Չարաշահումներ՝ երեխաների հաշվին
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Շիրակի մարզում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 15 դեպք, այդ թվում՝ յուրացման կամ վատնման 2 դեպք, առեւտրային կաշառքի 4 դեպք, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5 դեպք եւ կաշառք ստանալու 4 դեպք: Շիրակի մարզի դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ չարաշահումներով առանձնացել են հատկապես մանկապատանեկան հաստատությունները, մանկատները:
Յուրացում՝ «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի»
տնօրենի կողմից
«Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարագ Աբաջյանը նույն մարզադպրոցի մարզիչներ Գրիշա Բարսեղյանի եւ Հովհաննես Բրուտյանի՝ Հայաստանի Հանրապետությունից երկարատեւ բացակայության պատճառով վերջիններիս, աշխատանքից ազատելու փոխարեն, պահել է որպես մարզադպրոցում աշխատող մանկավարժների՝ յուրացնելով Գրիշա Բարսեղյանի բացակայության՝ 01.07.2005թ.-08.
12.2005թ., 13.05.2006-17.
11.2006թթ., 15.06.2007-15.
12.2007թթ. ժամանակահատվածներում դուրս գրված եւ վճարված 412.482 դրամը եւ Հովհաննես Բրուտյանի բացակայության՝ 21.09.2007-28.07.
2008թթ. ժամանակահատվածում դուրս գրված եւ վճարված 319 099 դրամը: Կեղծ ձեւակերպումներ կատարելով եւ 01.
06.2008թ. մինչեւ 01.11.2008
թ. որպես ուսմասվար հրամանագրելով կնոջը՝ Անուշ Ավդալյանին, 01.04.2006թ. մինչեւ 01.08.2008թ. որպես հավաքարար՝ եղբոր կնոջը՝ Անահիտ Հովհաննիսյանին, իսկ այնուհետեւ 01.08.2008թ. մինչեւ 01.11.
2009թ. մորը՝ Անահիտ Աբաջյանին, որոնք փաստացի դպրոցում չեն աշխատել, յուրացրել է նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր առմամբ 1 660 192 դրամը:
Բացի այդ՝ 2005-2009թթ. ուսումնական տարիների ընթացքում կազմել է մարզադպրոցի կեղծ պաշտոնական փաստաթղթեր եւ տվյալ մարզադպրոցի հետ կապ չունեցող մի շարք երեխաների, ինչպես նաեւ այլ դպրոցների՝ Մարալիկի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի, ՀՀ Գյումրու քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի եւ ՀՀ Գյումրու քաղաքապետարանի «Հունահռոմեական ըմբշամարտի» մի շարք սաների միաժամանակ ձեւակերպել է որպես իր տնօրինած մարզադպրոցի մարզիչներ Գրիշա Բարսեղյանի, Հովհաննես Բրուտյանի եւ Ռուբեն Նազարյանի սաների՝ ուսումնական խմբերում երեխաների կեղծ քանակ ցույց տալու, դպրոցում տվյալ մարզաձեւերը ձեւականորեն պահպանելու եւ վարձատրություն ստանալու նպատակով:
Փաստի առթիվ 2010թ. հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Չարաշահումներ՝ թիվ
1 գիշերօթիկ
հաստատությունում
Գյումրու «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Սուքիասյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, այն է՝ կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով գների վերանայման վերաբերյալ դրույթները, 2007-2008թթ. ընթացքում 53 անուն սննդամթերք՝ 4 մատակարար ընկերություններից ձեռք է բերել շուկայական գներից ընդհանուր առմամբ 1 241 029 դրամ ավելի գնով: Այդպիսի գործողություններով Գ.Սուքիասյանը էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը: Փաստի առթիվ 2010թ. հունվարի 25-ին հարուցվել է թիվ 61200610 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Չարաշահումներ՝
«Երեխաների տուն»
ՊՈԱԿ-ում
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի: Այն է՝ կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով գների վերանայման վերաբերյալ դրույթները՝ 2007-2008թթ. ընթացքում 97 անուն սննդամթերք 2 մատակարար ընկերություններից ձեռք է բերել շուկայական գներից ընդհանուր առմամբ 4 093 165 դրամ ավելի գնով, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը:
Փաստի առթիվ 2010թ. հունվարի 25-ին հարուցվել է թիվ 67200710 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
Չարաշահումներ՝
«Ֆրիտյոֆ Նանսենի
անվան մանկատանը»
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ռուբեն Մարկոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի: Նա կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով գների վերանայման վերաբերյալ դրույթները՝ 2007-2008թթ. ընթացքում 111 անուն սննդամթերք 2 մատակարար ընկերություններից ձեռք է բերել շուկայական գներից ընդհանուր առմամբ 2 408 343 դրամ ավելի գնով: Այդպիսով, իր գործողություններով նա էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը:
Փաստի առթիվ այս տարվա փետրվարի 16-ին հարուցվել է թիվ 61201310 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: