Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում բռնկված վարակը, նախնական տվյալներով, լեպտոսպիրոզ է, news.
am-ին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը:
«Հիվանդության կլինիկան նման է լեպտոսպիրոզ հիվանդությանը, սակայն դա հաստատված չէ, որովհետեւ դեռեւս չկան լաբորատոր քննության արդյունքները: Հիվանդությունը մարդկանց փոխանցվում է առնետների միջոցով: Նրանք վարակում են ջուրը, իսկ վարակված ջրից օգտվող մարդիկ հիվանդանում են լեպտոսպիրոզով»,- պարզաբանել է նախարարը:
Հիշեցնենք, որ այս վարակից տուժել էր 54 հոգի: Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարի, հիվանդների վիճակը բավարար է, արդեն 3 հոգի դուրս են գրվել: Սերգեյ Մովսիսյանի խոսքով, այսօր Երեւանից Քաշաթաղ կժամանեն մասնագետներ եւ կքննեն հիվանդներին: Չի բացառվում, որ դրանից հետո նոր մարդիկ դուրս գրվեն հիվանդանոցից: