Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետեւանքով Ռուսաստանի շահերը փաստացի չեն տուժի: «Բնական է, որ մենք ստիպված կլինենք մեր համապատասխան տնտեսական օպերատորների կապերը համապատասխանեցնել այն ռեժիմներին, որոնք ներառված են բանաձեւում»,- «news.am»-ի մատուցմամբ՝ ասել է նախարարը: Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն ապահովել է Իրանի հետ ունեցած իր առեւտրատնտեսական կարեւոր կապերի բացարձակ պաշտպանությունը, նաեւ հավելել, որ «բանաձեւը ոչ մի արգելք չի դնում այդ կապերի վրա, որը ներառում է ոչ միայն «Բուշերի» նախագիծն ավարտին հասցնելը, այլեւ նմանատիպ այլ ռեակտորների զինումը: Նման պլաններ Իրանի հետ մենք ունենք: «Բուշերի» մեկնարկը տեղի կունենա օգոստոսին»: Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչ է լինելու Իրանին՝ C-300 համալիրների մատակարարումների ճակատագիրը, Լավրովն ասել է, թե բանաձեւը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում սահմանափակումներ է մտցնում հարձակողական բնույթի սպառազինությունների հարցում, իսկ պաշտպանողական սպառազինություններին, ինչպիսիք են C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ սահմանափակումները չեն վերաբերում: