Երեկվա քննական օրը առատ էր միջադեպերով
ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի 35 քննակենտրոններում 8755 դիմորդ երեկ գիտելիքներն էր ստուգում անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուներից: Առավոտը բարի չէր ԵՊԲՀ քննակենտրոն՝ անգլերենի քննության եկած դիմորդ Վահագն Սիմոնյանի համար: Քննության մեկնարկից րոպեներ առաջ հանկարծ ԿԳ նախարարի անունից հրաման «իջեցվեց», որ նշված դիմորդը իրավունք չունի քննության մասնակցել, քանի որ նա դպրոցն ավարտել է էքստեռն կարգով (չսովորելով 11 տարի), այնինչ, այս տարի նախարարի հրամանով «թռիչքներն» արգելվում են: Քննակենտրոնից երիտասարդին դուրս հրավիրելու պահին նա քթի տակ ասում էր՝ միեւնույն է, «պարզելու ենք»: Սակայն նա արդեն քննություն է հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ «12» ցուցանիշով, իսկ թե ինչո՞ւ է նախարարությունը որոշել նոր «հայտնաբերել», որ անօրինականություն է տեղի ունեցել, կարող է բազում մեկնաբանությունների տեղիք տալ: Համենայնդեպս, դրսում խմբված ծնողների մեջ տարածված էր այն վարկածը, թե դա «նախարարություն-ԳԹԿ» անհամաձայնության արդյունք է… ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը միջադեպին արձագանքեց. «Թռիչքն» անցյալ տարի արգելվել է ԿԳ նախարարի կողմից, սակայն չենթարկվելով որոշմանը՝ ծնողների մի մասը, համաձայնության գալով ոչ բարեխիղճ դպրոցի տնօրենների հետ, կատարել է այդ քայլը: Օրենքը խախտվել է, ու մեղավորները դրա համար կպատժվեն: Երկու օր առաջ նախարարությունից ցուցակ ենք ստացել, որով խնդրվում էր նման անօրինական փաստաթղթերով 39 երեխաներին հանել մեր բազայից: Մենք էլ հայթայթել ենք նրանց հեռախոսահամարները, զանգել, զգուշացրել, որ չգան քննության»: Կրկին խոսվեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի խայտառակ պատկերի եւ բողոքարկման կազմակերպման թերությունների մասին: Ծնողներին եւ լրագրողներին հատկապես հետաքրքրում էր՝ ովքեր են այն 2 «գիտունիկները», որոնք հայոց լեզու եւ գրականություն առարկայից ստացել են «20» միավոր: Պարոն Խաչատրյանն էլ նեղսրտեց՝ ինչո՞ւ են բոլորը հետաքրքրված այդ երեխաներով, անձամբ ինքը նրանցով հետաքրքրվել է այն ժամանակ, երբ ծնողներից մեկը զանգել-բողոքել է, թե իրենց տուն են զանգել եւ հարցրել՝ արդյոք ի՞ր երեխան է «20» ստացել:
Բժշկականի բակի դարպասների ճաղերից այն կողմ խմբված էին բորբոքված ծնողները: Առիթը հիմնականում հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերն էին: Մի ծնող էլ վրդովվեց. «Դժգոհ եմ երկրից էլ, ԳԹԿ-ի տնօրենից էլ, նախարարից էլ, հայոց լեզվի քննությունից էլ, որ երեխաներին «փսիխալագիչեսկի սթրես են տվել»: Ախր շատ լավ պարապած երեխաս «6» է ստացել»:
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննակենտրոնից դուրս եկող դիմորդների կարծիքով՝ թեստերը հեշտ էին: Ֆրանսերենի քննություն հանձնած Նելլին ասաց. «Առաջադրանքները նորմալ ձեւակերպված էին, ամեն ինչ ծրագրային էր, թեստը՝ հեշտ»: Ֆրանսերեն հանձնած Արփինեն էլ նկատեց. «Առաջադրանքները ծրագրային էին, բայց բառեր կային՝ չէինք հասկանում»: Անգլերենի թեստի մասին դիմորդ Հայկն ասաց. «Հայերենից հետո թվում էր՝ անգլերենը եւս դժվար կլինի, բայց հեշտ էր»: Իսպաներենի թեստերի մասին Արուսը հայտնեց. «Թեստերը հեշտ հաղթահարելի էին»: Հայկուհին էլ խոսեց գերմաներենի մասին. «Չէինք սպասում, որ հայերենի դժվար թեստերից հետո այսքան հեշտ թեստեր կկազմեն»: Իսկ իտալերենի մասին Անահիտը նշեց. «Իհարկե, թեստը հեշտ էր, բայց կային վրիպակներ, երկակի պատասխան ունեցող առաջադրանքներ»: Այս ընթացքում թիվ 20 դպրոցի քննակենտրոնում խռովություն ծագեց: Մի քանի ծնողներ ցանկանում էին աղմուկով մտնել քննակենտրոնի նախասրահ, իսկ պատասխանատուները փորձում էին կարգուկանոն հաստատել, ծնողներն էլ սկսեցին «հարձակում» գործել: Մենք էլ մեր մասնագիտական պարտքն էինք կատարում, բայց հանկարծ վրդովված ծնողներից մի տիկին սկսեց մազերս քաշքշել, մի երիտասարդ էլ ֆոտոխցիկը ձեռքիցս խլեց, որ ջնջի նկարները: Մի խոսքով՝ կարծես ոչ թե քննակենտրոնի նախասրահում, այլ «մարտի դաշտում» լինեինք: Զուգահեռաբար մի ծնող էլ դժգոհում էր, թե իր քրոջ աղջկան խոսելու համար հեռացրել են քննասենյակից, այնինչ, նա չի խոսել, իրեն են անընդհատ հարցեր տվել ու աղմուկ արել:
Հ. Գ. Երեկ ողջ օրը փորձում էինք «էքստեռնիկների» մասով պարզաբանում ստանալ ԿԳՆ-ից, սակայն գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը տարբեր պատճառաբանություններով խուսափում էր ներկայացնել նախարարության տեսակետը: Հավելենք, որ «թռիչքով» ավարտածների թվում են Երեւանի 195, 97, Արմավիրի թիվ 5, Երասխավանի, Սարդարապատի,Պտղունքի, Քարակերտի թիվ 2 դպրոցների աշակերտները: