Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԳՐԱՎԵԼ» ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հունիս 15,2010 00:00

\"\"ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը Կոնգրեսը լքելու նախադրյալներ չի տեսնում

– Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ Հայոց համազգային շարժում կուսակցությունը պատրաստվում է միայնակ գնալ 2012-ի խորհրդարանական ընտրություններին:
– Ոչ:
– Այդ դեպքում որտեղի՞ց եւ ի՞նչ նպատակով են նման խոսակցություններ շրջանառվում:
– Էդպիսի խոսակցություն չի շրջանառվում:
– Ասում են, որ առաջիկայում տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը, որտեղ քննարկվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի՞ հետ, թե՞ առանձին գնալու հարցը: Հնարավո՞ր է, որ ՀՀՇ-ն դուրս գա ՀԱԿ-ից:
– Բացառված է: Դրա համար որեւէ նախադրյալ չկա:
– ՀՀՇ-ն ամբողջովին կիսո՞ւմ է ՀԱԿ-ի ռազմավարական եւ մարտավարական մոտեցումները: Այս առումով հակասություններ չկա՞ն ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ:
– Ոչ:
– Վերջին շրջանում ՀԱԿ-ին ավելի հաճախ են մեղադրում պասիվության մեջ, արդեն նաեւ՝ ՀԱԿ անդամներն ու համակիրները:
– Ես չեմ գտնում, որ ՀԱԿ-ը պասիվ է, որովհետեւ ինքս օրական 3-4 միջոցառման եմ մասնակցում, ամեն օր:
– Անազնիվ չե՞ք համարում վերաբերմունքը, որ Ազատության հրապարակի վերաբացումից հետո երիտասարդների՝ այնտեղ կազմակերպած ակցիաների վերաբերյալ ՀԱԿ համակարգողները հայտարարեցին, թե դրանք Կոնգրեսի նախաձեռնությունները չեն եւ ոչ էլ համաձայնեցված են Կոնգրեսի հետ, պարզապես բարոյական տեսանկյունից ՀԱԿ-ը կսատարի ձերբակալվածներին եւ կալանավորվածներին:
– Այդպիսի բան չի հայտարարվել: Հայտարարվել է, որ Գասպարիի անհատական նախաձեռնությունն է, երիտասարդների համար այդպիսի բան չի հայտարարվել:
– Հենց «Առավոտին» տված հարցազրույցում նման հայտարարություն էր արել Գագիկ Ջհանգիրյանը, իսկ ավելի վաղ մամուլի ասուլիսում այդ մասին խոսել էր նաեւ Լեւոն Զուրաբյանը:
– Ի դեպ, առաջիկայում Ազատության հրապարակում կազմակերպված, մեծ նստացույց կլինի:
– Այսինքն՝ ՀԱԿ-ը ակտիվացնո՞ւմ է պայքարը, ավելի մեծ եւ լուրջ ակցիանե՞ր են նախատեսվում:
– Մենք շարունակում ենք մեր պայքարը: Մենք ոչ թե ակտիվացնում ենք այն, այլ ակտիվ գործունեությամբ զբաղվում ենք:
– Այո, տարատեսակ միջոցառումներ անընդհատ կազմակերպվում են, բայց տեսանելի արդյունքը չկա:
– Եթե դուք շտապում եք, ես ուզում եմ ավելի խոհեմ, հանգիստ, ավելի երաշխավորված վերջնական արդյունք ունենալ՝ ավելի քիչ ցնցումներով, ավելի քիչ կորուստներով հասնել մեր նպատակին:
– Մարտի 1-ի ցնցումներից ու կորուստներից հետո չե՞ք կարծում, որ ընդդիմության դիրքորոշումն ավելի վճռական պիտի լիներ:
– Դուք էլ նախաձեռնությամբ հանդես եկեք, միացեք մեզ, քննարկենք, ավելի ակտիվ լինենք:
– Նախորդ օրը մեր նախագահի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, «երեք մատի կոմբինացիա» էր «հրամցրել» օտարալեզու դպրոցների դեմ ցույցի մասնակիցներին, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական հայհոյել էր. դա ինչի՞ մասին է խոսում:
– Իշխանությունն իրեն ճորտի նման է պահում, իսկ այդ մարդիկ այդ իշխանության մասն են. այլ բան սպասելի էլ չէր:
– Հնարավո՞ր է, որ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը դառնա մի նոր ազգային զարթոնք:
– Ապազգային եւ ապիկար քաղաքականության արդյունքը մենակ դա չէ: Տասնյակ նման բաներ կան՝ լեզվի, կրթության, հեռուստատեսությունների, հարկայինի, գազի, թանկացումների եւ վերջապես՝ ԼՂՀ հարցը: Եվս 50 հարց կարող եմ թվել, որոնք ապացուցում են ճորտ իշխանության գոյությունն ու գործունեությունը եւ օրեցօր մոտեցնում են իշխանափոխության: Բազմաթիվ վեկտորներ կան, որոնք միանալու են մի կետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել