Պայմանագիր չեն կնքել, բայց պահանջել են
Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում միշտ էլ ջրի պակաս է եղել, ջուրը մատակարարվել է անկանոն, եղածն էլ խիստ կասկածելի որակ է ունեցել: Երեւի հենց դրա պատճառով է, որ համարյա ամեն ամառ գյուղում դեզինտերիայի դեպքերն անպակաս են, երբեմն էլ, կարելի է ասել, համաճարակի բնույթ են կրում: Գյուղացիները երկար տարիներ բազմաթիվ բողոքներ են ներկայացրել գյուղապետերին, սանէպիդկայան, ջրմուղ, բայց հետեւողական չեն եղել, որովհետեւ, նախ՝ հույս չունեն, թե որեւէ պատկան մարմին կարձագանքի իրենց բողոքին եւ հետո էլ՝ միշտ վախեցել են, որ եղածն էլ կկտրեն ու իրենք ստիպված կլինեն մի քանի կիլոմետր հեռու գտնվող աղբյուրներից էշերով ու ձիերով ջուր բերել: «Շատ է պատահել, որ գյուղում օրերով ջուր չի եղել ու ստիպված ձեռքով կրել ենք հին գյուղի աղբյուրներից, կամ էլ, ով մեքենա ունի, քարուքանդ ճանապարհով հասել է գյուղից 7 կմ հեռու Երեւան-Գորիս մայրուղու խաչմերուկ»,- դժգոհում են շինուհայրցիները:
Երկար տարիներ, գյուղապետարանի որոշմամբ, ամեն տուն պարտաճանաչ 500 դրամ ջրի վարձ է մուծել: Ջրաչափեր տեղադրելու մասին կառավարության որոշումից հետո էլ շատերը ջրաչափ չեն տեղադրել կամ ուշ են տեղադրել եւ շարունակել են մուծել 500 դրամները:
Անցյալ տարվա աշնանը գյուղն անակնկալի էր եկել, քանի որ սեփականատերերի մեծ մասը ծանուցագրեր էր ստացել դատարանից, որով տեղեկացվել էին «Հայջրմուղկոյուղուն» ունեցած հսկայական պարտքերի մասին: Դատարանն էլ համատարած դրանք բավարարել էր՝ հիմք ընդունելով կառավարության այն որոշումը, որ յուրաքանչյուր մարդ օրական օգտագործում է 200 լիտր ջուր:
«Առավոտը» անդրադարձել է այս խնդրին, մասնավորապես՝ ներկայացրել 82-ամյա Վարդուհի Ստեփանյանի բողոքը: Դատարանը որոշել էր նրանից՝ հօգուտ «Հայջրմուղկոյուղու» գանձել 52 հազար դրամ: Վ. Ստեփանյանը վճիռը չէր բողոքարկել, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ չէր կարող հասնել Երեւան՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, հետո էլ՝ 10 000 դրամ պետտուրքը թոշակառուի համար մեծ գումար է, նաեւ համոզված չէր, որ վերաքննիչն իր՝ շարքային քաղաքացու շահերը կպաշտպանի: Նա մեզ տեղեկացրեց, որ արդեն երկրորդ ամիսն է՝ ԴԱՀԿ ծառայությունը իր 17.000 դրամ թոշակից 9.000 դրամ պահում է հօգուտ ջրմուղի: «Ոչ մեկին չի հետաքրքրում, թե մնացած կոպեկներով ես ինչպես պետք է ապրեմ, նաեւ պահեմ իմ խնամքին մնացած անչափահաս թոռներիս: Միշտ պարտաճանաչ վճարել եմ սահմանված 500 դրամը եւ ոչ մեկը չի ասել, թե քիչ է կամ պարտք ունեմ, ինչպե՞ս եղավ, որ տարիներ անց հանկարծ հսկայական պարտքեր գոյացան: Ջրմուղն ինչ ուզում՝ ներկայացնում է դատարան, դատարանն էլ կառավարության որոշումն է մեջտեղ բերում: Մեկը չկա հարցնի՝ կառավարությունն ի՞նչ է արել իր որոշումը կյանքի կոչելու համար, մեզ ապահովե՞լ է նախատեսած չափի ու որակի ջրով: Կամ՝ ինչո՞ւ ժամանակին չեն հիշեցրել պարտքերի մասին: Ես ջրմուղի հետ պայմանագիր չեմ կնքել, հետաքրքիր է, այդ փողը ի՞նչ հիմքով են փոխանցում նրան: Եվ հետո, ինչքան ես տեղյակ եմ՝ թոշակից որեւէ գանձում անելու իրավունք չունեն: Այս գյուղը բոլորի կողմից մոռացված է ու մեզ հետ ինչպես ուզում՝ այնպես էլ վարվում են: Բողոքարկման մասին ծանուցագիր ստացա, բայց արդեն ժամկետն անցած էր, ու դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, այնպես, ինչպես ոչ ոք պատասխանատվություն չի կրում դատարկված գյուղերի ու գյուղացիների թշվառ վիճակի համար: Ցանկացած օրենք այստեղ գործում է «ընդդեմ շարքային քաղաքացու» սկզբունքով: Մի բան է միայն պարզ. ով ինչ իշխանություն ունի, միայն մի նպատակի է ծառայեցնում՝ ժողովրդին թալանել ու հացի կարոտ դարձնել»,- ասաց Վ. Ստեփանյանը: