Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Ղրղըզստանի հարավում գտնվող Օշ նահանգային կենտրոնում ղրղըզների եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած նոր էթնիկ բախումների արդյունքում 23 մարդ է զոհվել եւ ավելի քան 300-ը վիրավորվել է: Երկրի երկրորդ խոշոր Օշ քաղաքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ ուզբեկներ են, նաեւ Ուզգեն, Կարասույ քաղաքներում ու դրանց մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Անկարգությունները, որոնք ծագել են ագրեսիվ տրամադրված երիտասարդների խմբերի միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո, տարածվել են նաեւ Օշի հարակից մի քանի շրջաններում: BBC-ի մատուցմամբ, քաղաքում նախ՝ ջարդուփշուր են արվել մի քանի բնակելի տներ, ապա նաեւ խանութների ապակիները, ինքնաձիգներից փոխհրաձգություն է եղել, հրկիզվել են մեքենաներ, բայց դրանք մարելու համար հրշեջ մեքենաներ այդպես էլ չեն ժամանել: Տեղի հրշեջ ծառայության պետը պարզաբանել է, թե ահազանգերն այնքան շատ են, որ ծառայությունը չի հասցնում արձագանքել դրանց:
Ուրբաթ գիշեր հեռուստատեսության ուղիղ եթերում Օշի քաղաքապետ Մելիսբեկ Միրզակմատովը քաղաքի բնակիչներին հանգստություն պահպանելու կոչ է արել: Զանգվածային անկարգությունների վայր են մեկնել երկրի ՆԳՆ, ԱԱԾ ղեկավարները, նաեւ քաղաքում ռազմական պարետ նշանակված ՆԳ փոխնախարարը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, կառավարության հատուկ ներկայացուցիչը: Չնայած ղրղըզական իշխանությունների գործադրած ջանքերին, երեկվա դրությամբ վերջիններիս չէր հաջողվել իրավիճակը վերահսկողության տակ առնել: