Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերն ուրիշ է» նաեւ գիտությա՞ն մեջ

Հունիս 15,2010 00:00

Այդպես են երբեմն մտածում հայաստանցի գիտնական չինովնիկները

Հայաստանում գիտության եւ նրա ապագայի հարցը բազմիցս քննարկվել է մամուլում: Ցավալի է, որ այն օրին ենք հասել, որ նույնիսկ Իրանը արդեն կասկածի տակ է առնում հայկական բարձրագույն դիպլոմները: Սակայն, ինչպես ասում են, ինչ ցանես, այն էլ կհնձես: Ինչ էինք սպասում, եթե մեր փառապանծ բուհերի ռեկտորները նույնքան փառապանծ՝ Սիմոնյան, Քյալյան կամ Ղուկասյաններն են, եթե մեր ակադեմիան վերածվել է գիտության հետ կապ չունեցող մարդկանց հավաքատեղիի: Ինչ էինք սպասում, եթե մեզ մոտ այնպիսի գիտնականներ ունենք, որոնց, օրինակ, ես չէի վստահի նույնիսկ տակառ գլորելու խորացված կուրս, էլ չեմ խոսում ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության մասին: Ինչ էինք սպասում, եթե մեզ մոտ պրեզիդենտի մրցանակի են արժանանում այնպիսի գիտնականներ, որոնց ես նույնիսկ վիճակախաղով մրցանակ չէի շնորհի: Պարզվում է, որ արհեստավարժ հանձնաժողովը հայտնաբերել է, օրինակ, որ այդ մրցանակակիրներից ոմանք ունեն միջազգային չափանիշներով «ամենաբարձր գիտական վարկանիշը»՝ զրո:
Հիմա հանկարծ բարձրաձայն աղաղակում ենք. վայ, Իրանն էլ մեր բարձրագույն դիպլոմները չի ճանաչում: Լավ է անում, եւ այդպես էլ կվարվի այսուհետեւ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես են արդարանում մեր ԿԳՆ բյուրոկրատները. «դեսպանատան նոր գիտական կցորդն է այդ ամենի մեղավորը»: Պարսիկները գոնե հասկանում են, որ գիտության համար գումար է պետք, որ չի կարելի զբաղվել բժշկագիտությամբ կամ կենսաբանությամբ՝ առանց գիտական սարքավորում ունենալու, որ չի կարելի միջազգային ճանաչում ստանալ՝ առանց արտասահմանի հեղինակավոր ամսագրերում տպագրվելու: Վերջապես՝ իմ կողմից էլ հավելում, չի կարելի Հայաստանում գիտությունը զարգացնել՝ առանց ռուսական կախվածությունից ձերբազատվելու: Պարզից էլ պարզ է, որ այն ամենը, ինչով մեր գլուխը ռուսները տարիներով լցրել են՝ սուտ է, որ ռուսական գիտությունը ամենեւին էլ առաջադեմ չէ ու չի էլ եղել այդպիսին: Ավելին՝ ռուսների հանդեպ մեր կույր հավատը միշտ էլ բերել է ծանր հետեւանքների՝ ազգիս համար: Սա քիչ էր, հիմա էլ պետք էր ռուսական դպրոցների վերաբացման հարցը դնել: Ինչպես ասում են. «Բոռնեո կղզու նահանգապետն էր պակաս՝ ինքնաթիռով ժամանեց»:
Այնուամենայնիվ, ես չեմ ցանկանում, որ սխալ տպավորություն ստեղծվի, թե այն ամենը, ինչը Հայաստանում է՝ վատն է կամ անհուսալի վիճակում, իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ նույնիսկ Իրանում ամեն ինչ, ներառյալ գիտությունը՝ անգերազանցելի է, կատարյալ: Այնտեղ էլ իհարկե կան նեգատիվ երեւույթներ: Սակայն, ընդհանուր առմամբ, արտասահմանում գիտությունը դիտվում է որպես երկրի հզորության գրավական: Գիտության ոլորտում մեծ ներդրումներ են արվում եւ նույնիսկ հաշվի չի առնվում, թե քանի տարի հետո հետ կբերվի այդ գումարը կամ հետ կբերվի՞, արդյոք: Վերջապես, այստեղ պրոֆեսորները, դոցենտները ընտրովի են, մրցույթներում հաղթում են արժանիները, եւ բոլոր նրանք, ովքեր իրենց չեն արդարացնում, ուղղակի մրցակցությանը չեն դիմանում:
Որոշ հայ գիտնականներ ոտնձգություն են համարում այն, որ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից մեկը կարող է իր քիթը խոթել մեր ազգային գիտության մեջ: Մոտավորապես այսպես է հնչում. դուք ինչ եք հասկանում մեր գիտությունից՝ մերն ուրիշ է: Հակառակ պատկերն էլ արտասահմանում է, այստեղի հայ գիտնականների մի մասն էլ կարծում է, որ Հայաստանում գիտնականը, օրինակ՝ փիլիսոփայություն կամ պատմություն չի կարող ուսումնասիրել, նա չունի այդ հնարավորությունը: Մոտավորապես հնչում է այսպես. «նրանք գեղեցիկ ձեւավորված գրքեր չեն կարդում»: Կամ արտասահմանում՝ հայագիտության կամ հայոց պատմության նորահայտ որոշ մասնագետների էլ թվում է, թե այս կամ այն գիրքը, թերթը կարդալով՝ իրենք արդեն «տակավին հայագետ կըլլան» ու, այսպես ասած, իրենք նոր սենսացիոն հայտնագործություն արած են՝ հայտնաբերել են, օրինակ, որ գյուղացիները ցորեն էին աճեցնում, ասենք, Դվինի մերձակա գյուղերում:
Ամեն մի խելամիտ առաջարկություն արժանի է, սակայն, խրախուսանքի, լինի դա Հայաստանի, թե արտասահմանի հայ գիտնականի կողմից: Պետք է սատարել Հայաստանի գիտությանը՝ քանի դեռ մենք անվերադարձ չենք կորցրել այն: Որպես առաջնահերթ խնդիր՝ պետք է ազատվել անորակ կադրերից, որոնք համատարած իշխում են գիտության բոլոր ոլորտներում եւ հանձնաժողովներում: Հետո արդեն կարելի է նաեւ մտածել ֆինանսավորման աղբյուրների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել