Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հունիս 12,2010 00:00

Գյուղերի խոշորացման կառավարության մտադրությունը մի կաթիլ մեղրի պատմության պես զավեշտալի է

\"\"
Այրք, Վերին եւ Ներքին Շորժաներ գյուղերը նույն պատկերն ունեն:

\"\"
Գյուղապետարանի շենքը:

\"\"
Հին եկեղեցի

\"\"
Նախկին փախստականներ, այժմ՝ այրքցի:

\"\"
Այս ճամփեքով անգամ Լենկ Թեմուրն է անցել: Լուրջ:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մասին քիչ բան իմացողներին միշտ թվացել է, թե սա չորուցամաք, անջուր, անծառ ու անծաղիկ շրջան է: Ինձ եւս այդպես էր թվում մինչեւ նախորդ շաբաթ օրը, երբ «ՏԻ-2010» հ/կ-ի նախաձեռնությամբ այցելեցի Վարդենիսի Տաշքենդ (այժմ՝ Այրք), Ներքին եւ Վերին Շորժաներ: Գյուղեր հասնելու համար հատուկ տրանսպորտ է պետք եւ հատկապես՝ «Վիլիս» մակնիշի, քանի որ միջգյուղական ճանապարհներ, որպես այդպիսիք, այստեղ չկան, սարի ճամփա է, քարերի եւ ժայռերի վրայով: Եթե բյուջեից-բանից մի քիչ հասկանում եմ, ապա ենթադրում եմ, որ մարզերին (ավելի հստակ՝ մարզպետներին) բյուջեից ինչ-որ գումար հատկացվում է միջգյուղական ճանապարհների վերանորոգման, այս դեպքում՝ կառուցելու համար:
Շատ կուզեի իմանալ, թե կոնկրետ այս գյուղերի դեպքում այդ գումարը ինչի՞ վրա է ծախսվել:
Կարճ ներկայացնեմ խնդիրը, հետո անցնեմ մանրամասներին: Կառավարությունում է գտնվում մի ծրագիր, որը կոչվում է համայնքների խոշորացման ծրագիր: Դա մոտավորապես նույնն է, ինչ ժամանակին իրականացվեց դպրոցների օպտիմալացման ծրագրով: Այս դեպքում համայնքները միավորվում են՝ ունենալով մեկ ընդհանուր բյուջե, մեկ գյուղապետ, դրանից բխող բոլոր մինուսներով եւ պլյուսներով: Քանի որ պլյուսները շատ չեն, միանգամից նշենք եւ անցնենք առաջ. նորմալ պայմաններում սա վատ բան չէ, եւ պետությունն է շահում, եւ գյուղացին՝ ցաքուցրիվ գուղերը, որոնցում բնակիչների թիվը շա՜տ խղճուկ է, միավորվում են մեկ գյուղի մեջ, մեծանում են, ավելի շատ գումար են ստանում եւ ավելի համախմբված են զբաղվում գյուղացիական տնտեսությամբ: Բայց՝ նորմալ պայմաններում եւ ոչ թե մերի պես գյուղերում եւ մարզերում, որտեղ ամեն մի գյուղապետ մի փոքրիկ ֆեոդալ է գյուղացու գլխին, իսկ ամեն մարզպետ՝ մե՜ծ ֆեոդալ:

Այրք կամ հին Տաշքենդ
Տաշ-քենդ թուրքերեն բառ է եւ նշանակում է քարի գյուղ, ադրբեջանաբնակ նախկին գյուղը այսօր բացառապես հայաբնակ է եւ անունն էլ համապատասխանաբար փոխված: Այս գյուղում այրեր եւ քարանձավներ շատ կան, անգամ խորհրդային տարիներին ծրագիր է եղել այս այրերի մեջ ռեստորան կառուցել՝ չեն հասցրել:
Այս գյուղի գյուղապետը միակն էր, որ փողկապը վզին՝ նստել էր իր գյուղապետական աթոռին եւ չիջավ ներքեւ լավ տանտիրոջ նման՝ իրեն հյուր եկածներին դիմավորելու: Գյուղապետարանի մոտ կանգնած էր նրա «Ջիպը» եւ համարներից միանգամից պարզ դարձավ, թե ինչպիսի քաղաքական հայացքների կրող է գյուղապետ Շաբոյանը, իհարկե՝ «Բարգավաճ»: Նկատի ունեցեք, որ Գեղարքունիքի մարզպետը եւս «Բարգավաճ» է: Մանրուք է, բայց՝ կարեւոր, քանի որ մյուս երկու գյուղերի գյուղապետերից մեկը հանրապետական է, իսկ Վերին Շորժայի գյուղապետը հայտարարեց, թե ինքն անկուսակցական է, բայց մեզ թվաց, թե Հանրապետականին է հարում: Քաղաքական կոալիցիա ասվածը պարզ ու շիտակ գյուղացիները չեն ընկալում, իրենք գիտեն՝ ով ով է: Իսկ կոալիցիաները համարում են ավելորդություններ:
Այրք գյուղի բնակիչները բաժանվել են երկու մասի՝ գյուղապետի թիմը, մոտ տասը մարդ, եւ ընդդեմ գյուղապետի թիմը՝ մի քիչ ավելի մեծ, կան նաեւ չեզոքներ, որոնց սոցիալական վիճակն այնպիսին է, որ ոչ գյուղապետն է նրանց հետաքրքրում եւ ոչ էլ նրա քաղաքական հայացքները:
Խնդիրը հետեւյալն է՝ այս գյուղապետը եւ մարզպետը ամեն ինչ անում են, որպեսզի գյուղերի միավորման դեպքում հենց Այրքը դառնա կենտրոն: Գյուղացիների ասելով, գյուղապետի ընտրություններին ընդառաջ (եթե միավորումը տեղի ունենա, այստեղ գյուղապետի ընտրություններ են անցկացվելու)՝ գյուղապետն արդեն լրացուցիչ «մեռած հոգիներ» է գրանցել գյուղում: Մեր հարցին, թե գյուղը քանի՞ բնակիչ ունի, ընկեր Շաբոյանը թարս-թարս նայելով ասաց՝ 400: Մինչդեռ դրսում հավաքված գյուղացիներն արդեն հասցրել էին պատմել, որ իրենց գյուղում «քարը պատռի-տրաքի՝ 70 ընտրող կա» եւ երբ ես փորձեցի հստակեցնել՝ արդյո՞ք գյուղապետի ասած թիվը ուռճացված չէ, պարոն Շաբոյանը որոշեց նեղանալ եւ խնդրեց՝ «թեմայից դուրս հարցեր չտալ»:
Այրքի գյուղացի, մեկ այլ Շաբոյան պատմեց. «Եթե գյուղապետը տեղի բնակիչ լինի, իր երեխան գյուղում գնա դպրոց, գոնե սիրտը կցավի գյուղի համար, տեսեք, թե ինչ բուժկետ ունենք»: Նկատի ուներ բուժկետի անմխիթար վիճակը: Գյուղը դպրոց ունի մոտ 60 աշակերտով: Գազ չունի, եւ հարցին՝ միավորման դեպքում ստանալիք նոր գումարները գյուղապետը ինչի՞ վրա է պատրաստվում ծախսել, ասաց, որ մանկապարտեզ կկառուցի: Բայց մանկապարտեզահասակ երեխա այս գյուղում գրեթե չկա, իսկ գազի կարիք կա, ճանապարհն անմխիթար վիճակում է: Այս գյուղում հիմնականում Կիրովաբադից, Բաքվից գաղթած հայեր են ապրում: Նրանց մի մասը շուրջ 20 տարի ապրում է գյուղում, բայց, իրենց ասելով, «քանի որ գյուղապետը չի ուզում մեր վրա էլ արեւ լինի, գրանցում չի տալիս, գիտի, որ իրեն չենք ընտրելու»,- պարզաբանեց փախստական Հովիկ Շահնազարյանը:
Գյուղապետի կողմնակիցները համայնքների խոշորացման կառավարության ծրագրին կողմ են, քանի որ իրենց խոստացել են, կամ՝ իրենք են մտածում, որ կենտրոնը հենց Այրքն է լինելու. «Դա մեր ուզելով չի, կառավարության որոշումն է, թող մենք իրանց միանանք, բայց իրանք սարվոր են, գյուղ չեն, հիմա դոշ ծեծելով չի, ոնց որոշեն, էդպես էլ լինելու է»,- բացատրում էր գյուղի քարտուղար ներկայացած այրքցին:

Ներքին Շորժա
Այս գյուղ հասնելը շատ ավելի դժվարին էր, եւ այդ պատճառով գյուղապետ Էդիկ Մինասյանը անձամբ էր եկել իր «Վիլիսով» մեզ իր գյուղը տանելու: Դուք երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես են կռվում գյուղապետերը՝ ափսոս, արժե տեսնել: Այրքի գյուղապետը որոշեց, թե ինքը պետք է մեզ տանի, Ներքին Շորժայինը իրենն ասաց եւ գոռգոռոցը տարածվեց գյուղով մեկ: Ափսոս, իրար չծեծեցին, լավ թամաշա կլիներ:
Մի խոսքով, Մինասյանի «Վիլիսով» հասանք Ներքին Շորժա, որն ավելի շուտ «յայլա» է, քան՝ գյուղ: Նախկին ադրբեջանաբնակ, ավերված տներով, մոտ 35 մարդ-ընտրողով: Իսկ բնությունը այս խեղճության հետ կապ չուներ, բնությունը ուղղակի պայթում էր կանաչի եւ մաքուր օդի ավելցուկից: Ավելի հրաշալի բան՝ ինձ թվաց չեմ տեսել: Այստեղ իմ ու քո չկար, բոլոր 35-ն էլ գյուղապետինն էին, եւ հատուկ կարգով շարվել էին գյուղի միակ եկեղեցում. այն փայտե շինություն է, որի քարերը հին, դեռ չպարզված տարիքի վանքի քարեր են, գետնին՝ անհիշելի ժամանակների գերեզմանաքարեր, եւ սրան գյուղացիները անուն են տվել՝ Արամավանք, քանի որ մի քանի տարի առաջ Արամ անունով նախկին գյուղապետն է այս վանքը գտել: Մի խոսքով՝ այստեղ հավաքված կանայք միանգամից դասը սերտածի պես ասացին, որ իրենք մի գյուղապետ են ճանաչում՝ Էդիկին, ընկեր Մինասյանին եւ ուրիշ ոչ մեկին չեն ուզում տեսնել:
Այրքից «դեսանտ» էր իջել Ներքին Շորժա: Նկատելով, որ «թշմանի» գյուղի բնակիչը հետեւում է լրագրողի հետ հանդիպմանը, գյուղապետ Էդիկը սկսեց գոռգոռալ, ժողովրդական-բանահյուսական մի քանի խոսք ասաց, որից հետո մարդուն ուղղակի «արտաքսեցին» գյուղից:
Ներքին եւ Վերին Շորժաներում վստահ են, որ «բարգավաճական» մարզպետն ամեն ինչ անում է՝ Այրքը կենտրոն դարձնելու համար:

Վերին Շորժա
Ներքին Շորժայից դեպի Վերինը մոտ 8 կիլոմետր է, սարի ճամփա, ոլոր-մոլոր, բայց գյուղի «շիբինի» հանքից Վերինի գյուղապետը՝ Արտյոմ Երանոսյանը, լցրել է ճանապարհին եւ այս գյուղի ճամփան թեպետ հեռու, բայց ամենից բարեկարգը թվաց: Եվ եթե չլինեին ավերված տները, որ փռված էին ալպիական սարերի մեջ, կթվար՝ դրախտը հենց այդ գյուղն է, որ կա: Բնությունը պարզապես մաքրամաքուր էր, ծաղիկների եւ խոտի բույրը գժվելու չափ դուրեկան եւ փայլուն՝ փոշու ոչ մի հատիկ, կեղտի ոչ մի նշույլ: Բայց սա համեմատաբար փոքր գյուղ է, մարդիկ բնակվում են սարվորի կարգավիճակում, անասուններ են պահում, կաթ ու մածուն սարքում, իսկ նրանց երեխաները Վարդենիսում են դպրոց գնում, քանի որ այս գյուղը ինչպես եւ Ներքին Շորժան, դպրոց չունի: Իրականում գյուղը երեխաներ էլ չունի, քանի որ այստեղ ապրում են տատիկ-պապիկներ-սկեսուր-սկեսրայրներ, իսկ տղաները եւ հարսները Վարդենիսում են:
Սա ավելի շուտ սար է, օդա, յայլա, ինչպես կուզեք՝ հասկացեք:

Ի՞նչ է նշանակում համայնքների խոշորացում
Հայաստանյան իրավիճակի համար դա նշանակում է ավելորդ կռիվ-դավի, թշնամություն, լրացուցիչ գումարների ակնկալիք, իսկ խոշոր հաշվով՝ ոչինչ: Քանի որ խոշորացված թե առանձին՝ գյուղացիների վիճակը վիճակ չէ: Մի մասը տրակտորիստ կամ կոմբայնավար է, մյուս մասը՝ նախրապան եւ հովիվ, երրորդները՝ օրավարձով ապրողներ: Եվ միայն մեկը՝ ֆերմեր, բիզնեսմեն, գործատու, գյուղ «նայող», գյուղի արոտավայրերի, խոտհարքների եւ անասունների սեփականատեր: Սակայն այս «մեկը» վաղուց գյուղում չի ապրում, շրջկենտրոնում եւ Երեւանում տներ ունի, իսկ գյուղը օգտագործում է իր սեփական բիզնեսի ծաղկման եւ բարգավաճման համար: Ճիշտ է, բոլոր երեք գյուղապետերն էլ հանդիսավոր հայտարարում էին, թե համայնքը ընդունել են պարտքերի մեջ թաղված եւ հիմա ոչ մի պարտք չունեն, աշխատավարձերը վճարված են, եւ գյուղացին իրենցից գոհ է:
Ամենից զավեշտալին այն է, որ թեպետ համայնքների խոշորացման ծրագիր կա, այնուամենայնիվ, այս ամսի 27-ին Այրք գյուղում անցկացվելու է ավագանու ընտրություն: Եվ եթե խոշորացման ծրագիրը ներդրվի շուտով (ինչը շատ հավանական է), ապա հետաքրքիր է, թե ո՞ւմ են պետք լինելու ավագանու այս ընտրությունները;

Ի վերջո՝ ինչի՞ց է սկսվում հայրենիքը
Երեւանի ասֆալտի վրա մեծացածի համար հայրենիքը, ցավոք, այդ ասֆալտն է, իր բարեկարգ բակը, էլիտար դպրոցը, համակարգիչը եւ էլի այս կարգի բաներ: Իսկ հեռավոր գյուղերում բնակվողների համար հայրենիքը շատ կոնկրետ է՝ այն հողն է, որի վրա ապրում են, այն հողը, որը մշակում են եւ որից ստացած ցորենը կամ կարտոֆիլը «ասֆալտի հարուստները» գնում են իրենցից ջրի գնով: Շորժաներից այն կողմ՝ մի ոտքի ճամփա քեզ կտանի Քարվաճառ կամ Քելբաջար: Ուրեմն, ինչի՞ց է սկսվում հայրենիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել