Բարի՛ լույս, սիրելի՛ս: Գիտեմ՝ որքան ծանր է անցել հետքննական գիշերդ՝ լի մղձավանջային երազներով, վիրավորանքով, ոսկեղենիկ հայերենի նկատմամբ «ատելությամբ»:
«Գիտեմ, ջա՜նս». գիտեմ, որ քո օրը չի ավետվելու արտից թռչող արտույտների անուշ կաղկղայով, բայց ուզում եմ՝ բացվող օրվա շողերի մեջ գտնես քո ինքնավստահությունը, գտնես հայ մարդու քո’ անպարտելիությունը:
Մի’ վհատվիր, սիրելիս, ականջալուր եղիր սրտիդ ձայնին եւ հավատա, որ «սերը գոյության հանճարն է միակ», եւ թեստագիրները որքան էլ ջանան քեզ ապացուցելու, որ սիրո հակառակը ատելությունն է, դու մի’ հավատա: Հավատա, որ քեզ հասցրած վիրավորանքը վիրավորանք է հայոց լեզվին, հայ դպրոցին, հայերենի ուսուցչին: Իմացի՛ր, որ հայոց լեզվի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետական սահմանի դեմ, քանզի մեր լեզուն մեր պետական սահմանն է, մեր զինանշանը, մեր դրոշը: Քո իմացած հայերենը շատ ավելի գեղեցիկ ու հարուստ է, եւ այս քննությամբ չի որոշվում քո իմացությունը. դա մի փոքրիկ դրվագ է, որ պարզապես պետք է անիծել եւ շարունակել սիրել մաշտոցյան անմրցելի այբուբենով մեզ ավանդված այս հրաշքը:
Ես հիմա տեսնում եմ, որ դու կարդում ես նամակս եւ արցունքների միջից ժպտում ինքդ քեզ: Այդ մաքո՜ւր-մաքո՜ւր արցունքներում պահի՛ր քո երազը: Դու ես այն հայը, որ պետք է իր սիրած բանաստեղծին հավաստիացնի՝ «Վահա՛ն Տերյան, մենք քո արքայական լեզուն չենք դնի գերեզման»: Այսպես ես մտածում, ես համոզված եմ. դու թա՛փ տվեցիր տխրության եւ վիրավորանքի փոշին քո հոգուց, դու նորից լույս քայլերով գնացիր դեպի հաջորդ քննություն՝ հաղթելու կամքով ու վճռականությամբ: Որովհետեւ դու պետք է ապացուցես, որ ոչ ոք ի զորու չէ քեզնից խլելու հաղթողի քո հպարտությունը, դու հաղթել ես՝ վկա հայոց լեզվի անպարտելիությունը, հաղթել ես՝ վկա մասնագետների անհանդուրժողականությունը եւ հասարակական արձագանքները:
Ես քեզ հետ եմ, ես ամուր գրկել եմ քո հուզախռով հոգին եւ ջերմացնում եմ քո նկատմամբ ունեցած իմ անբեկանելի սիրով: Ես համբուրում եմ քո ցաված հոգին, համբուրում եմ մաքուր ու դառնահամ արցունքներդ, գգվում եմ քո դողացող սիրտը:
Հավատա, սիրելի՛ս, դու դեռ պետք է բարձունքներ նվաճես, պետք է դառնաս մեր մի բուռ հայրենիքի ափունքը ընդարձակող գիտնականն ու զինվորը, ուսուցիչն ու բժիշկը, հողին իր տաք ձեռքով կյանք տվող մշակը, դու պետք է մեր գալիքի հունդերը ցանես ապագայի անդաստաններում:
Իմ սերը, իմ հավատը, իմ աղոթքը՝ քեզ, սիրելի’ դիմորդ:
Բարին ընդ քեզ: