Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱ՜Տ Է ՄԻՋԱՄՏՈՒՄ

Հունիս 15,2010 00:00

Հունիսի 20-ին Գորիսում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, թե իր թեկնածուն գործող քաղաքապետն է:

Իրոք, շա՜տ մանրամասն սիրելու հայրենիք է Հայաստանը՝ եթե թեկուզ մի աննշան թվացող գյուղ չես տեսել, չես զրուցել գյուղացիների կամ հեռավոր ցանկացած քաղաքի բնակիչների հետ, ուրեմն հաստատ կարելի է ասել, որ չես ճանաչում Հայաստանը եւ նրա մասին ոչինչ չգիտես, որովհետեւ Հայաստանը իր բոլոր մեծ ու փոքր մանրամասներով է Հայաստան դառնում: Փաստորեն, այս բոլոր տարիներին Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ինձ համար եղել էր ընդամենը ճանապարհ դեպի Արցախ, եւ թող ներեն ինձ գորիսցիները, քանի որ բուն Գորիսն ինձ համար այդպես էլ մնում էր անհայտ: Երեկ գնացել էի Գորիս: Հենց այնպես չէի գնացել, այստեղ հունիսի 20-ին տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: Ընտրությունը մեր երկրի ընտրազանգվածի համար հերթական տաժանակրությունն է, քանի որ դա չի նշանակում ընդամենը «թռչնակ» նկարել նախընտրածդ թեկնածուի անվան դիմաց եւ քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ՝ գնալ առօրյա գործերին, խիղճդ հանգիստ, որ հաղթողն իրոք հաղթել է ազնիվ ընտրության արդյունքում: Ընտրությունը մեզանում առաջին հերթին տեղական մանր եւ մեծ չինովնիկների սրի տակով անցնելու հերթական փուլ է, «հավատարմության» երդում գործող պաշտոնյա-թեկնածուին, մարզպետին, տարբեր տրամաչափի իշխանիկներին: Բազմաթիվ ահազանգեր էինք ստացել, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոպիտ ձեւով միջամտում է ընտրապայքարին: Իսկ Սյունյաց «բարբառով» դա նշանակում է՝ ի՞նչ ընտրություն-ինչ բան՝ մարզպետը ինչպես ասի՝ այնպես էլ կլինի:
Քաղաքապետի երկու թեկնածու կա՝ գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը եւ Ավետիք Բուդաղյանը: Հանդիպեցի երկուսին էլ: Եթե չլիներ նախընտրական թոհուբոհը, երկուսն էլ նորմալ մարդիկ են, բարեկիրթ, համակրելի: Բայց ընտրություններ են, եւ թեկնածուներից մեկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը ուզում է նորից քաղաքապետ օծել: Անկեղծ ասած, ինձ դուր եկավ, որ Ավետիք Բուդաղյանը այս մթնոլորտում համարձակվել է թեկնածություն դնել եւ պայքարել քաղաքապետի ընտրության համար: Հավանաբար մարդը հավատում է, որ հնարավոր է նաեւ արդար ընտրություն:
Շատ կարճ ներկայացնեմ թեկնածուներին, որպեսզի ընթերցողը պատկերացնի «ում» եւ «ում» միջեւ պետք է «ընտրություն կատարեն» գորիսցիները:
Ավետիք Բուդաղյան. Կարգախոսն է. «Գորիսը բոլորինս է»: Ծնվել եւ ապրում է Գորիսում, 40 տարեկան է, աշխատանքային գործունեությունը սկսել է որպես բանվոր, պոլիտեխնիկական կրթություն ունի, այժմ «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Արցախյան ազատամարտիկ է, եւ այսօր էլ նրա գործունեությունը անմիջականորեն կապված է ղարաբաղյան պայքարի հաղթանակի հետ: Խոստանում է, որ ընտրվելու դեպքում դժվարությունները ոչ թե դիմագրավելու է, այլ հաղթահարելու է: Օրենքի դաշտում աշխատելով, նաեւ օգտագործելով արտերկրում ապրող գորիսցի գործարարների ներուժը՝ էականորեն փոխելու է քաղաքի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակը: Մեզ հետ զրույցում այս թեկնածուն ասաց, որ շարունակում է մնալ հայրենիքի զինվորը եւ պատրաստ է կատարել ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները՝ հանուն Արցախի եւ Հայաստանի: «Գերբ-դրոշ-նախագահ». սրանք են այս թեկնածուի համար խորհրդանիշներ: Անկուսակցական է: Հայրը եւ փոքր եղբայրը Հանրապետական են, միջնեկ եղբայրը Գորիսի գնդի հրամանատարն է: Պարզեցինք նաեւ, որ մարզպետը Ավետիք Բուդաղյանի կնքահայրն է:
Նելսոն Ոսկանյան. Նախընտրական կարգախոսն է՝ «Միասնություն, համագործակցություն, առաջընթաց»: Ծնվել եւ ապրում է Գորիսում, 55 տարեկան է, գյուղատնտես է՝ հիդրոմելիորացիայի գծով, նախկին կոմունիստ է, այժմ՝ Հանրապետական, 2000, 2003 եւ 2006 թվականներին ընտրվել է քաղաքապետ: Փաստորեն, կրկին է փորձում: Մարզպետի «մարդն է»։ Նախընտրական բուկլետում գրված է, որ ՏԻՄ գործունեության գլխավոր երաշխիքը համայնքի բնակիչների հավատն ու վստահությունն է քաղաքապետի հանդեպ: «Սյունյաց երկիր» եւ «Զանգեզուր» մարզային թերթերում մեծածավալ հրապարակումներ կան հօգուտ Նելսոն Ոսկանյանի քաղաքական գովազդի: Ավետիք Բուդաղյանի գովազդը չկա: Թերթերի խմբագիրներն ասացին, թե այս թեկնածուն մերժել է քաղաքական գովազդ տպագրելու իրենց առաջարկը, իսկ թեկնածուն ասաց, թե ինքը խնդրել էր ավելի ուշ զանգահարել եւ պայմանավորվել, քանի որ տվյալ օրը քաղաքում չի եղել, բայց չեն զանգահարել եւ չեն պայմանավորվել:
Պտույտ Գորիսում
Չորս ժամը հաստատ բավարար չէ մարդկանց տեսակետները եւ տրամադրություններն ամբողջությամբ պարզելու համար, բայց եւ քիչ չէ՝ հասկանալու համար, թե ինչ են մտածում գորիսցիներն առաջիկա կիրակի սպասվող ընտրության մասին: Տխուր-տխուր մի եզրահանգման եկա՝ Գորիսում բարձրաձայն խոսել չեն սիրում ընդհանրապես՝ ընտրությունների, իշխանությունների, հատկապես՝ մարզպետի մասին խոսել չեն սիրում, շշուկով են խոսում: Չեմ ուզում մարդկանց վիրավորել եւ ասել, թե վախեցած են խոսում: Ձայնագրիչը տեսնելով՝ ընդհանրապես լռում են եւ կողքիցդ հեռանում են այնպես, կարծես հենց հիմա պայթող ռումբ են տեսել: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են խոսել, շարունակ կողքերն են նայում եւ խնդրում են ոչ անուն հարցնել, ոչ էլ գրառումներ անել: Նկարելու մասին խոսք լինել չի կարող, իմ ֆոտոխցիկը այդ պատճառով կոնկրետ դեմքեր չի նկարել: Մարդիկ Գորիսում շա՜տ զգուշավոր են: Բայց մի բան կար, որ ուրախացնում էր՝ այլընտրանք այստեղ տեսնում են, մտածում են, որ հերիք է գործողը պաշտոնավարի: Թաքուն ասում են, որ իրենց նոր մարդ է պետք՝ մի քիչ անկախ, մի քիչ ինքնավստահ: Գրեթե չեմ կասկածում, որ այս հրապարակումից հետո կգտնվեն հայտնի եւ անհայտ մի քանի գորիսցիներ, որոնք անմիջապես հերքում կպահանջեն եւ ստորագրությունների մի երկար ցուցակ կուղարկեն խմբագրություն, առ այն, որ Գորիսում իրենց ոչ ոք չի ճնշում, եւ իրենք ապրում են ազատ ու անկախ, եւ որ «Առավոտի» լրագրողը փաստերն աղավաղել է:
Գործող քաղաքապետի նախընտրական գլխավոր շտաբը տեղակայված է քաղաքի մշակույթի տանը: Քաղաքապետն ասաց, թե վարձակալել են: Մինչդեռ օրենքով արգելված է մշակույթի օջախները օգտագործել քաղաքական նման միջոցառումների համար: Գործող քաղաքապետին հարցրի, թե այդ ի՞նչ չի հասցրել անել անցած 12 տարիներին (3 անգամ 4 տարի պարոն Ոսկանյանը քաղաքապետ է աշխատում), որ նորից ձգտում է պահպանել աթոռը: Ի պատասխան՝ Նելսոն Ոսկանյանն ասաց. «Եթե այդպես լիներ, մարդիկ կհոգնեին կյանքից, 50-ում հրաժեշտ կտային»: Հստակեցրի, որ խոսքը կյանքի մասին չէ, այլ քաղաքապետի աթոռի: Պարոն Ոսկանյանը այս անգամ ասաց. «Միշտ էլ պակաս կատարած աշխատանքներ լինում են, իմ կարողությունները համարում եմ էնքան, որ ես նորմալ աշխատանք կանեմ, ժողովուրդը գոհ կլինի»: Երբ հայտնեցի, որ իմ զրուցակիցները, խուսափելով հայտնել իրենց անունները, տեղեկացնում էին, որ քաղաքին տիրություն անող չկա, սրտացավ ձեռք չկա, քաղաքապետը սկսեց բացատրել. «Ցանկացած տնտեսական ֆորմացիոների փոփոխության ժամանակ լինում են այսպիսի դեպքեր»: Հետո սկսեց խոսել «կայուն զարգացման ծրագրերից, փոքր եւ միջին բիզնեսից» եւ այլն: Հարցրինք նաեւ՝ ինչո՞ւ է մարզպետը գործող քաղաքապետին սիրում այնքան, որ հայտարարում է, թե ընտրողը Նելսոնին չի ընտրում, այլ՝ իրեն (Սուրիկ Խաչատրյանին) է ընտրում: Քաղաքապետը նախ ասաց, թե ինքը նման բան չի լսել, հետո էլ կարծիք հայտնեց՝ մարզպետը այդպես է ասում իր կատարած աշխատանքների համար: Մինչդեռ գորիսեցիք բոլորովին այլ կարծիքի են: Ըստ մեր զրուցակիցների՝ այս քաղաքապետը լիուլի ենթարկվում է մարզպետին, կատարում է նրա հրամաններն առանց քննարկելու, իսկ Սյունիքի մարզպետին հենց այդպիսի մարդ է պետք՝ կատարող: Մինչդեռ ոչ ոք չի հարցնում՝ իսկ գորիսցուն այդպիսի՞ քաղաքապետ է հարկավոր:
Մյուս թեկնածուն՝ Ավետիք Բուդաղյանը, հայտնեց, որ ինքը նախընտրական միայն մեկ շտաբ ունի՝ իր հիմնարկում, այլ շտաբներ չի բացում, որովհետեւ տարածք տրամադրողը կամ շտաբում աշխատողն անմիջապես թիրախ է դառնում: Մարզպետն անգամ այս թեկնածուի մանկության ընկերների հետ է փորձում «բացատրական աշխատանք տանել», ստիպում է, վախեցնում, փորձում պարտադրել, որ այս թեկնածուի համար չաշխատեն: Ըստ էության, այստեղ ընտրապայքարը գնում է Ավետիք Բուդաղյանի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջեւ: Ավետիք Բուդաղյանը ընտրողների հետ հանդիպմանը մի միտք շատ է գործածում. «Դուք միայն ընտրեք եւ ինձնից կպահանջեք, իսկ Նելսոնին ընտրելու դեպքում ոչինչ չեք կարող պահանջել: Նրանից միայն մեկ հոգի է պահանջողը՝ մարզպետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել