ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի միջեւ խնդիրներ կա՞ն
Շաբաթ օրը ՀՀՇ կուսակցության վարչության նիստի ժամանակ կուսակցության փոխնախագահի պաշտոնից եւ վարչության կազմից դուրս գալու հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրա դիմումն ընդունվել է ի գիտություն. վարչությունը դեռեւս չի քվեարկել եւ իր դիրքորոշումը չի հստակեցրել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչության նիստի ժամանակ Խաչատուր Քոքոբելյանին մեղադրել են ՀՀՇ-ում «իշխանության դրածո» լինելու մեջ: Նման մեղադրանքների հիմք է հանդիսացել նրա գործարար լինելու հանգամանքը. ՀՀ տարբեր մարզերում նա բավական լուրջ բիզնեսներ ունի՝ քարի հանքեր, ՀԷԿ-եր: Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, այդ գործերում համասեփականատեր է նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Վարչության հիշյալ նիստում իր վստահության հարցն է բարձրացրել նաեւ պարոն Զուրաբյանը: Վերջինիս հարցը օրակարգում չի ընդգրկվել՝ վարչությունը միաձայն վստահություն է հայտնել իր նախագահին: Ասում են, իբր, Քոքոբելյանը վերջին շրջանում փորձել է ՀՀՇ վարչությանը հասկացնել, թե ինքը տիրապետում է միջազգային կազմակերպությունների, մասնավորաբար՝ NDA-ի հարցումների տվյալներին, ըստ որոնց՝ ՀՀՇ-ն առնվազն 10% ռեյտինգ ունի, հետեւաբար պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի միայնակ: Այս հարթության մեջ Քոքոբելյանն, իբր, փորձել է «սեպ խրել» ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի միջեւ: Ի դեպ, վերջերս Քոքոբելյանի՝ «դրածո» լինելու մասին բացահայտ խոսում էին ՀԱԿ-ում:
Միջադեպի առիթով Խաչատուր Քոքոբելյանի կարծիքը պարզել չհաջողվեց. երրորդ օրն է, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Չխոսեց նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Իսկ ՀՀՇ վարչության անդամների կարծիքը երկու մասի է բաժանվում՝ «Դե, ինչ կա՝ կա. թող Խաչիկն իր պարզաբանումները տա՝ պարզ կլինի, թե ինչն ինչոց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին վարչության որոշ անդամներ: Իսկ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար, վարչության անդամ եւ լրատվության հարցերի պատասխանատու Կարեն Կարապետյանն «Առավոտի» համար այսպես պարզաբանեց իրավիճակը. «Եթե անգամ վարչության կազմից եւ փոխնախագահի պաշտոնից դուրս գա՝ Քոքոբելյան Խաչիկը շարունակելու է մնալ ՀՀՇ անդամ եւ նույն սկզբունքայնությամբ շարունակելու է պայքարել հանուն ժողովրդավարական արժեքների վերականգնման, այսինքն՝ այս իշխանությունների դեմ: Այն լուրերը, որոնք տարածվում են Խաչիկի վերաբերյալ՝ հերյուրանք են: Խաչատուր Քոքոբելյանն ուղղակի բանսարկության զոհ է: Իրականում նա որոշակի տարաձայնություններ է ունեցել ՀԱԿ-ի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին արտահայտվել է հրապարակավ: Մասնավորապես, միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը, նա առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի որոշակի եւ վճռական գործողություններով: Ինչ վերաբերում է կատարվածի վերաբերյալ ասեկոսեներին, ապա դրանք հավանաբար պայմանավորված են այն հանգամանքով, որ ի դեմս Քոքոբելյանի՝ որոշ անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում»: Թե ովքե՞ր են դրանք՝ մեր զրուցակիցը դեռեւս չցանկացավ մանրամասնել: Իսկ Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը թեմայի շուրջ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենք զբաղվում են միայն միջկուսակցական հարաբերություններով: