Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթ-2010. արգելքներն ու խոստումները

Հունիս 12,2010 00:00

Երեկ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, երեկվանից երկրագնդի կենտրոնը մեկ ամսով տեղափոխվեց ՀԱՀ, իսկ կյանքի զարկերակը բաբախում է ֆուտբոլային խաղի ռիթմով:

32 հաջողակ ազգային հավաքականները պայքարում են աշխարհի գավաթի համար՝ իրենց երկրպագուներին պարգեւելով հրճվանքի ու հպարտության, ափսոսանքի ու տխրության պահեր: Ֆանատներն էլ, մոռանալով աշխատանք ու զոհաբերելով ամառային հանգիստը, տրվել են ֆուտբոլային տենդին: Սակայն զոհաբերությունները այս մեկ ամսում միայն երկրպագուներին չեն տրված: Օրինակ, Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելված է օգտվել «Twitter» սոցիալական ցանցից: «Մեզ այսուհետեւ արգելված է գրել «Twitter»-ում: Այնպես որ, կխոսենք աշխարհի առաջնությունից հետո: Ներողություն եմ խնդրում: Բայց ես կարդալու եմ ձեր բոլոր հաղորդագրությունները»,- իր «Twitter»-ում գրել է «Այաքսի» պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը:
Բլոգերում արգելված է գրառումներ կատարել ու սոցցանցերում մեկնաբանություններ թողնել նաեւ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին: Բոլոր մեկնաբանությունները թույլատրվում են միայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքում:
Սոցցանցերից օգտվել չի կարելի նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն՝ Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստներին: Վիսենտե դել Բոսկեն այդպես հույս ունի պահպանել իր խաղացողների կոնցենտրացիան խաղում, ինչպես նաեւ՝ խուսափել ավելորդ տարաձայնություններից, որոնք կարող են առաջացնել տարաբնույթ մեկնաբանություններ սոցցանցերում: Իսպանացիներին արգելված է նաեւ մեկնաբանություններ կամ նյութեր տրամադրել ԶԼՄ-ներին:
Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան ոչ միայն ֆուտբոլիստներին արգելել է օգտվել «Twitter»-ից ու շփվել ԶԼՄ-ների հետ, այլեւ՝ զբաղվել սեքսով: Բյելսայի սահմանած սպարտայական պայմաններից է նաեւ համակարգիչներին մոտենալու արգելքը, ընդ որում՝ այդ օրենքը տարածվում է ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ թիմի բոլոր ներկայացուցիչների վրա:
Իսկ ահա աշխարհի հնգակի չեմպիոնների՝ բրազիլացիների գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան սեքսն աշխարհի առաջնության ընթացքում իր ֆուտբոլիստներին չի արգելում. «Շատերին դուր չի գալիս սեքսը, գինին կամ պաղպաղակը… Բայց հանգստյան օրերին յուրաքանչյուրին թույլատրված է անել այն ամենը, ինչ ինքը ցանկանում է»: Դունգան այս մասին խոսել է՝ անդրադառնալով Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հայտարարությանը, թե մունդիալի ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստներին արգելված է սեքսով զբաղվելը: Ի դեպ, Աստծո ձեռքի հանրահայտ կրող Մարադոնան հայտարարել է նաեւ, որ գավաթը նվաճելու դեպքում կատարյալ մերկ կվազի Բուենոս-Այրեսի կենտրոնում:
Մերկանալու՝ Մարադոնայի օրինակին պատրաստ է հետեւել նաեւ սերբ երգչուհի Մայա Նիկոլիչը՝ իր երկրի հավաքականի հաղթանակի դեպքում: Երգչուհին հայտարարել է, որ մերկ կնկարահանվի տեղի թերթերից մեկի համար, եթե Սերբիայի ընտրանին տիրանա աշխարհի գավաթին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մերկ կլուսանկարվեմ, եթե մեր ֆուտբոլիստները լավագույնը ճանաչվեն: Թող դա նրանց համար խթան լինի»: Իսկ ահա սերբ ֆուտբոլիստները խոստացել են սափրել գլուխները՝ հաղթանակի դեպքում: Այդ մասին հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը եւ հավաստիացրել, որ իր երկար մազերը կսափրի անգամ Մարկո Պանտելիչը: «Հաղթանակի դեպքում գլուխները կսափրեն բոլորը: Գործիքները կգնենք հենց ՀԱՀ-ում: Իսկ Պանտելիչի մազերը անձամբ ես կսափրեմ»,- հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստը: Իսկ մերկ լուսանկարվելուն պատրաստ Նիկոլիչը հայտարարել է՝ հոգու խորքում, այնուամենայնիվ, չի հավատում իր երկրի հաղթանակին: Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, աշխարհի չեմպիոն կդառնա Իսպանիան կամ Գերմանիան: Ի դեպ, իսպանացիները հաղթանակի դեպքում բոլորից շատ բոնուսներ կվաստակեն. յուրաքանչյուր ֆուտբոլիստ կպարգեւատրվի 600 հազար եվրոյով:
Այ, այսպիսի զոհողությունների ու խրախուսանքների են պատրաստվում աշխարհի առաջնությանը մասնակից հավաքականները: Իսկ մեզ մնում է սպասել հուլիսի 11-ին՝ ընթացքում հիանալով ֆուտբոլի վարպետների գեղեցիկ խաղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել