Լոռու մարզում շաբաթը մեկ կարկուտ է տեղում, անցած շաբաթ աղետը պատուհասել է նաեւ Լոռու հարեւաններին՝ Շիրակին եւ Տավուշին
Վանաձոր քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչները շաբաթ՝ հունիսի 12-ի երեկոյան մեկը մյուսին ձայն տալով, զանգելով դուրս էին կանչում փողոց: Մարզի բարձրադիր բնակավայրերում տեղացող կարկուտի ու ամպրոպի ձայնը քաղաք էր հասել, ինչն էլ առիթ էր դարձել ենթադրելու, թե երկրաշարժ է: Բարեբախտաբար՝ երկրաշարժ չէր, ցավոք՝ վնասներ բերող կարկուտ ու ամպրոպ էր: «Մի կայծակ սկսվեց՝ ես ասեցի երկինքը կպատռվի, իրար հերթ չտալով շքամուտք վազեցինք», պատմում են մեր զրուցակից վանաձորցիները: Միայն կոտրված ապակիների զնգզնգոցը լսելուց հետո մարդիկ իրենց բնակարաններն են մտել, տեսնելու, թե աղետն ինչքան է վնասել: 82-ամյա Անգին տատը զարմացած է կարկուտի հատիկների չափերից. «Սենց բան ոչ տեսել էինք, ոչ լսել, հա, նորություններով շատ էինք տեսել, որ կարկուտը ձեռներին ցույց են տալիս, բայց է՞ս չափի, մինչեւ հիմա խոտերի մեջ կա, չի հալվել»:
Մարզկենտրոնի արեւմտյան հատվածի բնակելի շենքերի ապակիներն ամբողջության ջարդվել են, առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող տանիքները՝ քանդվել, ջրաբերուկները լցվել են փողոցները, էլեկտրական լարեր են կտրվել: Հունիսի 12-ին, 10-20 րոպե, խոշոր եւ վարար տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Լեռնապատ, Դարպաս, Սպիտակ, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Ջրաշեն, Լեջան, Ուռուտ, Սվերդլով համայնքներին: Մասնագետների կարծիքով, ավելի շատ տուժել են Վանաձոր, Գուգարք, Շահումյան համայնքները:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանի կարծիքով՝ նմանատիպ աղետներից խուսափելու միակ ելքը հակակարկտային կայաններն են, որոնք ինչ -որ չափով կմեղմեն վիճակը: Օրերս ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը Լոռու մարզ կատարած այցի ժամանակ կրկին խոստացել է, որ 2010-13թթ. մարզում ռեագենտային տիպի կայաններ կկառուցվեն, որոնք կարկուտից կպաշտպանեն 500-600 հեկտար տարածք:
Վանաձորցիները դեռես չեն դիմում համատիրություններին, վնասի հետեւանքներն իրենց ուժերով են վերացնում: «Հիմա, որ զանգեցի, գալու են՝ ի՞նչ անեն, եսիմ ինչքան էլ բաց պատուհաններով ու ծակ տանիքով պիտի մնանք, նրանք ի՞նչ անեն, որ մեկին օգնեն, ես արդեն ապակիները գցել եմ, թող տանիքի վերանորոգմանն օգնեն»,- ասում է Նժդեհի 1 շենքի բնակիչ Տիգրան Շահբազյանը: Չնայած վանաձորցիների թերահավատությանը, համատիրությունների աշխատակիցները շրջում են քաղաքում եւ գրանցում վնասի չափերը:
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ի երեկոյան Գյումրիում ուժեղ քամու հետեւանքով Տերյան փողոցի թիվ 121/018 եւ 121/019 տնակների վրա ծառ է ընկել: Փրկարարների ուժերով ծառը մասնատվել է եւ հեռացվել: Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է նաեւ մարզի Աշոցք գյուղի խանութներից մեկի տանիքը՝ 72 քմ մակերեսով, Ոսկեհասկ գյուղում վնասվել են երեք տների եւ մեկ անասնագոմի տանիքները: Քամին եւ տեղացած անձրեւը վնաս են հասցրել Հացիկ գյուղի հողամասերին եւ ցանքատարածքներին: Նույն օրը ժամը 18.20-ից մինչեւ ժ.18.40-ը տեղացած կարկուտից վնասվել են մարզի Կապս, Վահրամաբերդ, Ազատան, Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Հացիկ եւ Ոսկեհասկ համայնքների գյուղատնտեսական հողատեսքերը եւ շինությունների տանիքները: Վնասի չափը ճշտելու նպատակով Շիրակի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Նույն հունիսի 12-ի երեկոյան Տավուշի մարզում տեղացած անձրեւների հետեւանքով սելավաջրերը հեղեղել են Բերդ քաղաքում տեղակայված՝ ՀՀ ՊՆ զորամասի տարածքը: