Այսպիսին է Գագիկ Շամշյանի «գործը»
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ քրեական գործ է հարուցված: Փետրվարի 24-ին ՀՀ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակիցը նախ ճանաչվեց իբրեւ տուժող, ապա բավականին տարօրինակ կերպով վերածվեց մեղադրյալի: Երբ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ հարուցեցին Շամշյանի դեմ, հազիվ թե լրագրողական հանրությունից որեւէ մեկը դա լուրջ ընդունեց: Ավելին, շատերը համարեցին, որ իրավապահ մարմինները պարզապես ցանկացել են մի քիչ վախեցնել համառ ֆոտոթղթակցին, որպեսզի նա չպահանջի պատժել իրեն հարվածած քննիչ Գագիկ Մարգարյանին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան, երբ ՀՀ դատախազության շենքի մոտ Գագիկ Շամշյանը լուսանկարում էր դատախազության կոլեգիայի նիստին ժամանող բարձրաստիճան իրավապահներին, նրան է մոտեցել մոտ 30 տարեկան մի տղամարդ եւ պահանջել դադարեցնել նկարահանումները: Շամշյանը հայտարարել է, որ ինքը կատարում է իր մասնագիտական պարտականությունները եւ ցույց է տվել խմբագրության վկայականը: Սակայն տղամարդը հայհոյել է եւ հարվածել լրագրողի գլխին, ինչից հետո անարգել մուտք է գործել դատախազության շենք: Շամշյանը վնասվածքներ է ստացել, նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Այս միջադեպի մասին գրեց մամուլը: Պարզվեց, որ ֆոտոլրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը քննիչ Գագիկ Մարգարյանն է, որը վերջին երկու տարիներին գործուղմամբ աշխատում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Նույն օրն էլ լրագրողական կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր. «…հանրությունը կարող է ակնկալել, որ լրագրողի դեմ իրականացված այս հերթական բռնարարքն անհետեւանք չի մնա: Եվ եթե մեղավորն այս անգամ եւս չբացահայտվի եւ չպատժվի, մենք բոլոր հիմքերը կունենանք ենթադրելու, որ իրավապահ մարմինները պարզապես խուսափում են բացահայտել այսօրինակ հանցագործությունները»: ՀՀ դատախազությունը փետրվարի 26-ին իր կայքում տեղադրեց միջադեպի տեսագրությունը: Քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի («Ծեծը») եւ 164-րդ հոդվածի («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») 1-ին մասի հատկանիշներով:
Սակայն հետագայում իրադարձությունները սկսեցին զարգանալ բոլորովին այլ հունով: Քրեական գործի վարույթը կարճվեց՝ Գագիկ Մարգարյանի «գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով», ընդսմին՝ այժմ էլ Գագիկ Շամշյանին ներկայացվեց սուտ մատնության մեղադրանք: Լրագրողը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բողոքելով նախաքննության միտումնավորության, քրեական գործի վարույթն անհիմն կարճելու եւ իրեն մեղադրանք ներկայացնելու դեմ: Դրան հետեւեց Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Ս. Խաչատրյանի պատասխանը, որում տեղեկացվում էր, թե նշված գործով ընդունված որոշումը «վերացնելու հիմքեր չկան»: Ֆոտոլրագրողին այլ բան չէր մնում, քան բողոք ներկայացնել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բնականաբար, որեւէ երաշխիք չկա, որ այստեղ բողոքը կբավարարեն:
Պետք է խոստովանել, որ Գագիկ Շամշյանին չսիրողները բավականին շատ են: Նրա լուսաբանումների թեմատիկան ծայրահեղ բարդ է. արտակարգ իրավիճակներ, քրեական խրոնիկա, իրավապահ մարմինների գործունեություն, սկանդալային պատմություններ եւ այլն: Իսկ այստեղ՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդ լուսանկարը կոմպրոմատ է իրենց ամենազորության եւ ամենաթողության վրա վստահ իշխանավորների, հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչների վերաբերյալ:
Գաղտնիք չէ, որ ամենահաս Շամշյանը, ինչպես ասում են՝ «քայլում է սրի շեղբի վրայով», երբեմն էլ անցնելով թույլատրելիի սահմանը: Հենց սա են հաճախ մատնանշում չկամները՝ ինչպես լրագրողական հանրությունից, այնպես էլ իշխանական կառույցներից: Առաջինները, նրան անվանելով «պապարացցի», մերթ բարկանում են (էս ինչե՞ր է թույլ տալիս), մերթ նախանձում են սենսացիոն տեղեկություններ հայթայթելու նրա ընդունակությանը (որտեղի՞ց իմացավ եւ ինչպե՞ս հաջողացրեց առաջինը լինել դեպքի վայրում), մերթ էլ՝ չարախոսում են նրա կապերի եւ տեղեկատու աղբյուրների մասին: Երկրորդները, այսինքն՝ իշխանությունների ներկայացուցիչները, ձգտում են Շամշյանի կողմից լրագրողական էթիկայի երբեմնի խախտումները օգտագործել ընդդեմ նրա, ճնշումներ բանեցնել, նեղել լուսանկարչին եւ պաշտպանվել նրա օբյեկտիվից:
Սակայն վերոհիշյալ դեպքը բացառիկ է: Քաշքշուկ հրահրած, ապա եւ լրագրողին հարվածած գործընկերոջը պաշտպանելու համար Երեւանի կենտրոնականի քննչական վարչությունում թխվում է «գործ», որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Թե ինչպես է դա արվում՝ հայտնի է. վկաների եւ նրանց ցուցմունքների միտումնավոր ընտրություն, մտահղացված սցենարին հակասող փաստերի անտեսում եւ այլն: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե Շամշյանն է տուժողը, այլ քննիչ Մարգարյանը, որին իբր լրագրողը վիրավորել եւ հարվածել է, իսկ հետո դիմել է դատախազություն՝ «ակնհայտ սուտ մատնությամբ»: Ըստ Շամշյանի՝ «գործից» տարօրինակ կերպով անհետացել են բժշկական տեղեկանքները, որոնք վկայում են իր ստացած վնասվածքների եւ բուժօգնություն ստանալու մասին: Համենայնդեպս, իրեն տրամադրված փաստաթղթերի մեջ դրանք չկան: Իսկ քննիչը բժիշկներից փորձել է ցուցմունքներ ստանալ այն մասին, թե լրագրողը նրանց է դիմել նախկինում ունեցած խնդիրների համար:
Մի խոսքով, ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ հիմնովին շուռ է տված: Սպասվում է, որ Շամշյանին սուտ մատնության մեղադրանք ներկայացնելու իրավաչափությունը կամ անիրավաչափությունը կլուծվի հունիսի 15-ի դատական նիստում: Եվ եթե արդարությունը չհաղթանակի, կարելի է պատկերացնել, թե ինչպես կհպարտանա քննիչ Մարգարյանը, որ կարողացավ եւ հարվածել Շամշյանին, եւ նրա դեմ քրեական գործ կազմակերպել:
Այս պայմաններում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մի կողմից շարունակելու է հորդորել Շամշյանին պահպանել օրենսդրությունն ու հետեւել լրագրողական էթիկայի նորմերին, մյուս կողմից՝ կպաշտպանի նրան իրավապահ մարմինների կամայականություններից: Որովհետեւ
(առանց չափազանցության) միայն Շամշյանի շնորհիվ են հայկական թերթերի առաջին էջերին հայտնվում լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ոստիկանները, խախտելով ՀՀ ոստիկանապետի հրամանը, կոլեկտիվ ծխելադադար կազմակերպում մայրաքաղաքի կենտրոնում, ինչպես են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն իրենք խախտում երթեւեկության կանոնները, ինչպես է հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչը կայանում ավտոմեքենան, ապա եւ հատում փողոցը չնախատեսված տեղում, ինչպես է ՀՀ նախագահի պատգամավոր եղբայրը երեք մատի կոմբինացիա ցույց տալիս ցուցարարներին եւ այլն:
Այսինքն՝ մենք կանենք ամեն ինչ, որ Շամշյանը զբաղվի իր գործով եւ պաշտպանված լինի իր վզին փաթաթվող քրեական «գործից»: