Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՊՈՐՏՆ ՕԳՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼ

Հունիս 12,2010 00:00

Հենց այդ նպատակով էլ արդեն 8-րդ տարին է, ինչ «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ն կազմակերպում է Հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնը:

\"\"Այս տարի փառատոնն անցկացվեց հունիսի 7-9-ը՝ «Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում»: Փառատոնին մասնակցում էին Երեւանում բնակվող եւ հանրապետության մարզերից եկած մոտ 80 հաշմանդամ մարզիկներ: Նախորդ տարիների համեմատությամբ, մասնակիցների թիվն ավելացել էր: Հաշմանդամ մարզիկներն ուժերը պետք է չափեին վեց մարզաձեւերում՝ լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ սեղանի թենիս, ինչին հատկացվել էր երեք օր: Նշենք, որ փառատոնին կարող էին մասնակցել 18 տարին լրացած անձինք, քանի որ, ըստ «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ի ղեկավար Հակոբ Աբրահամյանի, դա միջոցառմանը հաղորդում է \"\"պրոֆեսիոնալիզմի շունչ:
Փառատոնի վերջին օրը՝ հունիսի 9-ին, ամփոփվեցին մրցումների արդյունքները: 80 հաշմանդամ մարզիկներից 30-ն արժանացավ պարգեւների: Եղան նաեւ կրկնակի մեդալակիրներ: Նշենք, որ մարզիկները երկու մարզաձեւից ավելի մրցումների մասնակցելու իրավունք չունեին:
Օրինակ, գյումրեցի Գրետա Վարդանյանը (Խնձրցյան), հանդես գալով ծանրամարտի եւ բազկամարտի մրցումներում, գրավեց 1-ին տեղը: Նա ծանրամարտի 52 կգ քաշային կարգում բարձրացրեց 55 կգ: «Հինգ տարի զբաղվում եմ ծանրամարտով: Մասնակցել եմ այս փառատոներին ու միշտ գրավել մրցանակային տեղեր, ուստի վստահ էի ուժերիս, որ կկարողանամ պետք եղած կիլոգրամները բարձրացնել: Ասեմ, որ իմ քաշային կարգում մրցակից չունեի: Իսկ բազկամարտի մրցումներին առաջին անգամ էի մասնակցում: Կրկին վստահ էի, որ առաջին տեղ եմ գրավելու»,- ուրախ եւ զվարթ պատմում էր Գրետան: Նա երկու տարի առաջ մասնակցել է Եվրոպայի հաշմանդամային ծանրամարտի մրցումներին եւ 60 կգ արդյունքով գրավել 2-րդ տեղը. «Որպես խրախուսական մրցանակ էլ ստացել եմ ընդամենը $100»: Մեր հարցին՝ ինչո՞ւ է երկու ազգանունով ներկայանում, պատասխանեց. «Վարդանյանն ամուսնուս ազգանունն է: Արդեն հինգ տարի ամուսնացած եմ: Ունեմ մեկ դուստր: Մեկ տարեկան է, դրա համար էլ անցյալ տարվա մրցումներին չկարողացա մասնակցել»:
Կրկնակի մեդալակիր դարձավ նաեւ Սպիտակից ժամանած Մարինե Ասատրյանը: Նա երկու «արծաթ» նվաճեց բազկամարտում եւ բասկետբոլում՝ լինելով հավաքականում միակ աղջիկը: Նրա խոսքերով. «Սպորտով զբաղվում եմ անմիջապես երկրաշարժից հետո, երբ դարձա հաշմանդամ: Սկզբում բոլոր մարզաձեւերի մեջ ընդգրկվեցի՝ սայլակով վազք, լող եւ այլն, բոլորում էլ ունեցել եմ հաջողություններ, սակայն մինչեւ հիմա ձեռքբերումներս եղել են միայն Հայաստանում: Ասեմ, որ սպորտը շատ լավ է հաշմանդամին՝ ինքնադրսեւորման առումով: Ինձ համար սպորտն առաջնային է, ինչքան կարող եմ՝ կշարունակեմ զբաղվել, անկախ արդյունքներից»:
Տղամարդկանց ծանրամարտի 75 քաշային կարգում պայքարող Իգոր Հարությունյանն էլ, բարձրացնելով 110 կգ, դարձավ ոսկե մեդալակիր: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ վնասվածք ուներ, թե չէ՝ ավելի շատ կբարձրացներ. «Ուսիս հետ կապված խնդիր կար: Արդեն 10 տարուց ավելի զբաղվում եմ սպորտով: Աշտարակի տարածաշրջանից եմ, Ոսկեվազ գյուղից: Մեզ մոտ մարզիչ եմ, մեր գյուղում երեխաներին եմ մարզում: Իմ մարզիկներն էլ արդեն ձեռքբերումներ ունեն»:
Բասկետբոլում երկրորդ տեղ գրավեցին Տիգրան Գրիգորյանը, Սեւակ Մխիթարյանը, Հունան Հունանյանը, Կարեն Ավետիսյանն ու Մհեր Մանուկյանը: Իսկ ոսկե մեդալակիրներ դարձան Արշակ Հովհաննիսյանը, Հայկ Գրիգորյանը, Զավեն Մարգարյանը, Սամվել Ասատրյանն ու Արման Սարգսյանը: Շախմատի մրցաշարում «բրոնզը» բաժին հասավ Զալիբեկ Մակիչյանին, «արծաթը»՝ Իշխան Մկրտչյանին, իսկ «ոսկին» նվաճեց Յուրի Ավետիսյանը: Շատ էին բազկամարտի մեդալակիրները՝ տարբեր քաշային կարգերում. Հարություն Մխիթարյան (1-ին), Վլադիսլավ Գրիգորյան (2-րդ), Թաթուլ Խաչատրյան (3-րդ), Շուշան Հեպինյան (3-րդ), Սերոբ Աբրահամյան (1-ին) եւ այլն: Սեղանի թենիսում էլ մեդալակիրների պակաս չզգացվեց. Արթուր Գալստյան (1-ին), Սյուզաննա Միրաքյան (1-ին) եւ այլն:
Լողի տղամարդկանց մրցումներում 1-ին տեղ գրավեցին Միլիտոն Թորոսյանը եւ Արշակ Աթանեսյանը: Ծանրամարտի մրցումներում, բացի վերը նշվածներից, 1-ին տեղեր գրավեցին Սամվել Ասատրյանը, Աշոտ Հարությունյանը, Կարեն Ավետիսյանը, Հարություն Մխիթարյանը:
Այս միջոցառման անցկացմանը պետբյուջեից կազմակերպությանը տրամադրվել էր ընդամենը 3 միլիոն դրամ, որից գումարներ հատկացվեցին նաեւ մարզիկներին. հաղթողներին՝ 10-հազարական, 2-րդ մրցանակակիրներին՝ 7-հազարական, իսկ 3-րդ տեղեր գրավածներին՝ 5- հազարական դրամ: Բոլոր մասնակիցներին կազմակերպությունը նաեւ նվիրեց փոքրիկ հուշանվերներ:

Հ. Գ. Հաշմանդամային սպորտը մեզանում, այնուամենայնիվ, դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որոնք «Առավոտին» ներկայացրեց «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հ/կ-ի ղեկավար Հակոբ Աբրահամյանը: Նրա հետ հարցազրույցը՝ առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել