Զգուշանում են արհմիութենականներն ու ծնողները
ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում էր ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ազգային ժողովում նախագիծը կքննարկեն նաեւ նոր նստաշրջանի ընթացքում: Կառավարության հեղինակած նախագծում օրենսդրական մի շարք նորմեր հասարակության լայն շրջանակների մտահոգության տեղիք են տալիս: Մասնավորապես մտահոգիչ էր աշխատողի եւ գործատուի միջեւ բանավոր պայմանագրի ինստիտուտը սահմանող նորմը: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պարզաբանեց. «Բանավոր ասվածը մինչեւ իրավական ակտի գոյությունն է: Գործատուն եւ աշխատողը բանավոր պայմանավորվում են եւ պայմանավորվածությունը վերածում իրավական ակտի, բայց քանի որ բանավոր բառը այդքան մտահոգությունների ու սխալ ընկալումների առիթ դարձավ, երկրորդ ընթերցմամբ բանավոր բառը հանեցինք, պայմանագիրը լինում է գրավոր»: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաեւ մինչեւ 16 տարեկան անձանց ժամանակավոր աշխատանքներում ընդգրկելու, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան անձանց ստեղծագործական աշխատանքների կատարմանը ընդգրկելու կարգը: Մեր դիտարկմանը, թե այս կարգով անչափահասները կհայտնվեն ծայրահեղ խոցելի իրավիճակում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Դրանք կոնվենցիայի դրույթներ են, ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ մենք, պետք է ընդունենք»: Անչափահասներին աշխատելու թույլտվությունը ոչ միայն մտահոգում, այլեւ նյարդայնացնում է «Առավոտին» դիմած երկու անչափահաս երեխաների մայր Կարինե Նավասարդյանին. «Հայաստանում նույնիսկ մեծահասակներն իրենց աշխատանքային իրավունքներից տեղյակ չեն, իսկ հայ գործատուները մարդ են ման գալիս, որ խաբեն, շահագործեն, «գցեն», պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեն անչափահասներին, պարզապես ստրուկի նման կաշխատեցնեն՝ որպես էժան աշխատուժ՝ «Գիքոր»… Մեր իշխանությունները անմտածված որոշումներ են ընդունում. այն, ինչ գործում է արտերկրում, մեզ մոտ նույն իրավական կարգով կգործի՞»: Անչափահասների շահագործման մտավախությունը ուներ նաեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱԿ) փոխնախագահ Բորիս Խառատյանը. «Աշխատանքային առումով ամեն ինչ հնարավոր է»: Մյուս կողմից էլ՝ նա կարծում է. «Եթե կարող է, առողջությունը թույլ է տալիս, ինչո՞ւ հնարավորություն չտանք նրանց աշխատել, ի վերջո հստակ սահմանվում է՝ միայն առողջությանը, անվտանգությանը, կրթությանը եւ բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում ընդգրկելու հնարավորությունը»:
Փոփոխությունների շրջանակում նախատեսվում է նաեւ գործատուին տալ իր նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից ազատելու հնարավորություն՝ այլ աշխատողի սահմանադրական իրավունքը խախտվելու պատրվակով: Այս նորմի վերաբերյալ ՀԱԿ-ի փոխնախագահը նկատեց. «Սա քրեորեն հետապնդելի արարք է, այն գործատուի լիազորությունների մեջ չի մտնում. սա արդեն դառնում է Սահմանադրության խախտում, գործատուն ի՞նչ իրավունք ունի վճիռ կայացնելու, թե խախտվել է ինչ-որ մեկի սահմանադրական իրավունքը, գործատուն կարող է պատժիչ տույժի ենթարկել, եթե ներքին կարգապահական կանոններ են խախտվել եւ այլ դեպքերում»: ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի խոսքով էլ՝ առաջին հերթին պետք է հիմնավորվի, որ սահմանադրական իրավունքի խախտում է եղել, իսկ հիմնավորման դեպքում գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին աշխատանքից: Մեր այն հարցին, թե հեշտ կլինի՞ հիմնավորելը, նա պատասխանեց. «Այս նորմը հստակեցման կարիք ունի, առաջիկա նիստերին կզբաղվենք սրանով»: ՀԱԿ փոխնախագահ Բ. Խառատյանին մտահոգում է նաեւ նախագծում տեղ գտած մեկ այլ փոփոխություն, ըստ որի՝ կոլեկտիվի կողմից ընտրված ներկայացուցիչներին նախատեսվում է տալ արհմիությանը հավասար իրավունքներ. «Սա օրենսդրական ոչ մի նորմի չի համապատասխանում, խնդիրն այն է, որ այս կառույցին տրվելու են հավասար իրավունքներ (բացառությամբ գործադուլ անելու իրավունքից)՝ առանց պատասխանատվության եւ պարտականությունների, նման կառույցը ինչի՞ն կօժանդակի, նման կառույցը միայն խնդիրներ է ստեղծելու գործատուի եւ պետության համար»: Հ. Հակոբյանի պարզաբանմամբ՝ իրավունքները համահավասար չեն լինելու. «Աշխատավորների ներկայացուցիչների գաղափարը, որպես ինստիտուտ, նրա համար է, որ այն ձեռնարկությունները, որոնք չունեն արհմիութենական կազմակերպություններ, նրանց շահերը լինի պաշտպանող: Արհմիություններին տվել ենք իրավունք, օրինակ՝ գործադուլ կազմակերպելու, իսկ աշխատավորների ներկայացուցիչներին տվել ենք միայն պարտականություն՝ պաշտպանել աշխատավորների շահերը»: Կոնֆեդերացիայի փոխնախագահը մտահոգություն ունի նաեւ «Աշխատանքային օրենսգրքից» հղիների եւ երեխային խնամող աշխատողների համար երաշխիքներ սահմանող նորմերը հանելու վերաբերյալ. «117-րդ հոդվածով երաշխավորվում էր, ինչը հիմա լրիվ հանել են, հիմա ասում են՝ երաշխիքը 172-րդ հոդվածն է՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքը երաշխավորվում է, բայց երաշխավորվում է, եթե ծնողը արձակուրդի մեջ է, իսկ եթե արձակուրդի մեջ չէ՞ ու աշխատում է, այստեղ են խճճել»: Ըստ պատգամավորի՝ «Հղի կանանց հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը՝ դեռ մի ամիս էլ տալիս ենք, նոր բան ենք ավելացնում, երաշխիքները պաշտպանվում են»: