Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարվեցին 2 բազկաթոռով

Հունիս 12,2010 00:00

ԼՂՀ խորհրդարանի մեծամասնությունը հանձնաժողովների հարցում ագահություն չդրսեւորեց

\"\"

Հունիսի 10-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը: Նստաշրջանին ներկա էին նաեւ ճանաչողական այցով Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ վերընտրվեց Աշոտ Ղուլյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար), նախագահի տեղակալ՝ Արթուր Թովմասյանը («Ազատ Հայրենիք»): Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին պատգամավորներ Վահրամ Աթանեսյանը (արտաքին հարաբերությունների), Վլադիկ Կասյանը (արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի), Ժաննա Գալստյանը (պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի), Գագիկ Պետրոսյանը (պետական-իրավական հարցերի), Զոյա Լազարյանը (սոցիալական ոլորտի հարցերի), Արպատ Ավանեսյանը (ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի) եւ Արմեն Սարգսյանը (գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի):
Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած եւ 14 մանդատ ստացած «Ազատ Հայրենիք» կուսակցությունից մշտական հանձնաժողովների ղեկավարներ են ընտրվել ընդամենը 2-ը, այն դեպքում, երբ 10 պատգամավորական մանդատ ստացած ԱԺԿ-ից հանձնաժողովների ղեկավարներ են ընտրվել 3-ը, միաժամանակ խոսնակ է վերընտրվել այդ կուսակցության ղեկավարը: Հանձնաժողովների մեկական նախագահ ունեն պատգամավորական 6 մանդատ ունեցող ՀՅԴ-ն եւ 3 անկախ պատգամավորներից կազմված «Արցախատուն» խմբակցությունը:
ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության հաղթանակը փաստորեն դարձել է «պյուռոսյան հաղթանակ»: Տեղի վերլուծաբան-փորձագետները դա բացատրում են ընտրարշավի ժամանակ այդ կուսակցության կողմից պետական ռեսուրսների շռայլ օգտագործմամբ, որը դժգոհությունների տեղիք է տվել ոչ միայն քաղաքական շրջանակներում…
Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Արցախում սպասվում են կադրային լուրջ տեղաշարժեր: Եթե փաստենք, որ Արցախում ընդդիմություն գոյություն չունի, կարելի է ենթադրել, որ այդ փոփոխությունները հազիվ էական ազդեցություն ունենան այդ երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել