Հունիսի 11-ին Երեւանի քաղաքապետարանը մերժել էր ի գիտություն ընդունել «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի՝ հունիսի 18-ին, ժ. 20-22-ը, Ազատության հրապարակում զանգվածային նստացույց անցկացնելու մասին իրազեկումը։ Հիշեցնենք, որ ակցիայի անցկացումն արգելվել է այն պատճառաբանությամբ, թե հունիսի 10-ից սկսած՝ ամբողջ ամռան ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում այլ միջոցառումներ է անցկացնելու: Ընդ որում, քաղաքապետարանը, հակառակ գործող օրենքի պահանջին, Կոմիտեի նախաձեռնած նստացույցն անցկացնելու համար ո՛չ այլ ժամ եւ ո՛չ էլ այլ վայր ոչ միայն չէր առաջարկել, այլեւ մերժել էր Կոմիտեի՝ ակցիան մեկ այլ ժամի անցկացնելու փոխզիջումը:
Երեկ Վարչական դատարանում լսվել է Կոմիտեի՝ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի կողմից միջոցառումն արգելելու մասին կայացրած որոշումն անվավեր ճանաչելու պահանջ պարունակող հայցը: Ինչպես դատարանում իրավապաշտպան կազմակերպության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, հայցը ներկայացվել էր երեկ, ու քանի որ այդ բնույթի հարցերը քննվում են 24 ժամվա ընթացքում, ուստի՝ դատական նիստը տեղի է ունեցել հենց երեկ: Դատարանն իր որոշումը հրապարակելու է այսօր: Խոսելով ներկայացված հայցի հիմքերի մասին՝ Վ. Հովսեփյանն ասաց, թե քաղաքապետարանի որոշումը կայացվել է միանգամից մի քանի օրենքների ոտնահարմամբ՝ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մաս, 29-րդ հոդվածի 1-ին մաս, Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդված, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաս, 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ, «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս, 37-րդ եւ 57-րդ հոդվածներ:
Փաստաբան Վ. Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում ի պատասխան Վարչական դատարանի որոշումից ակնկալիքների մասին մեր հարցադրմանն ասաց, որ խայտառակություն կլինի, եթե դատարանը մերժի իրավապաշտպան կազմակերպության հայցը: Իր այդ գնահատականը նա փաստարկեց դատարանում պատասխանող կողմի եւ իր միջեւ տեղի ունեցած հարցուպատասխաններով, որոնք, ըստ փաստաբանի, վկայում են, որ քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից Կոմիտեի ակցիան մերժելու որոշումը իրավաբանական տեսանկյունից ոչ թե բավարար, այլ ընդհանրապես հիմնավորված չի եղել:
Թե ինչ որոշում կկայացնի Վարչական դատարանը՝ դժվար չէ կանխատեսել: Ուստի՝ Կոմիտեի հիմնադիր անդամ եւ համակարգող Կարապետ Ռուբինյանին հարցրինք, թե դատարանի կողմից իրենց հայցի մերժման դեպքում Կոմիտեն ի՞նչ է մտադիր անել: «Մտածում ենք, որ կարելի է փորձել, այդուամենայնիվ, Ազատության հրապարակում մեր ակցիան անցկացնել»,- ասաց Ռուբինյանը: Ի դեպ, Ազատության հրապարակում երկժամյա զանգվածային նստացույց անցկացնելու Կոմիտեի նախաձեռնությանն այլ իրավապաշտպան կազմակերպություններ չեն միացել. նման խոսակցություն չի էլ եղել: Դրան նաեւ Հայ ազգային կոնգրեսը որեւէ կերպ չի առնչվում: Ինչպես պարոն Ռուբինյանն ասաց՝ Կոնգրեսը միայն աջակցում է: