Բնակչությանը զրկելով պետպատվերի հնարավորությունից
Կառավարության որոշմամբ, հուլիսի 1-ից Երեւանի «Արաբկիր», «Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններում կմեկնարկի համավճարի սկզբունքով փորձարարական ծրագիրը: Եթե ծրագիրն արդարացնի՝ կներդրվի հանրապետության բոլոր բուժհաստատություններում:
«Համավճարը վերաբերում է պետպատվերով բուժվող բնակչությանը: Այսինքն՝ պետպատվերով բուժում ստացող բնակչության համապատասխան ցանկ էր սահմանված, հիմա էլ այս որոշմամբ կարգ է սահմանվում, թե ովքեր չեն օգտվելու համավճարից՝ 36 եւ ավելի սոցիալական նիշ ունեցող մարդիկ, զորակոչիկներ, ծնողազուրկ երեխաներ, պատերազմի մասնակիցներ»,- երեկ պարզաբանեց առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետ Վահան Պողոսյանը՝ վստահեցնելով. «Եթե այսօր հիվանդը գալիս է ու ամեն դռան հետեւում իրեն մի գին են ասում, ապա այս դեպքում վճարը մի տեղում է լինելու եւ վճարողն իմանալու է՝ ինչ արժե ծառայությունը: Մենք օրինականացնում ենք այն ստվերային գումարները, որոնցից բնակչությունը դժգոհում էր: Հավատացեք, այս սկզբունքով կանգնած ենք բնակչի կողքին»: ԱՆ պետական առողջապահության գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանն էլ ասաց. «Ի՞նչ է համավճարը, կա ծառայությունների իրական արժեք, կա պետության կողմից վճարվող մաս եւ կա տարբերություն, բնակիչը վճարելու է այդ տարբերությունը: Մենք նպատակ ունենք բուժհիմնարկ դիմողի համար կանխատեսելի դարձնել իր ծախսերը»: Պարոն Տեր-Գրիգորյանի խոսքերով, համակարգի ներդրմամբ, մինչեւ 7 տարեկան երեխաների համար էլ բուժօգնությունը կդադարի անվճար լինել. համավճարը դեռեւս չի անդրադառնա ծննդօգնությանը: «Բայց հնարավոր է հետագայում անդրադառնանք ծննդօգնությունը համավճարի սկզբունքով դարձնելուն: Ինչ վերաբերում է երեխաներին, ասեմ, որ բնակչության համար ապահովելու ենք նույն ալտերնատիվ ծառայությունները ոչ համավճարային մեխանիզմներ ունեցող մյուս հիվանդանոցներում, հիվանդը կընտրի՝ համավճարից օգտվի՞, թե՞ ոչ»,- չբացառեց ԱՆ պետական առողջապահության գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Նա նաեւ հավելեց, որ համավճարից ստացված գումարների 65%-ը կուղղվի բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: «Պետպատվերը մեր երկրում չի աշխատել, եթե աշխատել է, ապա շատ անարդյունավետ»,- «Առավոտի» հետ զրույցում նկատեց «Tansparency international» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Նրա կարծիքով, կառավարությունը կազմակերպում է ծրագրեր, որոնք մեզ մոտեցնում են առաջադեմ երկրներին, բայց. «Նորից այն չի ապահովում որակ»: Տիկին Կոստանյանի կարծիքով, դեռ հարց է՝ համավճարի ներդրմամբ կբարձրանա՞ն բուժաշխատողների աշխատավարձերը. «Բոլորս էլ գիտենք, որ մեր վճարած գումարը գնում է տնօրինությանը, իսկ ցածր կարգի բուժաշխատողներին կամ չի հասնում, կամ հասնում է կոպեկներ, եւ նրանք նորից հիվանդից փող են ուզում, կարծում եք այս դեպքում համավճարը ստվերային գումարները կկրճատի՞, քիչ հավանական է: Պետությունը կարծես թե արդարացնում է, որ նրանք գումար շորթելով են զբաղված, բայց սրանով չեն լուծում սոցիալական հարցը, իսկ ինչ անեն մարդիկ, որոնք չեն կարող համավճարի իրենց մասը վճարել, մեր պետությունը պատրա՞ստ է հոգալ այն մարդկանց համար, ովքեր իսկապես ի վիճակի չեն լինի վճարել իրենց բաժինը: Սոցիալական անարդարության հարց կա, եւ անապահով խավի մարդիկ էլի տուժելու են»: