ՀՀ գլխավոր դատախազությունում նախօրեին ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ դատախազության եւ «Հանրային ցանց» միավորման միջեւ, որում կամավոր սկզբունքներով միավորվել են ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ:
Հուշագրով կողմերը կարեւորել են հատկապես հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացման խթանումը, քրեական քաղաքականությանն առնչվող՝ հասարակության մեջ առկա խնդիրների վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը: Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է հանրային խորհրդատվության, հանրային քննարկումների միջոցով նպաստելու վերոնշյալ սկզբունքների շուրջ համագործակցության առավել սերտացմանն ու այդ ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովմանը: «Դատախազությունը կարեւորում է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ձեւավորված կառուցողական աշխատանքային փոխհարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ հանրությանը հնարավորինս մատչելի ու հասանելի դարձնելը»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ հուշագիրը կնպաստի հետադարձ կապի զարգացմանը, որով հանրությունը կփորձի իր ներկայացուցիչների միջոցով իր ձայնը, առաջարկներն ու կարծիքները ներկայացնել իրեն հետաքրքրող այն խնդիրների շուրջ, որոնք առնչվում են դատախազական գործունեությանը: Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Նշենք, որ 2009 թվականին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել էր նաեւ «ՀՀ դատախազության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ մասնակցային համագործակցության» կարգը, որով սահմանված են հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղենիշներն ու սկզբունքները: Իսկ ընդամենը երկու օր առաջ հանդիպում տեղի ունեցավ Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ակնհայտ դարձավ, որ դատախազական գործառույթների եւ ներկայիս լիազորությունների իրական շրջանակների վերաբերյալ կա թյուր պատկերացում: Շիրակի մարզում, օրինակ, մեկ ամիս հետո կկազմակերպվի սեմինար-քննարկում՝ դատախազական գործառույթների վերաբերյալ: