Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆ-ԲԻԶՆԵՍ-ԹԱՏՐՈՆ

Հունիս 12,2010 00:00

\"\"Այս ճանապարհն է անցել դերասան Լեւոն Ավետիսյանը

Արվեստում բոլորին չի տրված «առաջին ջութակ» լինելու իրավունքը: «Արվեստին պետք է ոչ միայն բարձրահասակ ծառեր, այլեւ թփեր, որպեսզի «արվեստի անտառի» կերպարն անկատար լինի»,- գրել է Վահրամ Փափազյանը: Ու թեեւ մեծ ու փոքր դերեր արտահայտությունը սխալ է, սակայն դերասան Լեւոն Ավետիսյանը ինչ-ինչ պատճառներով երբեք զուտ առաջատարների շարքում չի եղել: Բայց գալով թատրոն, ամեն ինչ արել է, որպեսզի առաջին հայացքից փոքր թվացող դերակատարումներով նպաստ բերի թատրոնին, լրացնի անսամբլը: Նրան 1980թ. թատրոն է բերել իր հարազատը՝ ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանը եւ նպաստել այն բանին, որ երիտասարդը շփվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծերի հետ, խաղա Խորեն Աբրահամյանի, Հրաչյա Ղափլանյանի, Երվանդ Ղազանչյանի բեմադրած ներկայացումներում, այդ թվում. Ն. Զարյան՝ «Հացավան», Շեքսպիր՝ «Ջոն արքա», Ժ. Հարությունյան՝ «Խաչմերուկ», Ժ. Անանյան՝ «Իմ տունը քո տունը չէ»: Դերասանի մասին խոսելիս հաճախ օգտագործվում է նրա «խարակտերային» լինելը: Այս առիթով հիշենք նաեւ նրա մասնակցությամբ հետեւյալ ֆիլմերը՝ Ֆ. Դովլաթյանի «Երկունք», «Մենավոր ընկուզենի», Հ. Մարգարյանի «Հեղկոմի նախագահը» եւ այլն: Երկար տարիներ Լ. Ավետիսյանին չէինք հանդիպում Մայր թատրոնում, եւ միայն 2009-ից թատերասերը նրան նորից հանդիպեց «Կովկասի կավճե շրջան», «Ծեր տիկնոջ այցը», «Մուսա լեռան 40 օրը» եւ խաղացանկային այլ ներկայացումներում:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դերասանը մեկ առ մեկ հիշեց 1980-1994թթ. Մայր թատրոնում խաղացած իր դերերը: Ասաց, որ անցյալ տարվանից այլեւս իր սիրելի թատրոնում է: Օրերս էլ իրեն կհանդիպենք Շեքսպիրի «Լեգենդ Մակբեթի մասին» (բեմադրիչ՝ Վ. Բադալյան) ներկայացման առաջնախաղին: Դիտարկմանը, թե գուցե կոլեգաներից շատերի նման մտածելով, որ այստեղ այլեւս իր մասնագիտությամբ հեռանկար չկա՝ 90-ականներին հեռացել է հայրենիքից, մեր զրուցակիցը չժխտելով ասվածը, մանրամասնեց, որ 1994-97թթ. ապրել է Գերմանիայում, հիմնել սեփական փոքր բիզնես, սակայն մշտապես մտածել է, որ իր միակ տունը, մեծ հաշվով, թատրոնն է եւ այն էլ՝ Սունդուկյանի անվան: Հարցին, թե երբ 1997-ին վերադարձավ, ինչո՞ւ միանգամից չգնաց թատրոն, արվեստագետն ասաց՝ «այստեղ էլ զբաղվել եմ փոքր բիզնեսով», ու հիշեց, որ երբ իր երեւանյան նոր աշխատավայրում պատահաբար նկատել է Վարդուհի Վարդերեսյանին, անհարմար զգալով՝ ուղղակի «ծլկել» է… Նշեց նաեւ, որ մինչեւ վերադարձը դերասաններ Արմեն Մարությանը, Լորենց Առուշանյանը, Գարիկ Չեփչյանը մշտապես հորդորել են իրեն թատրոն վերադարձի համար, սակայն, իր խոսքերով՝ «մի տեսակ չէի պատկերացնում… Բայց երբ TV-ով տեղեկացա, որ պատրաստվում է բեմադրության «Մուսա լեռան 40 օրը» եւ «Ծեր տիկնոջ այցը», առանց երկար-բարակ մտածելու գնացի թատրոն…»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ թատրոնը տարիներ շարունակ չունի գեղարվեստական ղեկավար, Լ. Ավետիսյանն ասաց. «Կուզեի, որ թատրոնում ամեն ինչ իր տեղում լիներ, ոնց որ այն երանելի ժամանակներում էր: Այսօր թատրոնում ունենք հիանալի երիտասարդներ: Նրանց պարզապես պետք է աճեցնել եւ այն էլ մաքուր, առողջ մթնոլորտում, որի երաշխավորը հենց գեղարվեստական ղեկավարն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել