Քննական եւ թեստային աժիոտաժը մեկնաբանում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը
ԳԹԿ խորհրդի եւ քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» հայտնեց, որ երեկ իրենց մոտ է եկել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անսպասելի խնդրանքով. ցանկացել է իմանալ հայերենի քննությունից 20 ստացած երկու դիմորդների ազգանունները: «Պարզվում է՝ այդ մարդուն հանգիստ չեն տալիս, անընդմեջ զանգում են ու ամենուր հայտարարում, թե Ռուբեն Հայրապետյանի տղան է 20 միավոր ստացածներից մեկը, այն դեպքում, երբ երեխան քննության չի եկել, որովհետեւ այդ օրը հիվանդանոցում պառկած է եղել: Չգիտես ինչու, բոլորը մտածել են, որ եթե Ռուբեն Հայրապետյանի տղան է, ուրեմն հայրը միջնորդություն է արել, փողեր է տվել կամ ինչ-ինչ ազդեցությամբ իր տղային 20 է նշանակել տվել… Ես բոլորից մի բան եմ խնդրում՝ հանգիստ թողեք քննություն հանձնողներին ու նրանց բարձր միավորները…»,- ասում է ԿԳ փոխնախարարը: Նրա խոսքով, ի տարբերություն անցած տարիների, «այս տարի քննություններին բոլոր դահլիճներում հաճելի պահվածք է եղել երեխաների կողմից, առաջվա նման ինչ-ինչ էպիզոդներ ստեղծելու, իրար հուշելու անհանդուրժող փորձեր չեն եղել, չհաշված հատուկենտ դեպքերը»:
Նա համաձայն չէ մանկավարժներից մեկի՝ ասուլիսում հնչեցրած այն մտքին, թե դիտմամբ բարդ թեստեր են կազմում, որպեսզի աշակերտները հարկադրված պարապեն կրկնուսույցների մոտ. «Մեր աշակերտները հանգիստ խղճով սպասում են, որ վերջին 1-2 տարին պարապեն ու քննությունից բարձր ստանան: Մեկ տարում հնարավոր է գիտելիքներ ձեռք բերել հիշողության մակարդակով, եթե հարցերը լինեն ստանդարտ: Իսկ երբ թեստերն այն որակի են, որտեղ պիտի ոչ թե հիշողությունը, այլ մտածողությունը աշխատի, որպեսզի երեխան սկսի խորը հասկանալ հարցը ու գիտելիքները օգտագործելով պատասխանել, աշակերտները հույսները չեն դնի միայն վերջին տարին պարապելու վրա: Ի սկզբանե կսկսեն անհանգստանալ ու որակյալ սովորել: Եվ եթե որակյալ սովորեն, վերջին տարում ոչ մի կրկնուսույցի կարիք էլ չի լինի»: Մ. Մկրտչյանը հայտարարում է, թե այս տարի քննությունների արդյունքներից ու թեստերի որակից հիմնականում բողոքողները այն կրկնուսույցներն են, որոնց աշակերտները ցածր են ստացել ու իրենք օբյեկտիվ պատճառներ ունեն ցույց տալու, որ իրենց պարտքը կատարել են. «Զուտ թվացյալ է, թե բողոքարկման լուրջ ալիք կա: Տեսե՛ք, թե ովքեր են հանդես եկել մամուլով եւ հեռուստատեսությամբ: Իսկ այն հեղինակավոր մասնագետները, ովքեր առնչություն ունեն թեստաբանության հետ, թեստեր են գրել, ժողովածուներ հրատարակել, համագործակցել են ԳԹԿ-ի հետ, առայժմ չեն խոսել: Օրինակ՝ Յուրա Ավետիսյանը եւ Սեյրան Գրիգորյանը հանդես չեն գալիս, եւ դա պատահական չէ: Նրանք գործը հասկացող մարդիկ են՝ իրենք էլ էին անցած տարի նման իրավիճակում: Նույնը՝ Դավիթ Գյուրջինյանը: Իհարկե, դա չի նշանակում, թե նրանք ասելու բան չունեն, ուղղակի շտապելու բան չունեն»: