Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱ

Հունիս 15,2010 00:00

«Առավոտի» շաբաթ օրվա՝ հունիսի 12-ի համարում «Համայնքի մանկապարտեզը տեր չունի՞» հրապարակմամբ անդրադարձել էինք Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզին: Մեր թղթակցի հետ զրուցած աշխատողները, մանկապարտեզի մոտ գտնվող խանութի սեփականատերը պնդում են՝ մանկապարտեզի տարածքի մի մասը վաճառվել է քաղաքի 5 բնակիչների՝ առանց քաղաքի ավագանու գիտության: Նոր սեփականատերերն էլ քանդել են խաղահրապարակի ցանկապատը, կարուսելները, կտրել ծառեր:
Հրապարակմանը արձագանքեցին տարածքի սեփականատերեր Կարապետ Վարդանյանը, Տիգրան Մեսրոպյանը, Վալերիկ Ալեքսանյանը, Ալեքսանդր Մանուկյանը եւ Մարգարիտա Մխիթարյանը: Ըստ նրանց, ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել: Տարածքը վաճառելու որոշում քաղաքի ավագանին կայացրել է 2008 թվականի փետրվարի 11-ին (որոշում թիվ 05): Ավագանու 14 անդամներից երեքը բացակա են եղել, տասը քվեարկել է տարածքը օտարելու օգտին, մեկը՝ Համլետ Կիրակոսյանը չի մասնակցել քվեարկությանը: Այս որոշմամբ օտարվել է 7114 քմ տարածք, որից միայն 2000 քմ-ն է այս հինգ սեփականատերերինը, յուրաքանչյուրին՝ 400 քմ:
Մեր զրուցակիցները պնդում են, որ մանկապարտեզի տնօրենի ասածները իրականությանը չեն համապատասխանում. «Մենք ցանկապատը չենք քանդել: Մենք ուզում ենք վերականգնել, իսկ ով քանդել է, թող նա էլ պատասխանատվություն կրի: Հարեւան խանութի սեփականատեր Օլգա Սարգսյանը, ով մեր դեմ բողոքում է, մանկապարտեզի տնօրենի մայրն է ու այս ամենը նա է հրահրում: Մանկապարտեզի աշխատողները երբեք մեր դեմ չեն պայքարել, ինչպես պնդում են տնօրենն ու նրա մայրը: Մենք ոչ մի ծառ չենք կտրել: Կարող եք ստուգել: Այսօրվա դրությամբ (զրույցը կայացել է երեկ-խմբ.) այդ տարածքում ոչ մի ծառ չի կտրվել: Այդ Աննա Սարգսյանն էր մեր տարածքում լողավազան կառուցում եւ անգամ քաղաքապետարանի պարզաբանումից հետո, թե դա մասնավոր տարածք է եւ շինարարություն իրականացնելու թույլտվություն չունեք, նրանք չդադարեցրին աշխատանքները եւ կառուցեցին լողավազանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել