Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունիս 15,2010 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է որոշում կայացնել՝ պարտադրելով Հայաստանին ու Ադրբեջանին Շահումյանից եւ Քաշաթաղից փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքէջի՝ սեպտեմբերի 15-ին դատարանի Մեծ պալատը քննելու է «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը:
«Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ, որը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել 2006-ի օգոստոսի 11-ին՝ կայքում կա հանգամանալից տեղեկատվություն, որն էլ կներկայացնենք թարգմանաբար: Մինաս Սարգսյանը ծնվել է 1929-ին եւ այժմ ապրում է Երեւանում: Մինչ 1992-ը նա ապրել էր ԼՂԻՄ-ին սահմանակից Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուներ երկհարկանի տուն եւ հողամաս: ՄԻԵԴ կայքում մեջբերված են հայտատուի պնդումները, թե մինչ ԼՂ հակամարտությունը՝ Շահումյանի բնակչության 82%-ն ազգությամբ հայեր էին: 1991-ի ապրիլ-մայիսին ԽՍՀՄ ներքին զորքերը եւ ադրբեջանական «ՕՄՈՆ»-ը Շահումյանում հայ զինյալների զինաթափման նպատակով «անձնագրային ստուգումներ» ձեռնարկեցին. «Սակայն, ըստ տարբեր աղբյուրների, օգտագործելով գործողության պաշտոնական նպատակը որպես պատրվակ՝ կառավարությունն ուժով տեղահանեց Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի հայ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տներն ու փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանությունն ուղեկցվում էր քաղաքացիական բնակչության ձերբակալություններով ու բռնություններով»: Գյուլիստանը հայտնվեց Ադրբեջանի զինուժի ուղղակի հարձակումների ներքո. «1992-ի հունվարին կամ հունիսին գյուղը ռմբակոծվեց: Հայտատուի տունն ավերվեց: Այս ռմբակոծությունների օրը գյուղի ողջ բնակչությունը՝ այդ թվում եւ հայտատուն ու նրա ընտանիքի անդամները, վախենալով իրենց կյանքի համար՝ փախան գյուղից»:
ՄԻԵԴ կայքում այս դիմումից մեջբերված է նաեւ, որ հայկական գերեզմանատներն Ադրբեջանում վնասվել են կամ ոչնչացվել: Այս կապակցությամբ հիշատակվում է մասնավորապես 2002-ին Նախիջեւանում Ջուղայի գերեզմանատան ոչնչացման մասին:
Մինաս Սարգսյանը բողոքել է, թե այսպիսով խախտվել է իր սեփականության իրավունքը. «Նա մնացել է այդ տան օրինական սեփականատերը եւ տեղյակ չէ Ադրբեջանի իշխանությունների որեւէ որոշման մասին՝ Ադրբեջանում թողած իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքները չեղյալ ճանաչելու մասին: Նա հայտարարել է, թե ներկայումս այլ անձ է ապրում իր տանը»: Ըստ Մինաս Սարգսյանի՝ բռնի տեղահանման եւ Ադրբեջանի կառավարության գործողությունների պատճառով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ «անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը», 13-րդ հոդվածը՝ «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք» եւ 14-րդ հոդվածը՝ «Խտրականության արգելում»: Վերջինիս հիմնավորումը հետեւյալն է, որ նա ենթարկվել է խտրականության՝ ազգային եւ կրոնական պատկանելության հիման վրա. «Նա ներկայացրել է, որ միայն Ադրբեջանում ապրող ազգությամբ հայերն էին բռնությունների, ջարդերի եւ հարձակումների թիրախ: Պատասխանող Կառավարությունը հետաքննություն չի անցկացրել հայերի բռնությունների եւ ապահովել փոխհատուցում՝ նրանց սեփականության անօրինական բռնազավթման, ինչպես նաեւ հայկական գերեզմանատների ոչնչացման համար»:
«Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ ՄԻԵԴ կայքում չկա տեղեկատվություն, սակայն հայտնի է, որ սա համանման բողոք է, այս անգամ՝ Քելբաջարից, եւ նախաձեռնողը քրդական Մարդու իրավունքների կոմիտեն է:
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը ծանոթ է այս երկու գործերին, «Առավոտին» հայտնեց, թե դրանց դատաքննությունը սեպտեմբերի 15-ին ընթանալու է կողմերի ներկայությամբ. «Նման բան շատ հազվագյուտ է լինում, որ ներկա են լինում կողմերը»: Սա այս գործերի միակ առանձնահատկությունը չէ. «Մինչեւ հունիսի 31-ը ԵԱՀԿ-ն պետք է պատասխանի ՄԻԵԴ որոշ հարցերի, որոնցով պարզաբանումներ են պահանջվել տվյալ տարածքների եւ գործընթացների հետ կապված՝ որոշում կայացնելու համար: Եվ հարց է առաջանում՝ եթե կան անորոշություններ, եւ ԵԱՀԿ են դիմել ճշտումների համար՝ ինչպե՞ս է արդեն իսկ նշանակվել դատավարության օրը: Ստացվում է, որ անկախ ԵԱՀԿ-ի պատասխանից՝ միեւնույն է, դատաքննությունը սկսվելու է: Մինչդեռ շատ հաճախ ՄԻԵԴ ստացած տեղեկատվությունն առիթ է դառնում գործընթացում փոփոխությունների համար: Եվ մյուս տարօրինակ հանգամանքն այն է, որ Մեծ պալատն է քննելու այս գործերը՝ 17 դատավորով: Մինչդեռ սրանք շարքային դիմումներ են՝ իրավունքի վերականգնման վերաբերյալ»:
Տիգրան Տեր-Եսայանը հանդիպումներ է ունեցել քրդական Մարդու իրավունքների կոմիտեի ներկայացուցիչների հետ. «Եվ բազմիցս ասել եմ, որ այս գործով Հայաստանը պատշաճ պատասխանող չէ: Քելբաջարը չի մտնում Հայաստանի տարածքի մեջ, մեր երկիրն այնտեղ չունի անելիք ու գործառույթներ: Այդ տարածքի վրա տարածվում են ինքնիշխան պետության՝ Ղարաբաղի իրավասությունները, եւ նա պիտի ճանաչվեր պատասխանող կողմ: Եվ եթե որոշման ապահովման խնդիր առաջանա, այսինքն՝ դատարանը գտնի, որ փախստականները պետք է վերադառնան, Հայաստանն այդ որոշման ապահովումը չի կարող իրականացնել»: Նա համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե քանի որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ՝ այս գործը կարող էր կոչվել «Չիրագովը եւ այլք ընդդեմ Ադրբեջանի»:
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը նշեց, թե միջազգային շատ կազմակերպություններ չեն պատկերացնում, որ Շահումյանից, Գետաշենից, Բաքվից կամ Արծվաշենից բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում. «Իսկ Ադրբեջանը շատ լավ օգտագործում է իր փախստականների գործոնը՝ ամրապնդելով այն թյուր կարծիքը, թե տեղահանումները եղել են միակողմանի»: Ի դեպ, հայտնեց, որ ՄԻԵԴ-ում կան մի շարք նման դիմումներ հայ փախստականներից, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը Արծվաշենում եւ այլն:
Տիգրան Տեր-Եսայանը, սակայն, կանխատեսեց, թե ՄԻԵԴ-ն այս անգամ կարող է կիրառել նախադեպը, որն արդեն իսկ եղել է Թուրքիայի դեպքում. «Որոշմամբ ստիպեցին Թուրքիային, որ ազդի թուրքական Կիպրոսի վրա եւ ստեղծվի դատարան, որպեսզի ֆինանսական փոխհատուցում վճարեն հունական Կիպրոսի փախստականներին: ՄԻԵԴ-ն իրոք կարող է նաեւ նման քաղաքական որոշում կայացնել՝ ինչպես եղել է Թուրքիայի դեպքում, եւ պարտադրել, որ Հայաստանն օգտագործի իր ազդեցությունը ԼՂ վրա: Միտումը կարծես այն է, որ մի նժարի վրա դնեն այս երկու գործերը եւ կիրառեն համանման որոշումներ երկու կողմերի համար: Ադրբեջանին եւ Հայաստանին կարող են պարտադրել ապահովել փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր: Այն հանգամանքը, որ ԵԴ-ն հապշտապ գործողություններ է ձեռնարկում՝ առանց անգամ ԵԱՀԿ-ից պատասխանը ստանալու, դատավարության օր նշանակում, իմ կարծիքով՝ ապացույց է, որ սպասվում է քաղաքական որոշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել