկրտչյանի այն հայտարարությունից, թե թեստ կազմելը բարդ աշխատանք է եւ ամեն ոք չի կարող դրանով զբաղվել. «Ցույց տվեք մի միջնակարգ կամ բարձրագույն ուսումնական հաստատություն, որ պատրաստում է թեստագետներ»: Նա փաստեց, որ ամեն տարի հասարակությունը ականատես է լինում նույն պատկերին. թեստ կազմելը հանձնարարվում է մի խմբի, մյուս խումբը հարձակվում է նրա վրա, հետո առաջինին է հանձնարարվում, երկրորդն է դժգոհում: Նաեւ խորհուրդ տվեց նման քննարկումներ նախաձեռնել քննություններից առաջ, ոչ թե հետո:
Ճանաչված մանկավարժ Բեատրիչե Ստեփանյանն էլ ասաց, որ նախկինում կար 13 հոգանոց մասնագիտական խորհուրդ, որից 6-ը մանկավարժ էր, իսկ այս թեստերը կազմելիս որեւէ մանկավարժի կարծիք չեն հարցրել:
Ժամանակ առ ժամանակ ռեպլիկներով հանդես էր գալիս նախկին թեստագիր Յուրա Ավետիսյանը՝ պատասխանելով Փառանձեմ Մեյթիխանյանի այն դիտարկմանը, թե նախորդ տարիներին էլ բարդ հարցեր կային, ասաց՝ դրանք բարդ էին, սակայն՝ ո՛չ սխալ:
Մանուկ Մկրտչյանը դժգոհեց, թե լեզվաբանները փորձում են վերակենդանացնել անցյալ տարվա վեճերը՝ նույն թեմայով:
Դավիթ Գյուրջինյանը, որ արդեն 15 տարի կրկնուսուցմամբ չի զբաղվում, համամիտ չէր: Նա նշեց, որ անցյալ տարի էլ դժգոհություններ կային, սակայն դրանից հետո ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց գրանցվեց. «Ես համարում եմ, որ այս թեստերը գործի տապալում ու ձախողում են: Այս թեստերի միջոցով վարկաբեկվել են դպրոցը, ուսուցիչը, թեստային համակարգը եւ հայոց լեզուն ընդհանրապես: Թեստերում եղած բառերն այսօր պտտվում են հումորի նման: Այս թեստերը ոչ թե բարդ էին, այլ խրթին ու անորակ, սխալ ձեւակերպումներով, առաջադրանքներ կային, որ տրամաբանությունից դուրս էին: Թեստը պիտի համապատասխանի դասագրքին, ծրագրին եւ ուղեցույցին, մինչդեռ տվյալ պարագայում այդպես չէ»: Ասածն ամրապնդելու համար պարոն Գյուրջինյանը հավելեց. «Որքան էլ հեղինակները հայտարարում են, թե իրենց թեստերը քնննադատողներն անգրագետ են, ես հակառակ կարծիքի եմ: Ավելին կասեմ՝ այս թեստերը բուրում են անգրագիտությամբ՝ մի շարք տեղերում: Կարծես թշնամական բանակի դեմ հուժկու հարձակում սկսված լինի այս թեստերի միջոցով»:
Աշոտ Աբրահամյանն էլ կոչ արեց կանխավ գնահատական չտալ, թե թեստերը որակյալ են եւ ԳԹԿ խորհրդի նախագահին փոխանցեց իր եւ Յուրա Ավետիսյանի 15 էջանոց կարծիքը այն առաջադրանքների վերաբերյալ, որոնց պատճառով դիմորդների գնահատականները արժե վերանայել:
Թեստագիրներից Փառանձեմ Մեյթիխանյանն անընդհատ փորձում էր պաշտպանվել՝ վկայակոչելով զանազան բառարաններ ու գրքեր: Նրա ձայնը դողում էր, իսկ Ա. Ջրբաշյանն ընդհանրապես չէր խոսում: Տիկին Փառանձեմը հասցնում էր մեկ առ մեկ պատասխանել նաեւ գործընկերների ծաղրալի ռեպլիկներին: Նա ամեն «խոտանվող» առաջադրանքից հետո թվային փաստեր էր բերում, թե դիմորդների քանի տոկոսն է դրանք հաղթահարել: Նույն բանն անում էր նաեւ Մ. Մկրտչյանը: Երբ Փ. Մեյթիխանյանն ակնարկեց անցյալ տարվա թեստերը, դրանց կազմողներից մեկի՝ Սեյրան Գրիգորյանի նյարդերը տեղի տվեցին. «Եթե անցյալ տարվա թեստի մասին մի հատ էլ խոսք եղավ, արդեն վատ կլինի ձեր համար»: Նա հիշեցրեց, որ Փ. Մեյթիխանյանը ժամանակին քննադատել էր իր օգտագործած սակավապետ բառը, իսկ հիմա ինքն է դիմորդներին անծանոթ շատ բառեր խցկել առաջադրանքների մեջ: Քննարկումն ուղեկցվում էր աղմուկով, լեզվաբանները հաճախ միմյանց չէին լսում, յուրաքանչյուրն ուզում էր իր խոսքը առաջ տանել, Փ. Մեյթիխանյանը՝ առավել եւս: Երբ լեզվաբանները մի շարք թերություններ էին մատնացույց անում, Փ. Մեյթիխանյանը գոռում էր, թե նկատառումները չի ընդունում, այնքան, մինչեւ որ գիտությունների դոկտոր Աննա Աբաջյանն ասաց՝ այ քեզ բան: Յու. Ավետիսյանն էլ չդիմացավ. «Եթե մեկը անընդհատ պնդում է իր կարծիքը, դա չի նշանակում, թե ինքը ճիշտ է»: Փ. Մեյթիխանյանը այս կամ այն գիրքը ձեռքն առած՝ հղումներ էր կատարում դրանց վրա: Դ. Գյուրջինյանը չդիմացավ. «Այդ ամենը մենք էլ գիտենք, «Գիտելիք» ընկերությունում դասախոսություն չես կարդում, բավական է»: Նրա դու-ով խոսելը դուր չեկավ մի ուսուցչուհու, Դ. Գյուրջինյանն էլ նկատեց, որ դա Մեյթիխանյանի բերած ուսուցչուհին է:
Բագրատ Ներսիսյանը տեղից բացականչեց. «Քննարկումն անպտուղ աշխատանք է, որովհետեւ՝ ով կանաչ ճանապարհ է ապահովել այս խոտանի համար, հիմա էլ մինչեւ վերջ գնում է»:
Օրերս «Առավոտը» Փառանձեմ Մեյթիխանյանին հարցրել էր՝ չե՞ք կարծում, թե այս ամենը մեծ հաշվով փողի կռիվ է, արդյունքում իր՝ կրկնուսույցի գինը կբարձրանա մյուս տարի, տիկին Մեյթիխանյանն ասել էր, որ ինքը երազում է այն օրվա մասին, երբ այլեւս դիմորդ չի ունենա, որովհետեւ ցանկություն ունի ավարտելու դոկտորական ատենախոսությունը:
Դավիթ Գյուրջինյանն «Առավոտի» հետ զրույցում տալով հայոց լեզվի թեստերի ընդհանուր բնութագիրը՝ փաստեց. «Թեստերում կան մասնագիտական, մանկավարժական, մեթոդական սխալներ, հոգեբանական գրոհի տարրեր, առաջադրանքների մեծ մասում՝ անհամապատասխանություն դպրոցական դասագրքերի նյութին, ուղեցույցի եւ ծրագրի պահանջներին: Ինչ վերաբերում է այսօրվա քննարկմանը, այն հուզական եւ զգացմունքային է: Մենք առանձին էլ ենք հանդիպել եւ ավելի խաղաղ պայմաններում ես պաշտոնյաներին ցույց եմ տվել, թե որտեղ են սխալվել հեղինակները: Հեղինակներին քաջածանոթ եմ, նրանք ընդունակ չեն ընդունելու, դիմացինին լսելու կարողություն չունեն»: Գյուրջինյանի բնորոշմամբ, պղտոր ջրում ոմանք շահ ունեն: Իսկ ինչո՞ւ միայն Մեյթիխանյանն է խոսում: «Որովհետեւ թիմի ոգին ինքն է, մոտեցման խնդիր կա, բարոյական արժեքների ու սկզբունքների… Իսկ այդ մոտեցումները Աշխեն Ջրբաշյանը դժվար թե դրսեւորեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել