Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդ ընտրություն՝ լավագույններից

Հունիս 12,2010 00:00

\"\"«Առավոտը» տեղեկացրել էր հունիսի 6-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին, որտեղ այս տարի մրցում են 59 ջութակահարներ ու թավջութակահարներ՝ 21 երկրից: Այսօր եւ վաղը կկայանա մրցույթի երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Խաչատրյանական հանրահայտ կոնցերտների մեկնաբանմամբ երաժիշտները հանդես կգան Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ: Կապվեցինք մրցույթի թավջութակահարների ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի հետ: Անվանի արվեստագետը հաղորդեց, որ մեկ մրցույթում միանգամից 29 բարձրակարգ մասնակցի ինքն առաջին անգամ է հանդիպում: Տիկին Աբրահամյանը համաձայն չէ վերջերս հաճախ հնչող մտքի հետ, թե աշխարհը «երես է թեքել» դասական երաժշտությունից: Նրա հավաստմամբ, այսօր հակառակն են ապացուցում խաչատրյանական մրցույթի մասնակից իտալացի, չինացի, արաբ, մեքսիկացի, գերմանացի, ֆրանսիացի, ռուսաստանցի, հայ եւ այլ ազգերի երիտասարդ թավջութակահարների հրաշալի ելույթները:
Հավելենք, որ մրցույթի երրորդ փուլ են անցել Հասմիկ Վարդանյանը (Հայաստան), Եվգենի Ռումյանցեւը (ՌԴ), Լուկա Մագարիելլոն (Իտալիա) եւ Սամուել Լուցկերը (Գերմանիա): Հարցին՝ ինչո՞ւ իր ուսանող Անժելա Սարգսյանին չհաջողվեց հայտնվել եզրափակչում, այն դեպքում, երբ դասախոսը ժյուրիի նախագահն է, Մ. Աբրահամյանը պատասխանեց. «Ժյուրին օբյեկտիվ է եղել, չնայած, իմ համոզմամբ, Անժելան բավականին հաջող է հանդես եկել»:
Ջութակահարների ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանն էլ փաստեց, որ բարդ էր 30 ջութակահարներից լավագույններին ընտրելը, այնուամենայնիվ, միաձայն ժյուրիի անդամներն առանձնացրել են 5-ին՝ Լուսինե եւ Արա Հարությունյաններին (Հայաստան), Ֆիլիպ Բրետին (Ավստրալիա), Յարոսլավ Նադրձիցկուն եւ Լիա Յոկուպովային (ՌԴ):
Մրցանակաբաշխությունը եւ գալահամերգը կկայանան հունիսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել