Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր համայնքը 2008 թվականին համայնքի բյուջեի եւ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ֆինանսավորմամբ նախաձեռնեց հանդիսությունների սրահի շինարարությունը: Սակայն ֆինանսների սղության պատճառով շինարարությունը կիսատ մնաց: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քոփերաթիվ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» եւ «Շեն» հ/կ-ի կողմից իրականացվող «Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի» շնորհիվ շինարարությունն ավարտին է հասցվել: Հունիսի 10-ին կայացավ հանդիսությունների սրահի բացումը: Ժապավենը կտրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիսությունների սրահի հատակը սալիկապատվել է, տեղադրվել են կախովի առաստաղներ, կառուցվել՝ արդիական խոհանոց եւ զուգարան, լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրվել, տարածքը ցանկապատվել է: Հանդիսությունների սրահը կահավորվել է փայտե սեղաններով եւ աթոռներով: Շինարարական ողջ աշխատանքը 5 ամսվա ընթացքում կատարել են համայնքի 23 բնակիչները: Հանդիսությունների սրահի գործարկումից հետո 3 այգեձորցի կաշխատեն այստեղ: Դահլիճի վարձակալությունից ստացված գումարները ոչ միայն կապահովեն հանդիսությունների սրահի ինքնածախսածածկումը: 3850 բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը կարծում է, որ սրահի վարձակալությունից ստացված գումարները կօգնեն համայնքի 2 մանկապարտեզների կարիքները հոգալուն: