ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման եւ մոնիտորինգի բաժնի պետ Կարո Ամյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն վարչության պետի՝ 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանի համաձայն, ընդգրկվել է պետական գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ, եւ ի կատարումն ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 22.04.2008թ. թիվ 4/0034/02/08 վճռի՝ Գյումրի քաղաքի «Արա-96» անհատական ձեռնարկությունից 26.06.2008թ. ընդունել է ձեռնարկության 7756667 դրամ արժողության փականագործական արհեստանոցը եւ այն գրավոր պայմանագրով ի պահ է հանձնել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Վաչագան Մարտիրոսյանին: Կարո Ամյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չունենալով որեւէ իրավասություն, 2008թ. օգոստոս ամսին Վաչագան Մարտիրոսյանին ցուցում է տվել ապամոնտաժել վարչության հաշվեկշռում գտնվող փականագործական արհեստանոցը: Արդյունքում պետությանը պատճառվել է 7 756 667 դրամի առանձնապես խոշոր չափի նյութական վնաս:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում 2010թ. մայիսի 17-ին հարուցվել է թիվ 18118410 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: