Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշավոր մոտեցում՝ ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովին

Հունիս 15,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության հիմնական առաքելությունն է համարում թուրք-ադրբեջանական նախաձեռնությունների չեզոքացումը:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչը պատրաստվում է նամակներով դիմել ԵԽԽՎ այն պատվիրակներին, որոնք հունիսի 9-ին ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» հռչակագիրը: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նաեւ հայտնեց. «Խմբակցությունն այս պահին աշխատում է բանաձեւի մեկ այլ նախագծի վրա, որը շրջանառության մեջ կդրվի ԵԽԽՎ-ում: Այն վերաբերում է Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին հակառակ գործելուն, անցած տարիների ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ նրա ձեռնարկած քայլերին, ռազմականացմանը, վերջերս ընդունված ռազմական դոկտրինին եւ այլն: Այսինքն՝ մենք փորձելու ենք խմբակցության ներկայացուցչի միջոցով լուրջ հակակշիռներ ստեղծել շրջանառության մեջ դրված ադրբեջանական այն նախագծերին, որոնք հայտնվել են վերջին շրջանում: Իհարկե, սա նվազագույնն է, որ պիտի արվի»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ 34 պատվիրակները վերոհիշյալ հռչակագրով խրախուսել են ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի ջանքերը՝ վերակենդանացնել 1416 բանաձեւի շրջանակում նախկինում գործող ԼՂ հարցով ենթահանձնաժողովը: Այս ջանքերին ընդդիմանալու քայլերն, ըստ հռչակագիրը ստորագրողների՝ անընդունելի են «եւ հակասում են խաղաղության գործընթացին»: «Առավոտի» հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ նման հռչակագիրը կարծես կանխորոշված է դարձնում այն, որ հունիսի 21-ից մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում վերստեղծվելու է այդ հանձնաժողովը՝ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես կարող եմ երկու եզրակացություն անել շրջանառության մեջ դրված այս հռչակագրից: Մեկն այն է, որ ադրբեջանցի եւ թուրք պատվիրակները լրջագույն դիմադրություն տեսան Հայաստանում՝ այդ թվում նաեւ «Ժառանգության» հետ հանդիպման ընթացքում, որտեղ կտրականապես մերժվեց այդ առաջարկը, եւ պրն Չավուշօղլուին ասացինք, թե իրեն հարմար զրուցակիցներ ինքը չի կարող գտնել ոչ միայն մեր շարքերում, այլեւ ընդհանրապես՝ Հայաստանում: Եվ կարծում եմ, թե այն հակազդեցությունը, որը եղավ հայկական կողմից՝ ադրբեջանցիներին ու թուրքերին հարկադրեց գնալ նման քայլի: Նաեւ համաձայն եմ, թե ամառային նստաշրջանի ընթացքում անշուշտ արծարծվելու է այս ենթահանձնաժողովի ստեղծման հարցը: Բայց կարծում եմ, որ այս հռչակագիրը շրջանառության մեջ է դրվել հայկական կողմի նախկին հակազդեցությունը չեզոքացնելու եւ իներցիան թույլ չտալու համար»: Ստեփան Սաֆարյանը նաեւ ասաց. «ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հիմնական առաքելությունն այս նստաշրջանի ընթացքում պետք է լինի այս վտանգների չեզոքացումը: Ակնհայտ է անթաքույց ցանկությունը՝ ստեղծելու այդ ենթահանձնաժողովը, ընդ որում՝ աղավաղելով 1416 բանաձեւի ոգին, որը ոչ թե կոչ է անում ձեւավորել այդ հանձնաժողովը՝ տվյալ բանաձեւն ի կատար ածելու համար, այլ կոչ է անում այն ձեւավորել, որ տարին մեկ անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները ներկայացնեն այդ հանձնաժողովին, թե ինչ են արել իրենց կառավարությունները՝ ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ»:
Նշենք, որ հունիսյան նստաշրջանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը մեկնելու է ողջ կազմով՝ ե՛ւ հիմնական, ե՛ւ փոխարինող անդամներով: Անձնական պատճառներով չի մեկնի միայն Նաիրա Զոհրաբյանը, որը երեկ «Panorama.am»-ին ասել է, թե ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման ու թուրք-ադրբեջանական լոբբիի վերաբերյալ հատուկ կոչ է պատրաստել՝ հասցեագրված ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, որն էլ այսօր ուղարկելու է:

Հ. Գ. Հունիսի 11-ին  Լիմասոլում խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին: Ըստ ԱԺ երեկ տարածած հաղորդագրության՝ «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ ԼՂ հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի շուրջ ծավալվող զարգացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել շատ զգուշավոր մոտեցում: Պետք է այնպիսի քայլեր անել, որպեսզի որեւէ կերպ չխաթարվի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել