«Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 6-ի կեսօրին, «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրի բացօթյա սրճարանում 3 անձ վիճաբանել են: Նրանց մոտեցած ՊՊՎ պահպանության բաժնի սերժանտ, ոստիկան Սերգեյ Մ.-ն փորձել է կարգի հրավիրել նրանց, սակայն, ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջիններս չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին եւ նրա նկատմամբ բռնություն են գործադրել, իսկ մեկն էլ նաեւ ոստիկանին դանակով հարվածելու փորձ է արել:
Ոստիկանը նախազգուշական օդ է կրակել, որից հետո երիտասարդները սեւ գույնի, 75 ԼՕ 555 համարանիշով «Մերսեդեսով» դիմել են փախուստի: «Առավոտի» տեղեկություններով, ուրբաթ օրը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները նշված մեքենան (լուսանկարում) հայտնաբերել եւ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն: Հայտնաբերվել է նաեւ ավտոմեքենայի վարորդը, որը վիճաբանությունից հետո դիմել էր փախուստի: Նշված անձնավորությունը Տնտեսագիտական համալսարանի ուսանող, 1988թ. ծնված Լեւոն Սարգսյանն է: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով: Ուրբաթ օրը քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Լեւոն Սարգսյանին երկամսյա կալանքի ենթարկելու համար: Սակայն դատավոր Գագիկ Խանդանյանի որոշմամբ, Լեւոն Սարգսյանն ազատ է արձակվել դատարանից. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 800 հազար դրամ գրավը: «Առավոտին» հայտնի չէ, թե արդյոք քննչական մարմինը բողոքարկելո՞ւ է դատարանի այդ որոշումը: