«Երկիր» միության տեղեկացմամբ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին Ֆրանսիա կատարած իր այցի շրջանակներում հունիսի 8-ին Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում հանդես է եկել զեկուցումով: Հարցուպատասխանի ընթացքում ջավախահայության վիճակի մասին նրան հարց է ուղղել ֆրանսահայ «Նոր սերունդ» կազմակերպության (https://www. norseround.fr) ներկայացուցիչը: Ստորեւ ներկայացնում ենք պրն Սահակաշվիլու պատասխանի կապակցությամբ «Նոր սերունդ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության հայերեն թարգմանությունը՝ կատարված «Երկիր» հ/կ միության կողմից (որոշ կրճատումներով):
«Վրաստանի նախագահին ուղղվեց հետեւյալ հարցը. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական եւ եվրոպական դիտորդների, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների եւ մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները՝ կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փոքրամասնությունների առավել լիարժեք ներկայացվածությունը Վրաստանի քաղաքական եւ մշակութային կյանքում»:
Վրաստանի նախագահը հայտարարեց. «Ես չգիտեմ, թե ինչ զեկույցների մասին եք դուք խոսում, ձեր ասածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել լուրջ կազմակերպություն, որը մեզ նման բաներ ասի»: Սահակաշվիլին այնուհետեւ հայտարարեց, որ. «Հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով, նրանց 88%-ը նույնիսկ քվեարկել է իմ օգտին՝ վերջին նախագահական ընտրությունների ընթացքում եւ 87%-ը՝ իմ կուսակցության օգտին անցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում»: Սահակաշվիլին ավարտեց իր պատասխանը՝ խորհուրդ տալով «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցչին իր հիշատակած զեկույցները «նետել աղբարկղ»:
«Նոր սերունդ» կազմակերպությունը վրդովված է Վրաստանի գործադիր իշխանության ղեկավարի վերաբերմունքով, որը բացահայտորեն մերժում է ջավախահայության վիճակի վերաբերյալ իրական փաստերը: Բավականին յուրահատուկ է Վրաստանի նախագահի այն արտահայտությունը, որ ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի հանձնարարականները, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնց Վրաստանն անդամակցում է, պետք է «դեն նետել»: