Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՈՒ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԸ

Հունիս 12,2010 00:00

Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը»՝ նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային դելփյան կոմիտեն եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
«Դելփյան խաղերի» բացման արարողությունը տեղի կունենա Ազգային օպերային թատրոնում, իսկ փակման արարողությունը՝ «Կարեն Դեմիրճյան» համալիրում: Խաղերը կանցկացվեն 19 անվանակարգերում, որից 17-ը՝ մրցութային. դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ժողովրդական երգեցողություն, ժողովրդական պար եւ այլն: Մասնակցության հայտ է ներկայացվել 14 երկրից: «Պատվիրակությունների օր» ծրագրով Հայաստան ժամանած մասնակից պատվիրակությունները կհյուրընկալվեն ՀՀ 8 մարզում՝ ներկայացնելով իրենց մշակույթը: Հիշեցնենք, որ «Դելփյան խաղերը» սկիզբ են առել մ. թ. ա. 582 թ. եւ խորհրդանշել վիշապ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակը: Դրանք անցկացվել են Դելփյան տաճարի մոտ, այդտեղից էլ ստանալով «Դելփյան խաղեր» անվանումը: «Դելփյան խաղերի» նոր շրջան է սկսվել 20-րդ դարում: 1927 թ. սկսած եւ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հունաստանը վերականգնում է «Դելփյան խաղեր» անցկացնելու ավանդույթը եւ այն կազմակերպում երեք տարին մեկ՝ անտիկ դարաշրջանի խաղերի ստույգ նմանությամբ: ԱՊՀ երկրների «Դելփյան խաղերին» Հայաստանը մասնակցություն է ունեցել 5 անգամ եւ շահել 13 ոսկե, 8 արծաթե եւ 12 բրոնզե մեդալներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել