Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր գնահատականը չէ, որ երջանկացնում է

Հունիս 12,2010 00:00

Խոսք ավարտական դասարանների աշակերտներին

Սիրելի դպրոցական: Վաղուց էի մտմտում քեզ խոսք ուղղել, եւ վերջին ողբերգական իրադարձությունը ստիպեց ինձ հանդես գալ քեզ ուղղված խոսքով: Ուղղակի ցնցված եմ մանկահասակ աղջկա ողբերգական մահով: Նա հաստատ, ինչպես իր հասակակից բոլոր աղջիկներն ու պատանիները, երազներ ուներ, որ անկատար մնացին, մի ամբողջ կյանք ուներ ապրելու, սիրահարվելու եւ սիրելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, ընտանիք ձեւավորելու… Սակայն, ավաղ, դրանք այդ երեխայի համար չիրականացան: Եվ սա այն դեպքն է, որ ես որեւէ մեկին կամ անձանց մեղադրելու ցանկություն չունեմ: Իրավաբանության մեջ մի աքսիոմա կա. մեղքը լինում է անհատական: Սակայն այս դեպքում, կարծում եմ, որ մեղավոր ենք բոլորս՝ ես, ամենից առաջ ես, որ չեմ հանդիպել այդ աղջնակին եւ նրան համոզել, որ երջանկությունը ընդունելության քննությունում բարձր գնահատական ստանալու մեջ չէ, ծնողները, որ չեն կարողանում դիմակայել այս կեղծ մրցակցությանը, դպրոցը, որ վաղուց դադարել է մատաղ սերնդին ճշմարիտ, ազնիվ ոգով դաստիարակել, եւ առհասարակ հասարակությունը, որ իր այլանդակ բարքերը տարածում է մատաղ սերնդի դեռեւս անմեղ հոգիներում: Եվ ես հաստատ համոզված եմ, որ մենք բոլորս մի պահ պիտի կանգ առնենք եւ հասկանանք, որ այսպես չի կարող երկար շարունակվել: Եվ մենք բոլորս պիտի մեզ հաշիվ տանք, թե ինչպես ենք պահելու մեզ ու մեզ հետ նաեւ այն երկիրը, որի առջեւ պատասխանատու ենք ազգովին: Ես մտադրություն չունեմ  կրթական համակարգի ռեֆորմ առաջարկել, սակայն մի բանում ուղղակի համոզված եմ՝ պետք է իսպառ վերացնել ընդունելության քննություն կոչվող այլանդակությունը: Չկա եւ չի կարող լինել արդարություն, եթե կա այդ հասարակական քաղցկեղը, որ կոչվում է ընդունելության քննություն: Ես հասկանում եմ, որ շատերը կամ քչերը տաքացնում են իրենց ձեռքերը այդ չարիքի վրա, սակայն մինչեւ չսթափվենք եւ օր առաջ չազատվենք այդ հրեշից, լավ ներկա, առավել՝ լավ ապագա ունենալու հույս անգամ չենք ունենալու:
Բայց ունենք այն, ինչ ունենք, ուստի, սիրելի աշակերտ, պիտի վերադառնամ քեզ ուղղված իմ խոսքին: Մի ընկեք այս կործանիչ հորձանուտը, մի դարձեք նրա գերին: Իմացեք, որ ընդունելության քննություններում բարձր գնահատականը չէ, որ ձեզ երջանիկ է դարձնելու: Երջանկությունը հոգեկան անդորրի մեջ լինելն է: Երջանկությունը ընտանիքում հանգիստ խղճով ապրելն է, երջանկությունը սիրող եւ սիրված լինելն է՝ ծնողներից, ընկերներից, ուսուցիչներից: Երջանկությունը մարդկանց եւ Աստծուն հավատալն է: Երջանկությունը իր կյանքը ճիշտ ապրելն է:  Ընդունելության քննություններ չարիքում՝ ցածր գնահատական ստանալը ամենեւին էլ դժբախտության արտահայտություն չէ: Դեյլ Քարնեգին՝ ամերիկյան խոշորագույն հոգեբան-փիլիսոփան ասել է. «Երբեք մի համարեք ձեզ դժբախտ: Հիշեք, որ միլիոնավոր մարդիկ կան, որոնք թեւ չունեն, որոնք ոտք չունեն, որոնք տառապում են անբուժելի հիվանդություններով, որոնք ծնողներ չունեն, որոնք գլխավերեւում ծածկ չունեն…»: Հիշիր այս խոսքերը, սիրելի աշակերտ, ցածր ես ստացել, չես ընդունվել, մի տանջիր քեզ, պատրաստվիր՝ մյուս տարի կընդունվես: Գուցե լավը դա է, ավելի հասուն կլինես եւ հետագա սովորելն էլ հեշտ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել