Քրեական գործ՝ Գյումրու քաղաքապետի եղբոր դեմ
Գյումրու քաղաքապետարանի նախկին գանձապահ Ռիմա Հովհաննիսյանի բողոքով վերջերս Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քաղաքապետի ավագ եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի դեմ: Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ Գ. Ղուկասյանն իրեն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ի անունով գնել է Գյումրու Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկներում գտնվող տարածքը, եւ ի հաշիվ ծառահատումների, կառուցել է առեւտրի ու սպասարկման օբյեկտ: Տեղեկացնենք, որ խոսքը քաղաքի կենտրոնական այգու (որը գյումրեցիներին հայտնի է «Կալբասի սադ» անունով) ծառերի մասին է: Համայնքին պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով այս պահին նշանակված է ապրանքագիտական փորձաքննություն, որը կատարվում է մայրաքաղաքում: Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասով հարուցված գործը՝ «Ծառերի, թփերի ապօրինի հատում», նախատեսում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով տուգանք, իսկ եթե տվյալ անձը պաշտոնյա է՝ պաշտոնազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով: Նկատենք, որ մարզի քննչական բաժինը սկզբում փորձել է ծածկադմբոց անել՝ մերժելով քրեական գործի հարուցումը, սակայն Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Գրիգորյանը, ուսումնասիրելով քննչական բաժնում նախապատրաստված նյութերը, քննիչին հասկացրել է՝ նորմալ աշխատել: Դատախազի գրության մեջ առկա է. «Շուրջ չորս ամիս տեւած նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կոնկերտ գործողություններ չեն կատարվել՝ ծառերի հատման փաստը հիմնավորելու, դրանք կատարող անձանց բացահայտելու, պատճառած վնասի չափը ճշտելու եւ նոր միայն ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Չի պարզվել, թե մինչ տարածքն «Ամբերդ» ՍՊԸ-ին վաճառելը՝ ում կողմից է վարձակալած եղել այն, քանի հատ, ինչ տեսակի ծառեր են եղել տարածքում, չի պարզվել ում կողմից է իրականացվել «Սպասարկման կենտրոնի» շինարարական աշխատանքները, ովքեր են աշխատել կառույցում, ինչ է նրանց հայտնի ծառերի հատման վերաբերյալ, չի նշանակվել փորձաքննություն, չի որոշվել ծառերի տեսակները, հատման հետեւանքով պատճառած վնասի չափը եւ այլն: Հետեւաբար, այս պայմաններում, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավորված չէ եւ ենթակա է վերացման»: Նշենք, որ այս գործում իրավապահներին թերեւս զարմացրել էր այն, որ քաղաքապետարանի նախկին գանձապահ Ռիմա Հովհաննիսյանը չի թաքցրել, որ ինքը քաղաքապետի եղբոր դեմ բողոք է ներկայացրել՝ ելնելով ոչ թե հասարակական շահերից, այլ անձնական նկատառումներից: Տիկինը հայտարարել է, որ ինքը քաղաքապետարանից պահանջում է սեփականաշնորհել իր ավտոտնակը, բայց քանի որ մերժում են, պատճառաբանելով, թե այն կանաչ տարածք է, չի կարելի, հետեւաբար նա «մտաբերել» է քաղաքապետի եղբոր ծառահատումների փաստը՝ առաջնորդվելով «Ինձ չի կարելի, ձեզ կարելի՞ է» սկզբունքով:
Ի դեպ, «Առավոտը» «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ծառեր են ոչնչացվել նշյալ տարածքում, վերջինս թեեւ նշեց, որ ինքն այդ ժամանակ ակտիվ գործունեությամբ չի զբաղվել, սակայն հիշում է (նաեւ լուսանկարներն է տեսել), որ դրանք եղել են 50 եւ ավելի տարիք ունեցող բարդիներ: