Լրահոս
Օրվա լրահոսը

Կհանձնեն դեղին համարանիշները

Հունիս 15,2010 00:00

«Առավոտը» քանիցս անդրադարձել է դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով երթեւեկող տաքսիների միջեւ կառավարության կողմից ցուցաբերվող խտրական մոտեցմանը: Վերջին անդրադարձները եղան մայիսի 25-ին («Մենք էլ մտնե՞նք անօրինական դաշտ») եւ 28-ին («Վերին արտի ցորե՞ն են»), երբ տեղեկացրինք, որ դեղին համարանիշներով տաքսիների վարորդները հոգնել են երեք տարի ձգվող խտրականությունից եւ մտադիր են իրենց հարցը չկարգավորվելու դեպքում ուղղակի հանձնել դեղին համարանիշները եւ քշել սպիտակ համարանիշներով տաքսիներ: Ըստ «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ-ի համանախագահ Գեւորգ Դոստուրյանի՝ նախորդ շաբաթ իրենք՝ մոտ 400 վարորդներ, դիմել էին տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ պահանջելով, որ 2007-ի սկզբին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը գործի բոլորի համար: Ըստ Գ. Դոստուրյանի, քանի որ օրենքի ընդունումից երեք տարի անց ոչինչ չի փոխվել, եւ իրենք տուժում են իրենց օրինապահության համար, որոշել էին, որ եթե մինչեւ երեկ՝ հունիսի 14-ը, որեւէ շոշափելի շարժ չտեսնեին կառավարության կողմից, ապա հունիսի 16-ին իրենք պետք է հավաքվեին, հանեին իրենց տաքսիների համարները եւ տանեին հանձնեին նախարարություն: Ըստ պարոն Դոստուրյանի՝ այդ ակցիային մասնակցելուն իրենց համաձայնությունն էին տվել նաեւ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ տրանսպորտի ու կապի նախկին փոխնախարար Դավիթ Երիցյանը: Սակայն պատգամավորները նախորդ ուրբաթ օրը վարորդներին առաջարկել են մեկ շաբաթ ժամանակ տալ իրենց, որի ընթացքում կփորձեն կառավարության հետ այդ հարցը լուծել: Վարորդները համաձայնվել են եւ սպասում են մինչեւ հունիսի 21-ը.  «Եթե էլի ոչինչ չլինի, ամսի 21-ին կհավաքվենք, համարները կհանենք, արկղերի մեջ կդասավորենք եւ մի չորս-հինգ հոգով (չենք ուզում 400-ս էլ գնանք՝ ավելորդ աղմուկ լինի), պատգամավորների եւ ԶԼՄ-ների ուղեկցությամբ, կտանենք նախարարություն ու կհանձնենք»,- իրենց պլանները ներկայացրեց պարոն Դոստուրյանը եւ շարունակեց. «Անընդհատ տարբեր պատճառաբանություններ են բերում: Գյումրիում տաքսու վարորդների դժգոհություններն են հիշեցնում: Այո, մենք ընդունում ենք, որ  Գյումրիում իրավիճակն ուրիշ է, այստեղի հետ համեմատելի չէ, բայց թող տարբերակված մոտեցում ցուցաբերեն՝ ի՞նչն է խնդիրը: Թող Գյումրին, այլ խոցելի վիճակում գտնվող տարածքներ, հեռավոր շրջաններ հանգիստ թողնեն, բայց Երեւանում եւ երեւանամերձ տարածքներում՝ Աբովյան, Մասիս, Էջմիածին եւ այլն, պետք է օրենքը վերջնականապես գործի, պետք է ապահովվի հավասարություն: Այդ օրենքը հո միայն մեզ համար չե՞ն գրել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել