Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱԿՈՒԾՈՒԿԵՐՈՒՄ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ

Հունիս 15,2010 00:00

Մանուկների անվտանգության եւ առողջության հաշվին մանկապարտեզներում բիզնես են անում

\"\"

Մեր տեղեկություններով՝ օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը ստուգումներ է կատարել եւ առանձնապես մեծ խախտումներ չի հայտնաբերել. մանուկներից քսուկ է վերցրել, հայտնաբերել, որ որոշ երեխաներ աղիքային խնդիրներ ունեն ու հեռացել: Իրականում տեսչության աշխատակիցների ստուգումներին պատրաստվելու համար մանկապարտեզի տնօրինությունը քրտինք է թափել, որ ամեն ինչ «մաքուր» դուրս գա:
Խնդիրն այն է, որ մանկապարտեզներում, կախված շենքային պայմաններից, մահճակալների քանակից եւ այլն, պետք է սահմանափակ թվով երեխաների ընդունեն: Բայց քանի որ յուրաքանչյուր «ստվերային» երեխայի վարձից է կախված մանկապարտեզի տնօրինության ստվերային եկամուտը, մանկապարտեզներում այդ չափանիշը շատ դեպքերում չի պահպանվում: Արդյունքում՝ երբ մի խմբակում պետք է լինի 20-22 երեխա, ընդգրկում են 35-40 երեխա ու նրանց անվտանգության, առողջության հաշվին բիզնես են անում: Դաստիարակն ու դայակը, որքան էլ ուշադիր, հոգատար լինեն, ֆիզիկապես ի վիճակի չեն միաժամանակ հետեւել 40 երեխայի ուտելու, քնելու, միզելու, խաղալու գործընթացին, հետեւաբար՝ պատահարներից խուսափելն անհնարին է:
Կոնկրետ՝ «Հեքիաթ» մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը գերազանցում է թույլատրելի նորման, սակայն Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները երբեւէ այդ մանկապարտեզում խախտումներ չեն հայտնաբերում, գնում են, հաշվում են երեխաներին, ստուգում սրբիչները, մաքրությունը,, եւ ամեն ինչ նորմալ է լինում: Այդ մանկապարտեզ հաճախող երեխաների բազմաթիվ ծնողներ, առանց իրենց անունները հրապարակելու, վստահեցնում են, որ խմբերը գերբեռնված են, որ, օրինակ, ընկեր Հայկուհու խմբում 40 երեխա կա, մյուս խմբերում՝ 35, 37: Թե ինչպես է ստացվում, որ տեսչության աշխատակիցներն այդ, այսպես ասած, «ավելորդ» երեխաներին չեն նկատում, պարզվում է՝ ստուգումների ժամանակ դաստիարակների թվացյալ ժպիտների, տնօրենի թվացյալ հանգստության ներքո մեծ խուճապ ու իրարանցում է լինում: Մինչ ստուգող մարմինը հաշվում է մի խմբի երեխաներին, մյուս խմբերից «ավելորդ» երեխաներին «չլչլում» են մի սենյակից մյուսը, դահլիճում են թաքցնում, խառնում արդեն ստուգված խմբերի երեխաների հետ ու այդ թատրոնի արդյունքում ջրից չոր դուրս գալիս: Մենք տեղեկություններ ունեինք, որ օրերս միջին տարիքայինների խմբում (դաստիարակչուհին ընկեր Հայկուհին է) աղիքային վարակ է տարածվել, տեսչության աշխատակիցների՝ երեխաներից վերցրած քսուկի անալիզից հետո մի երեխայի մոտ հայտնաբերվել է աղիքային հիվանդություն՝ ճիճու: Երբ այդ երեխայի ծնողին զգուշացվել է, որ երեխան հիվանդ է, ծնողն անհանգստացել է, տարել է տարբեր հիվանդանոցներ, բայց երեխայի մոտ այդպես էլ որեւէ աղիքային խնդիր բժիշկները չեն ախտորոշել: Պատճառն այն է, որ ստուգումների ժամանակ «ստվերային» երեխաներին բացակա երեխաների անուն-ազգանունների տակ են ներկայացնում, ուստի քսուկներն ու դրանց անալիզների պատասխանները չեն համապատասխանում:
Որպեսզի այս խնդիրը «պատի տակի խոսակցություն» չլինի եւ փաստացի հիմնավորումներ ունենանք, «Հեքիաթ» մանկապարտեզում կատարվածը վերլուծելու համար խնդրեցինք Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը պատահական օր «Առավոտի» լրագրողի հետ այցելել այդ մանկապարտեզ, ստուգել բոլոր «ծակուծուկերն» ու թաքնված երեխաներին ջրի երես հանել: Սակայն տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը տեղեկացրեց, որ դա օրենքով արգելվում է. «Ստուգումների ժամանակ հստակ նշված է լինում, թե ովքեր պետք է մասնակցեն, կողմնակի մարդիկ չեն կարող լինել»: Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ մայիսի 17-ին «Հեքիաթ» մանկապարտեզում հերթական ստուգումներ են անցկացվել, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Իսկ օրերս էլ կասկածելի դեպք է եղել, եւ տեսչության աշխատակիցները դարձյալ ստուգումներ են արել՝ կասկածները ժխտվել են. «Միայն 6 տարեկան մի երեխա մոնոմուկլեոզ ինֆեկցիա է ունեցել, բայց դա սարսափելի վարակ չէ, ուստի միջոցներ չեն ձեռնարկվել»: Պարոն Հակոբյանը նշեց, որ տեսչությունը ստուգումներից 3 օր առաջ զգուշացնում է մանկապարտեզի տնօրինությանը, այնպես որ, նրանք ժամանակ ունեն պատրաստվել ստուգումների:
Նշենք, որ սրանից 3 տարի առաջ՝ 2007-ի մայիսին «Հեքիաթ» մանկապարտեզում դժբախտ դեպք էր եղել: Ընկեր Գայանեի խմբի երեխաներից մեկը քթի վնասվածքով մանկապարտեզից տեղափոխվել էր Մալաթիայի բուժկենտրոն, այնտեղից էլ՝ «Արմենիա» հիվանդանոց («Առավոտ», 05.06.2007թ.): Ընդ որում, այդ դեպքը եղել էր քնի ժամին: Այդ ժամանակ ծնողները բողոքել էին, որ մանկապարտեզում երեխաներին հերթով են քնեցնում, քանի որ մահճակալների քանակը քիչ է, եւ դժբախտ դեպքից հետո, երբ պարզվեց, որ քնի ժամին երեխան, չգիտես ինչու, խաղալիս է եղել ու ընկել՝ դա եւս ապացուցում էր, որ մանկապարտեզն իսկապես գերբեռնված է գործում:
Մանկապարտեզի տնօրեն Նունե Եղոյանը կտրականապես հերքել էր այդ դեպքը՝ ասելով, թե «նման դեպք չի եղել, Աստված չանի՝ լինի», մինչդեռ հիվանդանոցից «Առավոտին» հաստատել էին, որ այդ մանկապարտեզից իսկապես երեխա են բերել իրենց մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել