Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵ՞Ն

Հունիս 15,2010 00:00

\"\"«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ Վրաստանի մշակույթի հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, թե նախարարության Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը պետական բյուջեից հատկացվել է 50 հազար վրացական լարի ($26790)՝ Թբիլիսիի Մուղնեցոց սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Հունիսի 15-ին կսկսվի վերականգնման նախագծի փաթեթի նախապատրաստումը, որին խորհրդատուի կարգավիճակով կմասնակցեն հայաստանցի մասնագետներ:
Հիշեցնենք, որ եկեղեցին փլվել է 2009 թվականի նոյեմբերի լույս 18-ի գիշերը: Թբիլիսիի այս հայկական եկեղեցին չէր գործում 1990 թվականից՝ որակվել էր վթարային եւ ոչ ենթակա վերանորոգման: Սա Վրաստանի մայրաքաղաքում փլուզված երկրորդ հայկական եկեղեցին է, առաջինը Շամխորեցոց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:
Մուղնեցոց սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումից հետո Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը հայտարարեց. «այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե վրաց պատրիարքարանը եւ իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարեւոր հուշարձանները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել