Թուրքիան, Իսրայելը եւ ճշմարտության պահը
Այսօրվա Թուրքիան մոտ մեկ դար առաջ Օսմանյան կառավարության իրագործած՝ հայ ժողովրդի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժխտման կրողն է: Իսրայելը՝ դրանից մեկ սերունդ հետո կատարված Շոահի կրիչ-պետությունը, վաղուց ի վեր անխղճորեն մեղսակից է եղել հայոց կյանքի եւ հայրենիքի կորստի «ռեալպոլիտիկա»հիմն լուսանցքայնացմանը՝ ընդհուպ մինչեւ մարդկության հանդեպ անհարմար ու «դուրս գրվելիք» ոճրագործությունների ծանոթագրությունների աստիճան:
Թուրք հանցագործը եւ հրեա զոհը՝ պատմականորեն տարբեր լինելով հանդերձ, արդի ժամանակահատվածում հաղթահարել են իրենց անզուգաչափությունը, որպեսզի դարբնեն ռազմավարական մի դաշինք, որտեղ իրավունքին զգետնում է ուժը, իսկ ազգային շահը՝ որքան էլ նեղ լինի, մնում է uber alles՝ ամեն ինչից վեր: Նրանք երկուսն էլ դարձել են իրար նման:
Պետական վարքագծին բարեբախտաբար հավասարակշռում են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ հրեական աշխարհում ապրող բարեգութ այն քաղաքացիները, ովքեր, չնայած թուրք ազգի անվեհեր մեծության կամ Ողջակիզման եզակիության մասին ամբարտավան շարադրանքներին, ըմբռնել են սեփական պատմության հետ առերեսվելու, պատասխանատվություն ստանձնելու եւ ցեղասպանության համամարդկային բնույթից դասեր քաղելու հրամայականը: Արդարամիտ այս մուսուլմաններն ու հրեաները, սակայն, տակավին չեն կարողացել գերակա դառնալ:
Փոխարենը՝ նեոօսմանյան տարատեսակ էրդողաններն ու դավութօղլուներն են, որոնց երկդիմի մոլեգնումը պայմանավորում է տարածաշրջանային վերապնդված հեգեմոնիայի եւ կայսերական ներկայության նրանց խեղաթյուրված մտապատկերը: Միայն թե այս անգամ Ցեղասպանության սույն ուրացողներն իրենց նպատակի խորքերին հասնելու համար չարաշահում են ազատության, մարդու իրավունքների եւ միջազգային օրենքի հայեցակետերը:
Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը սխալ է, եւ այն հանգուցալուծման կարիք ունի: Պաղեստինը՝ Լեռնային Ղարաբաղի հանգույն, վաստակել է ինքնիշխան պետություն լինելու իր իրավունքը:
Բայցեւայնպես նավատորմիղի հանդեպ իսրայելական հակազդեցիկ գործողություն խթանելու՝ Անկարայում զգուշորեն մշակված սադրանքի էությունն ու հռետորությունը մատնում են Թուրքիայի ղեկավարների իրական մտադրությունները, որոնք են՝ ա) տարածաշրջանային խաղաղասիրության հաշվին հետապնդել իրենց իսկ ազդեցության եւ վեհացման պատրանքը, բ) քողարկել իրենց կողմից նույն այն ժողովրդի՝ որպես շախմատային զինվորի, բուն շահագործումը, որին նրանք ցանկանում էին օգնության հասնել հանուն իսլամական համերաշխության, գ) հարմարավետորեն կոծկել իրենց կողմից 1993 թվականից ի վեր Հայաստանի անօրինական շրջափակումը:
Նրանք ներկայացնում են մի պետություն, որը հայերի դեմ ցեղասպանություն գործադրելով՝ ոչնչացրեց մի ողջ քաղաքակրթություն, ինչպեսեւ ասորիների, Պոնտոսի հույների, ապաեւ քրդերի պարագան էր, եւ մինչ օրս իր մեջ չի գտել այն քաղաքական խիզախությունը կամ բարոյական ներուժը, որպեսզի դա ընդունի, ապաշխարի եւ արդար հատուցում տա դրա դիմաց: Մի պետություն, որը, հեռու լինելով ինքնամաքրման եւ ճշմարիտ հաշտեցման որոնումից, իր բռնարգելքներն ու պատերազմին հատուկ այլ ոճիրներն է բերել Ցեղասպանությունից մազապուրծ հայոց մնացորդ հանրապետությանը: Մի պետություն, որը կազմավորվել է հայերի՝ իրենց ազգաժառանգ հայրենիքից բռնի բացառման արդյունքում, եւ, ի վերջո, մի պետություն, որն այսօր օրենքով արգելում է Ցեղասպանության որեւէ հիշատակում եւ «խորքային պետության» հովանավորությամբ մահվան է դատապարտում բոլոր նրանց, ովքեր, ինչպես Հրանտ Դինքը, փնտրում են խաղաղություն եւ հանգուցալուծում՝ ճշմարտության ուղով:
Եվ հիմա բռնապետ դարձած սույն «չափավոր իսլամիստները»՝ Իսրայելի հետ դիրքապայքարելով, իրենց իսկ ծրագրերից եւ մանր միավորների վաստակումից ելնելով, հասցրել են հարուցել օրվա բուն հարցը:
Հրեական շրջանակներում եւ դրանից անդին հավաքական խիղճը «թարմացվում» է, եւ երեւում է, որ աստիճանաբար վեր է հառնում հիշողության Օրվելյան փոսից: Մարդիկ արդեն սկսում են խոստովանել Թուրքիայի՝ ցեղասպան հետագծի վերաբերյալ իրենց հիշողությունները: Ինչ վերաբերում է պարադիգմաներին ու դրանց փոփոխություններին, ապա սա ողջունելի միտում է. ինչպես հայկական ասացվածքն է հուշում՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»:
Սակայն որպեսզի դարակազմիկ այս հիմնախնդիրը հանգուցալուծվի պատմության հետ լիովին հաշտ՝ դրա պատճառային հիմքը պետք է լինի ամուր, իսկ իրականացումը՝ ամբողջական:
Երբեւիցե չպետք է թույլ տրվի, որ անցյալ դարի Հայոց ցեղասպանությունը եւ դրանից ածանցվող վերապրող-պետության անվտանգությունը՝ այստեղ գտնվող իր մայրաքաղաքով մեկտեղ, դառնան քաղաքական ֆուտբոլախաղ երկու նախկին դաշնակիցների միջեւ ընտրովի օգտագործման համար՝ պարզաբանելու իրենց հարաբերություններն ու իրենց «զգեստապահարանների» փոխադարձ պարունակությունը:
Լավ կլինի, որ Թուրքիայի ժողովուրդը նախ սանձահարի, այնուհետեւ շրջադարձ ուղղություն վերցնելով՝ ստիպի երեսպաշտախոս իր արկածախնդիրներին, որոնց ներկայում վարած քաղաքականությունը անմիջական շարունակությունն է Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի՝ երիտթուրքերի այն եռյակի, որը հղացավ ու կյանքի կոչեց Ցեղասպանությունը եւ Հայոց բարձրավանդակի համապարփակ բռնազավթումը: Իրականում թուրքերն իրենք պետք է մտածեն այս հարցի շուրջ:
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Եվրոպային եւ նույնիսկ Իսրայելին, ապա այս ապականված գործը կարող է լինել նրանց նախավերջին պատեհությունը, որպեսզի ազգասպանությունը ճանաչեն իր իսկ անվամբ, ոճրագործ պետությանը պատասխանատվության կանչեն եւ վերջապես երաշխավորեն զոհերի ու նրանց ապրող ժառանգների հասանելիք իրավունքների վերականգնումը եւ վնասից փոխհատուցումը:
Սա պետք է ի կատար ածվի ոչ իբրեւ լավություն կամ ինքնանպատակ լծակների գործիք, այլ որպես պարզ, ուշացած եւ անպատասխան մնացած ճշմարտության ու արդարության պահանջ: Եվ ուրիշ ոչինչ: