Երեկ Գետառի հունը մաքրող անձնակազմը զարմանքից ապշել էր գետում թափված աղբի քանակությունից: Մաքրման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էր, երեկ առավոտից հսկայական մեքենաներով ու գործիքներով զինված բանվորները գետից ինչ ասես, որ չէին հանում: Գետի հարակից բնակավայրերի բնակիչները, առանց մտածելու, թե իրենց վարվելակերպն ինչ աղետալի հետեւանքներ կարող է առաջացնել՝ կենցաղային աղբից սկսած մինչեւ շինարարական աղբ ու ավտոմեքենայի մասեր գետն էին լցրել: Մաքրման աշխատանքները սկսվեցին Կենտրոն վարչական շրջանի Աբովյան-Սարալանջ թաղամասով հոսող գետի հունից: Լրագրողների ներկայությամբ գետի 300 մետր տարածքից դուրս բերվեց մոտավորապես 400 խմ աղբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս տարածքում աղբամաններ չեն տեղադրվում կամ այլ ձեւով աղբահանության խնդիրը չի լուծվում, որ բնակիչներն իրենց աղբը նետում են գետը: Ըստ նրա, այս տարածքում կան աղբամաններ, սակայն վերեւի բնակիչները չեն իջնում եւ այնտեղ աղբ չեն թափում. «Հարցն այն է, որ այս տարածքի բնակիչներից ոչ մեկը թույլ չի տալիս իր տան մոտ աղբաման տեղադրել: Այստեղ չկա հատված, որ տուն չլինի, դրա համար էլ անցնելու ենք զանգային մեթոդին: Բնակիչների հետ ժամ կպայմանավորվենք, եւ աղբահավաք մեքենան կգա բնակիչներից աղբը վերցնելու: Ճիշտ կլինի, որ ամեն բնակիչ ինքը հասկանա, որ այս գետի մաքրությունը իրենց համար է, իրենց երեխաների համար»: