Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Հունիս 15,2010 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Օրերս զանգվածային ԶԼՄ-ներն անդրադարձել էին ԱԺ պատգամավորներից մեկի՝ ճեպազրույցում հնչեցրած խիստ տարօրինակ հայտարարությանը: Պատգամավորն անդրադառնալով ՀԱԿ-ի՝ վերջերս կազմակերպած «քաղաքական զբոսանքներին»՝ հղում էր արել միջադեպի վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությանը, որտեղ, իբր, ասվել էր, թե «անհայտ անձինք փորձել են զբոսնել» Ազատության հրապարակում: Պատգամավորն այնուհետեւ տարակուսել է՝ արդյոք Երեւանում իրավունք ունեն զբոսնել միայն հայտնի՞ անձինք, կամ ընդհանրապես՝ ՀՀ քաղաքացուց պահանջվում է անձնագիրը բաց պահա՞ծ զբոսնել…
Շտապենք փարատել պատգամավորի տարակուսանքը. ոստիկանության հաղորդագրության մեջ պարզորոշ ասված է. «Վերջին օրերին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները պարբերաբար փորձեր են կատարում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու զանգվածային միջոցառում Ազատության հրապարակում: Փորձեր, որոնք ուղղված են իրավապահների հետ բախումներ սադրելուն, հասարակական կարգը խախտելուն»: Եվ մնում է իսկապես տարակուսել՝ ի՞նչ նկատառումով է հարգելի պատգամավորը աղավաղել ոստիկանության հաղորդագրության տեքստը եւ ինչ տրամաբանությամբ է կառուցել իր հետագա մտարկումները քաղաքացու իրավունքների եւ ոստիկանության պարտականությունների վերաբերյալ: Իսկ գուցե պաշտոնական հաղորդագրություններին հղում անելիս պարզապես պետք է ավելի ուշադիր ու պատասխանատո՞ւ լինել»:
Ոստիկանությունը նկատի ունի հունիսի 11-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ նա առանց ոստիկանության հաղորդագրության կոնկրետ օրը մատնանշելու՝ անդրադարձել էր «անհայտ մարդիկ փորձում են» զբոսնել Ազատության հրապարակում ձեւակերպմանը, եւ ոստիկանության հաղորդագրության վրա հղում անելուց շատ էլ ուշադիր ու պատասխանատու է եղել: Այսպես, մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին ոստիկանության հաղորդագրությունում բառացի ասված է. «Մայիսի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18.00-ին անհայտ անձինք խախտելով հասարակական կարգը՝ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել