Մասիսի թիվ 1 մանկապարտեզի աշխատողներն ու քաղաքի բնակիչները պնդում են՝ մանկապարտեզի տարածքը վաճառվել է առանց քաղաքի ավագանու գիտության:
Մասիսի թիվ 1 մանկապարտեզի բակը իսկական շինհրապարակ է դարձել: Դեռ անցյալ տարի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի որոշմամբ, մանկապարտեզի տարածքի մեծ մասը՝ մոտ 2000 քմ, վաճառվել է քաղաքի 5 բնակիչների: Նոր սեփականատերերն էլ՝ շինարարության թույլտվության թուղթը ձեռքներին, արդեն մի քանի օր է շինարարության հրահանգներ են տալիս: Քանդել են խաղահրապարակի ցանկապատը, կարուսելները, կտրել՝ ծառեր: Արդեն մի քանի օր է՝ մանկապարտեզի աշխատակիցները պայքարում են սեփականատերերի դեմ, փորձում կասեցնել, խոչընդոտել շինարարական աշխատանքները: Մի խումբ ոստիկաններ էլ եկել են սեփականատերերի իրավունքները պաշտպանելու եւ քաշքշելով ու գոռոցներով հեռացնում են շինարարությանը խոչընդոտողներին: Երեկ շինհրապարակում հասարակական կարգը պաշտպանելու եկած ոստիկանները փորձեցին խոչընդոտել նաեւ մեր աշխատանքը:
«Ո՞վ իրավունք ունի երեխաների տարածքը խլելու, աշխարհի ուշադրության կենտրոնում երեխաներն են, իսկ Հայաստանում երեխաների տարածքն են խլում, մանուկների տարածքը դարձրել են առ ու վաճառքի առարկա»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց մանկապարտեզի մոտակայքում գտնվող խանութի սեփականատեր Օլգա Սարգսյանը՝ ցույց տալով ձեռքի վնասվածքը, որը, նրա խոսքով, ոստիկանների «մեղմ» քաշքշուկի հետեւանք է: Տիկին Սարգսյանը հավատացրեց, որ շինարարության թույլտվությունը գաղտնի է տրվել. «Ոչ մի անգամ ավագանին չի իմացել աճուրդ-մաճուրդի մասին: Գրում են, էսինչ կոդի տակ ուղարկում են, մեր քաղաքում սենց բաներ շատ են անում, հեսա դիմացի դպրոցի տարածքից էլ վաճառեցին»: Տարածքի նոր սեփականատեր Կարապետ Վարդանյանն էլ հակադարձեց, թե աճուրդի հայտարարությունը կարդացել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում. «Ամեն ինչ օրինական է եղել, եթե օրինական չլիներ, ինձ ինչպե՞ս կտային շինթույլտվության ու սեփականատիրոջ փաստաթուղթ, հիմա նրանք ապօրինաբար խոչընդոտում են մեր իրավունքները, մի բանով օգնեք՝ մեր գործն անենք»: Պարոն Վարդանյանը չցանկացավ նշել, թե ինչ գումարով է գնել տարածքը: Ասաց միայն՝ թանկ արժեր:
Մանկապարտեզի տարածքի վաճառքի առնչությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը այս տարվա մարտի 16-ին «Առավոտին» պարզաբանել էր, որ մանկապարտեզի աշխատակիցներն ու հարեւանությամբ բնակվող քաղաքացիները սխալ են: «Իրականությունն այն է, որ երբ տարիներ առաջ նախատեսվել է նոր մանկապարտեզ ու դպրոց կառուցել, լուսավորության մինիստրությանն է հատկացվել 2,5 հեկտար տարածք: Երբ համակարգը փոխվեց, նոր քարտեզագրում արվեց 2000 թվականին, որի ժամանակ մանկապարտեզին մնաց 6178 քմ տարածք, իսկ մնացածը դարձավ համայնքային սեփականություն: Այդ տարածքը, որն արդեն մանկապարտեզինը չէ, դրվեց աճուրդի եւ վաճառվեց: Ոստիկանները տարածքի ցանկապատը կոտրելու հանձնարարական են ստացել: Կարեւոր չէ՝ ով է տվել հանձնարարական, տրվել է նրա համար, որ մարդկանց սեփականության իրավունքները պաշտպանվեն: Ասեմ, որ այդ որոշումն օրինական է, որը ես չեմ տվել, ես ինձ թույլ չէի տա այդ տարածքը վաճառել»,- ասել էր Մասիսի գործող քաղաքապետը:
Մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանն էլ «Առավոտին» ասաց, որ երբեւէ չի տեսել մանկապարտեզի գույքային սեփականության փաստաթուղթը. «Մեր պայքարն էլ ապօրինի շինարարության դեմ նման է ձայն բարբառո հանապատի… ինչի՞ տեղ է անցնում դա: Տարածքը ոչ մեկի սեփականությունը չէ, համայնքինն է: Ի՞նչ է նշանակում քաղաքապետարանի դիմացի այգին 99 տարով վարձակալության է տրված, հնարավոր է հետ վերցնել վարձակալից, իսկ համայնքին պատկանող տարածքը վաճառվել է, վերադարձման ենթակա չէ: Սեփականատերերը գալիս են ու գնում, բայց համայնքը, ախր, մնում է, չէ՞: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի համայնքապատկան մանկապարտեզի շահերը: Կարծում եմ, որ կկարողանան օրենքը շրջանցել… նաեւ մանկապարտեզի շենքը կվաճառեն»: Աննա Սարգսյանի խոսքով, շինարարության թույլտվությունը օրենքի ակնհայտ շրջանցում է, որը արել են լավ մտածված ու գաղտնի ձեւով. «Ոչ ոք դրա մասին տեղյակ չի եղել, նույնիսկ՝ քաղաքի ավագանին»: